Գումբուրդո գյուղում (վրաց. Կումուրդո) օտար աչքերից հեռու պահպանվում են սուրբ մասունքներ, որոնք տեղացիների խոսքերով բուժում և օգնում են նրանց ովքեր կարիք ունեն և հավատում են մասունքների հզորությանը:

Գյուղում, որտեղ գտնվում է պատմական ճարտարապետական գոհարը` Գումբուրդոյի տաճարը, տեղացիների համար հոգևոր մեծ արժեք ունի, ամեն քայլափոխի կարելի է տեսնել խաչքարեր և մատուռներ: Սրբավայրերը գրեթե ամենուր են: Գյուղի ավանդույթները ամուր պահող բնակիչները խորապես հավատում են, պաշտում և ջերմեռանդորեն պահպանում իրենց սրբավայրերը: Յուրաքանչյուր սրբավայր ունի իր տոնակատարության և հավատքի օրը, և յուրաքանչյուր այդպիսի օր մեծ շուքով է նշվում:

Երբ Գումբուրդոյի բնակիչները խոսում են իրենց գյուղի սրբավայրերի, խաչերի, մատուռների, եկեղեցիների և սուրբ մասունքների մասին, նրանք ավելացնում են «ս» տառը, այդպիսով ցույց տալով իրենց հարգանքը և պատկանելիությունը դրանց հանդեպ:
masunqs1
Գումբուրդոյի սրբություններից առավել նշանավորը և ընդունվածը, դա սրբի մասունքներն են, որոնք ըստ պահապանների խոսքերի, պատկանում են Գրիգոր Լուսավորչի մորաքրոջ տղային: Մասունքները հասանելի են՝ ոչ բոլորին, և ոչ միշտ: Սուրբ մասունքները պահվում են Գումբուրդոյի լիազոր Արթուր Կուրղինյանի տանը:

Կուրղինյանների նախնիները, ինչպես և շատերը, փախել են Էրզրումի Բարիշական գյուղից 1828 թվականին: Արթուր Կուրղինյանի նախապապը, լինելով քահանա գնել է սուրբ մասունքները Բարալեթից, հետո, ռեպրեսիայի (հալածանքի) ժամանակ, երբ խլում էին եկեղեցական գույքը, այդ թվում նաև Կուրղինյանի նախապապի գույքը, սուրբ մասունքները պահել են:

«Ռեպրեսիայի ժամանակներն էին և կոմունիստները առգրավում էին ամբողջ ունեցվածքը, ինչպես նաև եկեղեցական գույքը, եկեղեցու պահակը տարել և պահել էր սուրբ մասունքները և մի քանի տարի անց իմ ապուպապը, տալով նրան ցուլեր, մեղվի փեթակներ և ցորեն հետ վերադարձրեց սուրբ մասունքները: Այդ պահից սուրբ մասունքները պահվում են մեր տանը», – պատմում է Արթուր Կուրղինյանը, ավելացնելով՝  Սուրբ մասունքները պատկանում էին Պանտոլեոն Բժշկապետին, Գրիգոր Լուսավորչի մորաքրոջ տղային: Նա հայտնի բժիշկ էր: Նրա սուրբ մասունքները բաժանված են 7 մասի, և ներկայում ամբողջ աշխարհում այդ սուրբ մասունքներից մնացել են 3-ը: Այդ մասին ես տեղեկացել եմ գրքից, որի մասին գրել է Երվանդ Լալայանը: Սուրբ մասունքները մեզ մոտ պահում է արդեն 4-րդ սերունդը»:

Ինչքան էլ փորձեցինք, չկարողացանք համոզել Արթուր Կուրղինյանին ցույց տալ մեզ սուրբ մասունքները: Ինչպես բացատրեց նա, սուրբ մասունքները ջերմեռանդորեն պահվում են բոլորի աչքերից հեռու, այն պատճառով, որ մի անգամ դրանք գողացել էին և փորձել դուրս հանել երկրի սահմաններից, սակայն ինչ-որ պատճառներով ինքնաթիռը չի թռել և գողը բռնվել էր, իսկ սուրբ մասունքները նորից վերադարձվել էին Կուրղինյանների տուն: Նրա խոսքերով գողի ընտանիքից ոչ ոք չի մնացել, բոլորը մահացել են:

«Երբ ժամանել էին Վրաստանի և Հայաստանի կաթողիկոսները, մեզ ասացին, որ սուրբ մասունքները տանենք Ախալքալաք և ցույց տանք, սակայն մենք հրաժարվեցինք: Եթե ցանկանում են տեսնել, թող գան այստեղ: Նույնիսկ մեր քահանաները չեն տեսել սուրբ մասունքները: Ժամանել են քահանաներ նաև Հայաստանից, սակայն մենք նրանց չենք ցույց տվել: Գողությունից հետո մենք դրանք պահում ենք չհրկիզվող պահարանում: Ցույց ենք տալիս միայն, երբ գալիս են օգնության կարիք ունեցող հոգեպես հիվանդ մարդիկ, ովքեր հավատում են, որ սուրբ մասունքները կօգնեն բուժվել: Իմ պապի ժամանակներում, հարևան Մարգաստան գյուղից բերեցին մի հոգեպես հիվանդ թուրք, շղթայված: Չնայած, որ նա քրիստոնյա չէր, սուրբ մասունքները օգնեցին նրան, հեռացավ նա արդեն առանց շղթաների: Պապս պատմում էր, որ նա խոստացել էր 7 տարի մատաղ անել, ինչն էլ անում էր: Շատ մարդիկ միանգամից զգում են թեթևություն: Շատ գյուղերից և նույնիսկ արտասահմանից ժամանում են մարդիկ մեր տուն»,- պատմում է Արթուր Կուրղինյանը:

Գումբուրդո գյուղի ամենատարեց բնակչի, 92-ամյա Ղազար Խանոյանի խոսքերով, սուրբ մասունքները պահվում են արծաթյա տուփում, որի մեջ կա ոսկյա տուփ, որտեղ էլ հող կա և երեք ոսկոր:

«Ներսում երեք մատ են, ցուցամատից և բութ մատից բացի: Ասում էին, որ այդ մատները երեք տարբեր մարդկանց մատներ են: Ես մոտ 12-13 տարեկան էի, երբ տեսա սուրբ մասունքները: Մեր ամբողջ ընտանիքը թունավորվել էր ծխից: Շատ վատ էինք: Մայրս խնդրեց բերել սուրբ մասունքները, ասելով, որ իր բոլոր զավակները կմահանան: Բերեցին, բացեցին մեր տան մեջ, և մենք բոլորս ապաքինվեցինք»,- պատմում է Ղազար Խանոյանը:
masunqs
Տեսնել մասունքները այնուամենայնիվ հնարավոր է: Տարին մեկ անգամ Քրիստոսի Մկրտության օրը, հունվարի 5-6 յուրաքանչյուր ուխտավոր կարող է խոնարհվել սուրբ մասունքների առջև, սակայն նկարել սուրբ մասունքները ոչ ոքի չի թույլատրվում:

Քրիստինե Մարաբյան