Ախալքալաքի շրջանի հեռավոր գյուղերից մեկում՝ Ազավրեթում ապրող Մարի Մելքոնյանը «թաքուն» զարգացնում է իր արվեստը։ 24-ամյա աղջիկը նախընտրել է Հայաստանից վերադառնալ հայրենի գյուղ և այստեղ զբաղվել իր սիրած գործով։ Ստեղծել է իր փոքրիկ բիզնեսը, երազում է քաղաքում կենտրոն ունենալու մասին:
Երբ մտնում ես Մարիի սենյակ, այն ավելի շատ արվեստանոցի է նման։ Մի կողմում գորգ գործելու դազգահն է, որը ինքն է հավաքել, հին փայտյա օրորոցից, մյուս կողմում՝ վրձիններն ու ներկերը, խնամքով հավաքած նկարները, հուլունքներն ու գունավոր թելերը։
Նկարել մանկուց է սիրել: 9-րդ դասարանն ավարտելուց հետո տեղափոխվել է Հայաստան և կրթությունն այնտեղ շարունակել: Սովորել է հումանիտար քոլեջում, կիրառական արվեստ, դիզայներ, այնուհետև՝ վերադարձել գյուղ, չնայած նա հնարավորություն է ունեցել մնալու այնտեղ և զբաղվելու գորգագործությամբ, բայց նախընտրել է վերադառնալ գյուղ:
Հետ վերադառնալուց հետո անգործ չի մնացել, վերնաշապիկների վրա նկարում է, պատվերներ է ընդունում: Արդեն ունի իր ինստագրամյան էջը, որտեղ հանրայնացնում է իր կատարած աշխատանքները և հենց այդ հարթակում էլ ընդունում է պատվերներ։
Օգտագործում է հատուկ, որակյալ ներկեր, որոնք լվանալուց չեն մաքրվում։
Դրա հետ մեկտեղ գյուղում աշակերտներ ունի, արվեստ է դասավանդում, եղել է այնպիսի շրջան, որ մինչև 12 աշակերտ է ունեցել։ Հիմա նրանց թիվը քիչ է, քանի որ բոլորը զբաղված են գյուղական գործերով։
Երեխաները հիմնականում գունանկար և գծանկար են սովորում։
Մարին ասում է՝ մայրիկին է քաշել: Նրա մայրը նույնպես շատ է սիրել նկարել, բայց տարբեր պատճառներով չի կարողացել համապատասխան կրթություն ստանալ:
«Ես սիրում են նկարել, բայց ավելի շատ ուզում էի, որ մայրիկիս չիրականացված երազանքը, իմ միջոցով իրականացնեի։ Նա ուզեցել է սովորել այս ուղղությամբ, բայց չի կարողացել»:
Հիմնականում տարբեր նկարներ է անում, նախընտրում է մանրանկարչությունը, նաև գորգեր է գործում, հուլունքագործության կողքով էլ անտարբեր չի անցնում՝ հասցրել է գլխազարդեր ու կրծքազարդեր պատրաստել։
Նկարում է տարբեր ոճի, տարբեր գույների ու երանգների մեջ, չունի սահմանափակումներ։ Օգտագործում է յուղաներկ, գուաշ և այլն:
Ինչքան էլ օրը հագեցած լինի գյուղական գործերով և ծնողներին օգնելով, միևնույնն է, Մարին փորձում է այդ ընթացքում «թաքնվել» իր սենյակում, օրվա տպավորությունները թղթին հանձնելու համար։ Ասում է, իր գործում հեշտ բան չկա, բայց եթե ամեն ինչ սիրով ես անում, հեշտ է թվում:
Մարի Մելքոնյանը երազում է քաղաքում իր սեփական կենտրոնն ունենալու մասին, որպեսզի իր աշխատանքները կարողանա մարդկանց ներկայացնի: