Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն 4-րդ մոնիթորինգային այցն է իրականացնում Վրաստան։ Այս այցի շրջանակներում Խորհրդատվական կոմիտեի անդամները մայիսի 15-ից 19-ը գտնվում են Վրաստանում, իսկ այսօր՝ մայիսի 16-ին, այցելել են Ախալքալաք։

Այցի շրջանակում Սլովակիան ներկայացնող խորհրդատվական կոմիտեի փորձագետներ Պետրա Ռոտերը, Շվեյցարիան ներկայացնող Նիկոլաս Լևրան և Ֆինլանդիայի ներկայացուցիչ Միկո Պուումալայնենն այսօր Վրաստանի ՄԻՊ գրասենյակում հանդիպել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Կոմիտեն այսօր հանդիպումներ է վարում նաև Ախալքալաքում ՄԻՊ գրասենյակի ներկայացուցչի և տեղական իշխանությունների հետ:

Շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն ամեն 5 տարին մեկ այցելում է յուրաքանչյուր մասնակից պետություն՝ վերահսկելու Շրջանակային կոնվենցիայի կատարման գործընթացը:

Վրաստանը Շրջանակային կոնվենցիան վավերացվել է 2005թ.: Այս այցը Վրաստանում իրականացվում է մոնիթորինգի 4-րդ շրջափուլի շրջանակներում։ Վերջին այցը Վրաստան տեղի է ունեցել 2018թ.-ին: Այս այցից հետո Խորհրդատվական կոմիտեն եզրակացություն կկայացնի, այսինքն՝ կկազմի մոնիթորինգի զեկույց, որի վերաբերյալ իշխանություններին կառաջարկվի մեկնաբանություններ կատարել։ Եզրակացությունը կհրապարակվի իշխանություններից մեկնաբանություններ ստանալուց հետո։ Մոնիթորինգի շրջափուլը կավարտվի, երբ ԵԽ Նախարարների կոմիտեն ընդունի բանաձևը։

Եվրոպայի խորհրդի «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիան (ԱՓՊՇԿ), որն ուժի մեջ է մտել 1998 թվականին, ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության համապարփակ միջազգային պայմանագիր է։ Շրջանակային կոնվենցիան սահմանում է անհատների իրավունքները, ինչպես նաև լրացուցիչ պարտավորություններ, որոնք պետք է պահպանվեն մասնակից պետությունների կողմից: Թեև Կոնվենցիան իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթ է միջազգային իրավունքի համաձայն, «շրջանակ» տերմինը ընդգծում է, որ մասնակից պետությունները կարող են իրականացնել Կոնվենցիայի որոշ դրույթներ՝ հաշվի առնելով երկրի կոնկրետ իրավիճակը՝ համապատասխան ազգային օրենսդրության և պետական քաղաքականության միջոցառումների ընդունման միջոցով:

Կոնվենցիայի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ԵԽ Նախարարների կոմիտեն՝ ԱՓՊՇԿ-ի խորհրդատվական կոմիտեի հետ միասին, որը բաղկացած է 18 անկախ փորձագետներից: Շրջանակային կոնվենցիայի մասնակից-պետությունները 39-ն են: Այդ երկրների թվում են Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը։