Ախալքալաքի քաղաքապետարանը քննարկում է գյուղերում և քաղաքում մունիցիպալ հասարակական տրանսպորտի ցանց ստեղծելու խնդրագիրը։ Այս խնդրագիրը Սակրեբուլոյին է ներկայացրել «Բաց սահմաններ» (Jnews) կազմակերպության երիտասարդական խումբը: Սակրեբուլոն հավանություն է տվել խնդրագրին և ուղարկել այն քաղաքապետարան՝ հնարավոր լուծումներ մշակելու համար:
Մայիսի 17-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլո է ներկայացվել «Բաց սահմաններ» (Jnews) կազմակերպության երիտասարդական խմբի խնդրագիրը, որի հեղինակը Հնազիկ Ավետիսյանն էր։ Խնդրագիրը վերաբերում էր քաղաքում և շրջանի գյուղերում մունիցիպալ տրանսպորտային ցանց ստեղծելուն։
Մայիսի 18-ին տեղի էր ունեցել Սակրեբուլոյի բյուրոյի նիստը, որտեղ պատգամավորները քննարկել էին խնդրագիրը։ Բոլորը համակարծիք էին, որ, իրոք, մունիցիպալիտետը հասարակական տրանսպորտի կարիք ունի, և հավանություն էին տվել մունիցիպալ տրանսպորտի ցանց ստեղծելու գաղափարին։ Հանդիպմանը խոսվել էր նաև Ախալցիխեի մունիցիպալիտետի փորձի մասին, որն այժմ զբաղվում է նման ցանցի ստեղծմամբ։
Սակրեբուլոյի բյուրոն հավանություն է տվել խնդրագրի գաղափարին, և խնդրի լուծման հնարավոր ուղիներ մշակելու համար, փաստաթուղթն ուղարկել քաղաքապետարան։
JNEWS-ը քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե ինչ որոշում է կայացվել խնդրագրի հարցով։ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աշխատակազմի Տնտեսական զարգացման և գույքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խնդրագիրը դեռ քննարկվում է։
Քննարկվում են բոլոր հարցերը՝ սկսած պահանջվող գումարից մինչև հասարակական տրանսպորտի հնարավոր երթուղին։ Քննարկման մասին լրացուցիչ տեղեկություններ դեռևս չեն բարձրաձայնվում։