Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը սկսել է «Օգնություն գյուղին» ծրագրով ( այսուհետ՝ ՕԳԾ) աշխատանքների իրականացման մրցույթների հայտարարումը։ Ախալքալաքի մունիցիպալիտետի 64 գյուղ ընտրել է 83 առաջնահերթություն: Երեք գյուղ փոխել են իրենց առաջնահերթությունները։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը սկսել է, ըստ նախագծերի պատրաստվածության, փուլ առ փուլ, հայտարարել ՕԳԾ-ի աշխատանքների իրականացման մրցույթները։
«Նախագծերը հնարավորինս ստուգում ենք, մնացածը կերեւա աշխատանքների ընթացքում, ընթացքում ինչ-որ հարցեր, այնուամենայնիվ, առաջանում են: Միատիպ աշխատանքները հայտարարում ենք միասին։ Ուղղակի պայմանագրեր դեռ չենք կազմում, դա անում ենք հիմնականում, եթե աշխատանքների համար դիմողներ չեն լինում, կամ ինչ-որ խնդիրների դեպքում»,- ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, ճարտարապետության եւ շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը։
Այս տարի գյուղերը հիմնականում մեկական աշխատանք են ընտրել։ Առաջնահերթ աշխատանքներն են փողոցների լուսավորությունը, խմելու ջուրը, ոռոգման ջուրը, ինչպես նաև երիտասարդական կենտրոնները։
Երեք՝ Մյասնիկյան, Պտենա և Կաջո գյուղերը, փոխել են իրենց սկզբնական ընտրված առաջնահերթ աշխատանքները։
Մյասնիկյան գյուղը սկզբում ընտրել էր մարզադահլիճի կառուցում, սակայն այն փոխել է խմելու ջրի համակարգի վերականգնմամբ։
Պտենա գյուղը, սկզբում ընտրված գերեզմանոցի ցանկապատումը և խմելու ջրի վերականգնումը, փոխել է խողովակների գնմամբ։
Կաջո գյուղը երիտասարդական կենտրոնի շենքի վերականգնումը փոխել է լրիվ ակումբի շենքի վերականգնման համար շինանյութ գնելով, որտեղ գտնվում է նաև երիտասարդական կենտրոնը։
«Օգնություն գյուղին» ծրագրով Ախալքալաքի մունիցիպալիտետին հատկացվել է 922 հազար լարի։ Յուրաքանչյուր գյուղ ստանում է գումար, որի համար գյուղում ժողովների միջոցով որոշվում է, թե ինչի վրա այն ծախսել։ Ախալքալաքի մունիցիպալիտետում ամենափոքր գումարը 10000 լարի է, իսկ ամենամեծը՝ 20000 լարի։
Նշենք, որ Վրաստանում ՕԳԾ-ն իրականացվում է ամեն տարի՝ սկսած 2011 թվականից, միայն 2017 և 2018 թվականներին է ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել։