Ախալքալաքի քաղաքապետարանը մարտի 13-ին մրցույթ է հայտարարել Աղմաշենեբելի փողոցի բազմահարկ շենքերից մեկի բակում զբոսայգու և մարզադաշտի կառուցման համար:

Աղմաշենեբելի փողոցում, ոստիկանության շենքի դիմաց զբոսայգու կառուցման էլեկտրոնային մրցույթի նախնական գումարը (ներառյալ ԱԱՀ) կազմում է 165 153 լարի, իսկ նույն վայրում մարզասարքեր տեղադրելու գումարը՝ 27 525 լարի։ Ընդհանուր առմամբ, բյուջեից 192 678 լարի է հատկացվել, որպեսզի բազմահարկ շենքերն ունենան մի վայր, որտեղ երեխաներն ու մեծերն իրենց ժամանակը կանցկացնեն։ Առաջարկների ընդունման վերջնաժամկետը մարտի 24-ն է։

Skver

Զբոսայգին իր մեջ ներառում է ուղիներ ինչպես հետիոտնի, այնպես էլ հեծանիվների համար։ Խաղահրապարակը բաժանվելու է երկու մասի՝ ուսումնական և մանկական։ Կտեղադրվեն նաև նստարաններ և աղբամաններ, կլինեն լուսավորությունն ապահովող լապտերներ, նաև խմելու ջրի շատրվաններ։ Անվտանգության համար հրապարակի մի մասը կծածկվի ռետինե ծածկով։ Մանկական ժամանցի տարածքում կտեղադրվի էկոլոգիապես մաքուր նյութերից պատրաստված բազմաֆունկցիոնալ ատրակցիոն։

Մարզասարքերից բացի նախատեսվում է տարածքի կանաչապատում: Այդ նպատակով էլ բերրի հող է լցվելու սիզամարգերի համար, ինչպես նաև զբոսայգու տարածքում ծառեր կտնկվեն՝ հիմնականում ցրտադիմացկուն ծառեր ու թփեր:

Skver 2

Նշենք, որ այդ տարածքում մեծ դաշտ կա, որտեղ կան հին սովետական ​​ճոճանակներ ու հորիզոնական ձողեր: Տարիներ առաջ այս խաղադաշտի մի մասը վերածվել էր մարզադաշտի, սակայն երեխաներն այդտեղ չեն ուզում խաղալ, քանի որ փոշին շատ է։

Կոտրված, ոլորված ճոճանակներն ամռանը ու աշնանը «խեղդվում են» մոլախոտերի բարձրության մեջ:

Անցյալ տարի Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը Jnews-ին տված հարցազրույցում ասել էր, որ քաղաքապետարանը նախատեսում է տարածքը վերածել երեխաների համար խաղահրապարակի։ Երկու տարում նախատեսվում է երեխաների համար խաղահրապարակ կառուցել, քանի որ մինչ այդ նախագիծ չկար: Ընդգծենք, որ Աղմաշենեբելի փողոցի բազմահարկ շենքերն Ախալքալաքի ամենախիտ բնակեցված տարածքներից է, բայց մինչև հիմա բնակիչների համար շատ քիչ բան է արվել այս տարածքում:

Ploshadka

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝

Ախալքալաքի ամենախիտ բնակեցված թաղամասում երեխաների համար խաղալու տեղ չկա