Կորոնավարակին զուգահեռ աշխարհում սկսվեց տարածվել տարատեսակ լուրեր, ճշմարտություններ ու հորինվածքներ, լեգենդներ ու իրական պատմություններ: Դրանցից շատերը ստեղծվում էին նպատակաուղղված: Մարդիկ սկսեցին ապատեղեկատվություն տարածել սոցիալական տարբեր հարթակներում, նպատակն էր մարդկանց ուղղորդել, կառավարել: Այս ամենից անմասն չմնաց նաև Ջավախքը: Այստեղ ևս բազմաթիվ լեգենդներ հյուսվեցին կորոնավարակի մասին: Jnews-ը որոշեց գնալ այդ լեգենդների հետքերով և ճշտել որոշ դետալներ։

Fake №1. Այսպիսով առաջին ապատեղեկատվությունը, որը տարածվեց Ջավախքում դա այն էր, որ Բավրա գյուղում մահացածի բարեկամներին առաջարկել են, որ նրանք ասեն, որ իրենց հարազատը մահացել է հենց կորոնավարակից, որպեսզի պետությունից որոշակի գումար ստանան։

Bavra

Fact №1. Գյուղամեջում հավաքված տղամարդիկ JNEWS-ին ասացին, որ նման բան չեն լսել: Ճիշտ է, կորոնավարակի ընթացքում մահվան դեպք գրանցվել է, սակայն գումարի մասով խոսակցություններ չեն եղել։ Բայց այս գյուղում հաստատում են, և բոլորն են լսել, որ ամբողջ աշխարհով այդպես է՝ կորոնավարակով մահացածների ընտանիքներին գումար են տալիս, որպես փոխհատուցում:

Կորոնավարակից մահվան դեպքերի մասին տարածվող այս ապատեղեկության մասին Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն ասում է.

«Եթե կորոնավարակով մահացած անձի ընտանիքը սոցիալապես անապահով է, հնարավոր է, որ տեղական ինքնակառավարման մարմիններն օգնեն, ես հաստատ չեմ կարող ասել։ Ինչ վերաբերում է այն բանին, որ Վրաստան արտասահմանից գումար հասնի մահվան դեպքերի հետ կապված, այդպիսի բան չկա, դա իրականությանը չի համապատասխանում»։

Fake №2. Հաջորդ լենգենդը Ղադոլար գյուղում են պատմում։ Ըստ գյուղում տարածված լեգենդի՝ կորոնավարակից մահացած տղամարդու փոխարեն կնոջ դի են ուղարկել։

Fake №2. Jnews-ը հասավ նաև Ղադոլար։ Գյուղի մասնագետը հաստատեց, որ գյուղում կորոնավարակից մահվան դեպք գրանցվել է, սակայն մահացածի մարմինների շփոթման դեպք չի եղել, քանի որ մահացածին գյուղ հասցնելու համար ինքն է անձամբ եղել Թբիլիսիում, և հաստատ նման բան չի եղել:

Ghadolar gyugh

Fake №3. Նինոծմինդաի շրջանի Դիլիֆ գյուղում կորոնավարակից մահացածի դիակի արտաշիրիման վերաբերյալ ևս տարբեր լուրեր են շրջանառվում: Տարածված ապատեղեկատվությունն այն մասին էր, որ մահացած կնոջ ընտանիքի անդամները արտաշիրիմում պետք է կատարեն, որպեսզի ապացուցեն, որ նրանց հարսը կորոնավարակից չի մահացել։

Dilif gyugh

Fake №3. Jnews-ի լրագրողները եղան մահացած կնոջ տանը, խոսեցին ընտանիքի անդամների հետ: Մահացածի ընտանիքի անդամները բացառեցին արտաշիրիման մասին խոսակցությունները, սակայն պնդում են, որ իրենց հարսը կորոնավարկից չի մահացել։

Օրեցօր կորոնավարակի տարածմանը զուգահեռ սկսվեցին տարածվել նմանատիպ պատմություններ, այդ պատմությունները ժամանակի հետ նոր ընթացք ու ձևավորում են ստանում՝ ելնելով վարակի տարածումից և դրա դեմ պայքարի մեթոդներից:

Fake №4. Տարեսկզբին (2021 թվականին) Ախալքալաքի շրջանում տարածվեց նորություն, որ Կորխ գյուղից երկու քույր Վրաստանի սահմանին պատվաստվել են, նրանցից մեկը տեղում մահացել է, մյուսն էլ կոմայի մեջ ընկել։

Fake №4. Այս լուրը նույնպես բացարձակ սուտ էր, սկզբից մինչև վերջ հորինված, քանի որ տեղեկության տարածումից միայն շաբաթներ անց Վրաստանն ստացավ պատվաստանյութ: Ինչպես նաև բացառվում է սահմանին պատվաստումը:

