Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում խմելու ջրի խնդիրը դեռ արդիական է։ Վերջին անգամ խնդիրը լուծել են անցյալ տարի՝ 2022 թվականին, ծախսելով 113 հազար լարի, սակայն գյուղացիները դժգոհում են, որ խմելու ջրի խնդիրն ինչպես կար, այդպես էլ մնում է:

Օլավերդ գյուղում կա 154 ընտանիք։ Գյուղի բարձրադիր հատվածում բնակվող մոտ 75 ընտանիք խմելու ջուր չունի, դույլերով ջուրը կրում են գյուղի երեք աղբյուրներից, կամ ջուր ունեցող համագյուղացիներից։

Գյուղում կա ջրամատակարարման 3 գիծ: Մեկով, խմելու ջուրն ինքնահոսով գնում է դեպի գյուղի մոտ 80 տներ, որոնք գտնվում են գյուղի ներքևի հատվածում։ Լևանա լճից ջուրը տարվել է երկրորդ համակարգով, որն օգտագործվում է կենցաղային կարիքների համար և խմելու համար պիտանի չէ։ Գյուղի վերին հատվածի բնակիչներն այս ջուրը ստանում են օրական 4-5 ժամ։

Ի հավելում վերոնշյալի, տեղական իշխանությունները գյուղի ջրամատակարարման խնդիրը լուծելու համար անցյալ տարի պոմպակայան են կառուցել, սակայն կայանը չի աշխատում ու խնդիրն այն չի լուծել։ Պոմպը չի աշխատում, քանի որ ջուր չկա, չորացել է այն աղբյուրը, որտեղից պոմպակայանը պետք է ջուր ստանար։

Գյուղացիների խոսքով, այս տարի ամբողջ ձմեռ ջուր չի եղել, գարնան գալով բարձրադիր մասում գտնվող տներին ջուր է մատակարարվում գրաֆիկով՝ օրը 4-5 ժամ։

«Ամբողջ ձմեռ ջուր չունեինք: Նոր պոմպը չէր աշխատում»,- ասում է Կարեն Գրիգորյանը։

Գյուղացիների խոսքով, եթե նույնիսկ պոմպը աշխատեր, միևնույն է, ջուրը չէր հերիքի բոլորին։

«Ձմռանը ջուրը սառում է, իսկ գարնանը չի հերիքում: Գյուղի կենտրոնից դույլերով խմելու ջուր ենք կրում, ամբողջ ձմեռ տղաներս մեքենայով են ջուր բերել: Հիմա 4-5 ժամով են ջուրը տալիս, բայց այս ջուրը խմելու համար պիտանի չէ»,- ասում է Ջուլիկ Գրիգորյանը։

nasosni olaver
Նոր պոմպակայանը

Վոլոդյա Մայթեսյանն իր տան համար առանձին ջուր է անցկացրել, իր տնից 300 մ հեռավորության վրա գտնվող աղբյուրից և պոմպով ջուր է ստանում։

«Պետական պոմպը չի աշխատում, ջրավազանը չի օգտագործվում ջրի քիչ քանակության պատճառով, նրանք դա գիտեին շինարարությունից առաջ էլ, այս վայրում այդքան ջուր չկա»,- ասում է Վոլոդյա Մայթեսյանը։

Նաիրի Մայթեսյանը կարծում է, որ պետությունն իզուր է գումարը ծախսել նոր պոմպի վրա:

«Շենքը կառուցեցին, ջուր չկա, բնակչությունը նրանց ասաց, որ ջուրն այդտեղ քիչ է, բայց կառուցեցին, իզուր փող ծախսեցին, մենք դեմ էինք, կոնկրետ ես դեմ էի, այդ ծախսերը պետք է արվեին վերևը, որ վերի մասի տները ջուր ունենաին: Եթե աշխատում է, թող հիմա ջուրը պոմպով քաշեն, մարդիկ ջուր չունեն, ինչու չեն քաշում»,- ասում է Նաիրի Մայթեսյանը։

nasosni

Ըստ Լեւոն Խռոյանի, 5-6 տարի առաջ կառուցվել է անասունների ջրամբար, որը հիմա նույնպես ջուր չի հավաքում։

«Մի քանի տարի առաջ անասունների համար էլ վերևում ջրամբար են սարքել, բայց դա էլ չի աշխատում, այնտեղ ջուր չի հավաքվում: 20-30 հազար երևի այնտեղ են ծախսել: Ամենաջրառատ շրջանում էլ այնտեղ ջուր չկա»,- ասում է Լևոն Խռոյանը։

Օլավերդ գյուղի լիազոր Եսայի Ներսեսյանն ասում է, որ գյուղում բոլորը ջուր ունեն, նոր պոմպն էլ աշխատում է։

«Աշխատում էր, ուղղակի աղբյուրի ջուրը չորացել է, եթե ջուրը շատանա, պոմպը նորից կաշխատի: Մենք 3-4 տեղ ջուր ունենք, իսկ սարերից եկող ջուրը հավաքվում է 250 տոննա տարողությամբ ջրավազանում և այնտեղից ինքնահոս բաշխվում է դեպի տներ»,- ասում է Եսայի Ներսեսյանը։

Գյուղ կատարած մեր այցելության ժամանակ պոմպակայանը չէր աշխատում։

Պոմպակայանի կողքը բնակվող Վարդան Մարտիրոսյանն ասում է, որ այն երբեք չի աշխատել։

«Ինչ կառուցվել է չի աշխատում, ջուր չկա, մարդիկ անհատականորեն իրենք են ջուր քաշել այդտեղից և ջուրը պակասել է: Ես մոտակայքում եմ ապրում և առանց պոմպի ջուրը մեզ չի հոսում»,- ասում է Վարդան Մարտիրոսյանը։