Ախալքալաքում դեռ կան գյուղեր, որտեղ մարդիկ ստիպված են ապրել առանց որոշ կարևորագույն պայմանների: Ափնիան և Գոգաշենը պատկանում են այդ գյուղերի շարքին:
Այս գյուղերը լինելով տարբեր, ունեն նույնատիպ խնդիրներ, որոնց հետ մարդիկ կարծես համակերպվել են:
Այդ խնդիրներից են ճանապարհների անմխիթար վիճակը, հասարակական տրանսպորտի բացակայությունը, ինչի պատճառով մարդիկ ստիպված են լինում մինչև Ախալքալաք հասնելու համար տաքսիներին վճարել 40-45 լարի:
Բնակիչների համար մտահոգիչ խնդիր է նաև ջրի հարցը, բացի ոռոգման ջուր չունենալուց մարդիկ անգամ տներում չունեն խմելու ջուր:
Իսկ ամենակարևոր խնդիրը համարում են գազաֆիկացումը, կամ, ավելի ճիշտ, դրա բացակայությունը: Երկու գյուղում էլ չկա գազ, այդ պատճառով մարդիկ տան տաքացման համար օգտագործում են վառելափայտ:
Ափնիա գյուղի բնակիչ Գիվին նշում է. «Բավականին բարձր գնով ձեռք ենք բերում վառելափայտ, իսկ պետության կողմից որպես օգնություն ստանում ենք չնչին քանակի փայտ»:
Իսկ Գոգաշեն գյուղի դպրոցի տնօրեն Էթերի Նադիրաձեն նշում է, որ գյուղում ցավալի խնդիր է նաև գործազրկությունը: Երիտասարդները, որոնք բարձրագույն կրթություն են ստանում, չեն ուզում գյուղ վերադառնալ, քանի որ գյուղում չկա աշխատատեղ:
«Ինչ վերաբերում է դպրոցին, այն ևս ունի բազում խնդիրներ, օրինակ այն, որ չկա սպորտդահլիճ և աշակերտները սպորտի դասին սահմանափակվում են դասարաններում շախմատ խաղալով, իսկ դրսում խաղալ հնարավոր է միայն տաք եղանակին, այն էլ միայն բակում, այլ ոչ թե խաղահրապարակում»:
Jnews-ը դեռ կանրադառնա այս գյուղերում առկա խնդիրների լուծման հարցին:
Լիդա Ալմասյան