Հարկ է նշել, որ Վրաստանը պատվաստանյութի բրիտանա-շվեդական AstraZeneca արտադրության 43 200 դեղաչափ առաջին անգամ ստացել է մարտի 13-ին։ Իսկ մարտի 15-ից Վրաստանում սկսվեցին կորոնավարակի դեմ պատվաստումները:

Կորոնավարակի և պատվաստանյութերի մասին տարածված ապատեղեկատվությունների մասին կատարած հետազոտության արդյունքները է ներկայացնում մեդիա զարգացման հիմնադրամի (MDF) տնօրեն Թամար Կինծուրաշվիլին։

«Տարածվող միֆերը տարբեր են և ժամանակի ընթացքում փոփոխվում են։ Սկզբից հիմնական շեշտադրությունը տրվում էր այն բանի վրա, որ վարակն արհեստական է ստեղծված։ Իսկ հիմա, երբ արդեն պատվաստանյութը պատրաստ է, սկսվեցին խոսակցությունները կողմնակի ազդեցությունների վերաբերյալ, խոսակցություններն այն մասին են, որ չիպեր է պարունակում, մեզ չիպավորելու և հսկելու են, Բիլ Գեյթսն է այս ամենի մեջ խառնված և իհարկե պարզ է, որ ֆինանսապես ուժեղ խմբերը փորձում են որոշ չափով մասնակցել այդ ամենին և նրանց հարկավոր է մարդկանց վերահսկել։ Այդպիսի խոսակցությունները նաև կապ ունեն կրոնական թեմաների հետ, օրինակ. երբ ասվում է, որ պատվաստանյութը պարունակում է «լուցեֆերին», ինչն էլ բուժիչ միջոց է, սակայն այս դեպքում պատվաստանյութի մեջ չի օգտագործվում։ Ըստ միֆերի այն կապ ունի «լուցիֆեր» սատանայի հետ և փորձում են այդպես հասարակությանը հսկել», – ասում է Կինծուրաշվիլին։

Նա նշում է նաև, որ տարածվող լեգենդները կրում են նաև քաղաքական բովանդակություն, որոնք կապ ունեն նաև Լուգարի լաբարատորիայի հետ։ Այս դեպքում Ռուսաստանի շահն է, նրանք հայտարարություններ են անում, որ թույլ չեն տա կենսաբանական զենքի փորձարկում իրենց սահմանների մոտակայքում, նմանօրինակ լեգենդները քաղաքական դրդվածություն ունեն։

Սակայն կա քաղաքականության հետ բացարձակ կապ չունեցող միֆեր և վախեր, Կինծուրաշվիլին կարծում է, որ այս դեպքում տեղեկատվության պակասն է պատճառը, քանի որ բնական է, երբ հարցը վերաբերում է մարդու կյանքին, նրանք ավելի զգույշ են: Եվ այսպիսի բամբասանքները միֆեր են, որովհետև գիտական հիմնավորում չունեն։

«Կա նաև հակալիբերալ դիսկուս կրոնական լիդերների, որոնք նույնպես վախեր են պարունակում, որոնք նույնպես տարածում են, որ պատվաստումը ինչ-որ հսկման մեխանիզմ է, որպեսզի աշխարհում նոր կարգ ու կանոն սահմանվի, և հաճախ հոգևորականներն են ներգրավված սրանում։ Կան նաև տնտեսական շահեր ներկայացնող խմբեր, կան «քլիք» կայքեր, որոնք կենտրոնացած են տնտեսական շահույթի վրա և նույն մեթոդներն են կիրառում։ Սակայն բոլոր դեպքերում վերջնական արդյունքը նույն է»,- ավելացնում է նա։

Ինչպես նշում է մասնագետը՝ կեղծ տեղեկատվություն է տարածվում նաև պատվաստանյութի պարունակության վերաբերյալ։ Օրինակ՝ «Փֆայզերը» և «Մոդերնան» ոչ ավանդական եղանակով են պատրաստված, իսկ «Ատռազենեկան» և ռուսական «Սպուտնիկը» ավանդական։ Ինչպես նաև Ռուսաստանն ունի իր շահերը, որպեսզի հիմնական շուկա գտնի «Սպուտնիկը», դրա համար էլ յուրաքանչյուր մրցակցի դեմ տարածում է սուտ տեղեկություններ, ինչն էլ ռուսալեզու մեդիայում երևում է։ Չնայած այն հանգամանքին, որ սկզբից «Աստռազենեկայի» և «Սպուտնիկի» միջև համագործակցություն կար։

Ապատեղեկատվություն տարածվեց նաև կորոնավարակի բուժման եղանակների մասին։ Այդպիսիններից էր սխտորով, լիմոնի հյութով և նման այլ եղանակներով բուժումը։

