«Քայլեր» վերականգնողական կենտրոնը ստեղծվել է 2022 թվականի ապրիլին՝ «Mercy Corps»-ի և Եվրամիության աջակցությամբ։ Կենտրոնն առաջարկում է ծառայություններ 0-ից 18 տարեկան երեխաների և դեռահասների համար՝ տարբեր ախտորոշումներով (աուտիզմի սպեկտրի խանգարում, վարքի խանգարում, խոսքի խանգարում, զարգացման ուշացում և այլն):
Կենտրոնում աշխատում են տարբեր մասնագետներ՝ վարքագծային թերապևտ, լոգոպեդ, հոգեբան, մոտ ապագայում կլինի նաև ֆիզիոթերապևտ։ Կենտրոնը ներկայումս սպասարկում է 35 շահառուի։ Տարբեր պետական և մունիցիպալ ծրագրերի շրջանակներում վերականգնողական կուրսերը լիովին անվճար են։
Կենտրոնի հիմնադիրների մոտավոր տվյալներով՝ հարյուրավոր երեխաներ կան, որոնք նման ծառայությունների կարիք ունեն, պարզապես ծնողները ժամանակին չեն մտածում՝ երեխային զարգացման գործում օգնելու ուղղությամբ։ Կենտրոնը սպասարկում է ինչպես տարբեր ախտորոշումներով, այնպես էլ առանց ախտորոշման առկայության երեխաների։
Մեկ կուրսի սովորական գինը, չհաշված պետական ծրագրերը, ժամը 20 լարի է, մինչդեռ Թբիլիսիում նմանատիպ ծառայությունների արժեքը ժամը 40 լարի է:
Օրինակ՝ եթե ծնողը կասկածներ ունի, որ երեխայի զարգացումը չի ընթանում ըստ տարիքի և միջավայրի, ապա վերջինս կարող է դիմել կենտրոն, որտեղ դասընթացների և գնահատման գործիքների միջոցով կարող են որոշել՝ երեխան խնդիրներ ունի՞ թե ոչ։ Առաջին 1-2 օրը կենտրոնը պարապմունքներն անցկացնում է անվճար, եթե հայտնի չէ, թե արդյո՞ք երեխան պարապմունքների կարիք ունի։ Այնուհետև, անհրաժեշտության դեպքում, կենտրոնի աշխատակիցներն արդեն երեխային կուղղորդեն ավելի լայն ծառայություններ ունեցող կենտրոն կամ կլինիկաներ։
Ելնելով տեղի մտածելակերպից՝ «Քայլեր» կենտրոնը խստորեն պահպանում է երեխայի անանունությունը։
«Քայլեր» կենտրոնն ակտիվորեն համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ՝ Իաշվիլիի անվան կլինիկայի, Վրաստան «Առաջին քայլեր»-ի, Նյարդային համակարգի զարգացման կենտրոնի, որոնց հետ միասին քննարկվում է սահմանափակ կարողություն ունեցող անձի կարգավիճակը, պլանավորվում են երեխայի զարգացման փուլերը։ Կենտրոնն ակտիվորեն համագործակցում է նաև Ախալքալաքի քաղաքապետարանի հետ։
Կենտրոնի հիմնադիր Գիորգի Մելիքիձեի խոսքով, ամենատարածված խնդիրներից մեկը հասարակության և ծնողների պասիվությունն է, ինչի պատճառով էլ կենտրոն են դիմում շատ ուշ տարիքում, դե իսկ երեխայի մոտ լուրջ խնդիրներ են առաջանում։
«Ուստի մենք հորդորում ենք ծնողներին, եթե երեխայի մոտ նկատում են խոսքի ուշացում, հիպերակտիվություն, տեսողական կոնտակտի բացակայություն, անվանը չարձագանքելը, պարզ հրահանգներին չհետևելը, մեկուսացած վիճակում խաղալը և այլն, ժամանակին զանգահարե՛ն մեզ՝ գնահատելու և պլանավորելու համար բուժումը»,- ասում է նա։
Երկրորդ խնդիրը մասնագետների պակասն է։
Երրորդ խնդիրը կապված է սահմանափակ կարողության կարգավիճակի ընձեռման հետ։ Կարգավիճակ նշանակելու համար ծնողներին ստիպում են երեխաներին տանել Թբիլիսի, ինչը կապված է հավելյալ ծախսերի հետ։
Չորրորդ խնդիրը սահմանափակ կարողություն ունեցող անձանց համար հարմարեցված գոտու բացակայությունն է։ Կենտրոնը գտնվում է բնակելի շենքի երկրորդ հարկում գտնվող բնակարանում, ինչը հաճախ դժվարացնում է երեխաների տեղաշարժը։