«Այսպիսի սխալ տեղեկատվության նպատակն է, անվստահություն ներշնչել առողջապահական համակարգի հանդեպ և սերմանել որոշակի սպեկտիվիզմ, ինչն էլ տեղեկատվական քաոս է նշանակում։ Ինչպես նաև հաճախ այն հորդորները, որ սահմանված կանոնակարգերին ենթարկվեն, ընկալվում է որպես ավանդույթների դեմ կատարվող գործողություններ, օրինակ. երբ որ խոսակցություններ էին տարվում է Զատիկի ժամանակ փոփոխություն կատարեին ծիասկարգում՝ մեկ գավազանից հաղորդություն ստանալու պահով, քանի որ սա հնարավոր էր առողջության համար վտանգավոր լինել, այս գործողությունը որոշ քահանաների համար հավատքի փորձություն է համարվում։ Որոշները շնչադիմակները համարում են ստրկության խորհրդանիշ»,- հավելում է Կինծուռաշվիլին։

Նրանց կատարած հարցումներից երևում է, որ հոգևորականները մեծ ազդեցություն ունեն բնակչության շրջանում նաև պատվաստման հարցում։

Մասնագետը ինչպես խոսում է այն գործողությունների մասին, որոնցով հնարավոր է որոշ չափով դիմակայել տարածվող ապատեղեկատվությունների դեմ։

«Նրա համար, որ միֆերը ազդեցություն չունենան հասարակության վրա պետությունը ժամանակին պետք է տեղեկատվություն տարածի այն վախերի վերաբերյալ, որոնք գոյություն ունեն հասարակության մեջ, քանի-որ եթե կա տեղեկատվական վակում, ապա վախերն ավելի կխորանան։ Բարդ հարց է, այդ իսկ պատճառով կառավարությունը, մեդիան, առողջապահական համակարգը, ոչ կառավարական կազմակերպությունները և ինչու ոչ հոգևորականները պետք է համագործակցեն, որպեսզի հաղթահարեն մի կողմից տեղեկատվական վակումը, մյուս կողմից պատասխանեն այն վախերին և ապատեղեկատվությանը, որոնք հաճախ տարածվում են անգիտակցաբար, հաճախ էլ նպատակային»,- եզրափակում է Կինծուրաշվիլին։

Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն խոսում է հիվանդների բուժման և պատվաստանյութի կարևորության մասին։

«Ինչ վերաբերում է պատվաստանյութին, ապա այն անվտանգ է, պատվաստանյութի օգուտն ավելի շատ է, քան բարդություն առաջացնելու ռիսկը։ Իհարկե, ինչպես յուրաքնաչյուր դեղամիջոց, պատվաստանյութը նույնպես պարունակում է որոշակի ռիսկեր և տարբեր կողմնակի ազդեցություններ: Պատվաստանյութը պաշտպանում է մարդուն բարդություններից, կորոնավարակից, ինչպես նաև հիվանդանոց ընկնելուց և իհարկե մահից։ Շատ տխուր դեպք պատահեց, որը հնարավոր է միլիոնից մեկ լինի, և հենց այդպիսի դեպք եղավ Ախալցիխեում, բայց սա չի կարող պատճառ հանդիսանալ, որպեսզի պատվաստումը կանգնեցվի։ Մեր երկրում ամեն օր կորոնավարակով մահանում է միջինը 10 մարդ, պատվաստանյութի օգուտն ավելի շատ է, քան այն ռիսկը, որը հնարավոր է լինի պատվաստումից։ Դրա համար ևս մեկ անգամ ասում եմ, որ մարդիկ պետք է պատվաստվեն, եթե բնակչության մեծ մասը պատվաստված լինի, կորոնավարակը կավարտվի»,- ասում է նա։

Գամղրելիձեի խոսքով, տարածվող միֆերը ավելի շատ տեղեկատվության պակասից է: Անհրաժեշտ է ավելի շատ և ճիշգրիտ տեղեկատվություն տրամադրել բնակչությանը, պետք է բացատրել:

Լեգենդները տարածվում են ավելի արագ և ավելի հեշտ, քան ապացուցված և հիմնավորված տեղեկատվությունը: Հիմնականում դրանք վախեցնում են մարդկանց։ Չունեն հասցե, քայլում են լեգենդի հետքերով, դուք կարող եք շրջել ամբողջ աշխարհը և վերադառնալ նույն վայրը՝ չգտնելով աղբյուրը: Անհրաժեշտ է, նախքան վախենալը և որոշումը կայացնելը, մտածել կեղծ տեղեկատվությունը ստուգելու մասին:

Գայանե Ակոջյան