Ախալքալաքի մունիցիպալիտետի Չունչխա և Պտենա գյուղերում գազիֆիկացման գործընթացն արդեն ավարտվել է, և շարունակվում են աշխատանքները բաժանորդների գազաբաշխման ուղղությամբ։ Այս գյուղերի առաջին բաժանորդների համար գազօջախները խորհրդանշորեն վառել են Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և Սամցխե-Ջավախքում պետական հանձնակատար Բեսիկ Ամիրանաշվիլին, հայտնում է Սամցխե-Ջավախքի տարածքային վարչակազմի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

Չունչխայում Ռամազ Միքելաձեի և Պտենայում՝ Ավթանդիլ Շավաձեի տանը գազօջախների միացումը հանդիսավոր կերպով իրականացվել է Ախալքալաքի տեղական իշխանությունների և Վրաստանի կառավարության տարածաշրջանային ներկայացուցչության մասնակցությամբ։ Ըստ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի էջի՝ երկու գյուղերում միասին ապրում է 142 ընտանիք։

Էջը հայտնում է նաև, որ մունիցիպալիտետի բոլոր այն գյուղերը, որոնք դեռևս բնական գազ չունեն, փուլ առ փուլ գազիֆիկացվելու են։

Ախալքալաքի մունիցիպալիտետի 64 գյուղերից 19-ը գազաիֆիկացված չեն, գյուղի բարերարների և SJGC գազաբաշխիչ ընկերության միջոցներով այս տարի սկսվել է Թախչա գյուղի գազիֆիկացման գործընթացը։

Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի Չունչխա և Պտենա գյուղերի գազիֆիկացման համար կենտրոնական գազատարը տեղադրվել է պետական ծրագրով 2019-2020 թվականներին, սակայն գազն այն ժամանակ մինչ բաժանորդները չի հասել, մայրուղային գազատարը դուրս է եկել շարքից:

Երեք տարվա լճացումից և անորոշությունից հետո SOCAR-ն այս տարի ձեռնամուխ եղավ բնական գազի բաշխմանը կենտրոնական գազատարից Չունչխա և Պտենա գյուղերի բաժանորդներին: Այս գյուղերը սպասարկում է SOCAR ընկերությունը, մինչդեռ Ջավախքում այս ոլորտում գործում է մեկ այլ ընկերություն՝ SJGC-ն։ Այս գյուղերի բնակիչները ստիպված կլինեն մեկնել Ախալցիխե՝ դիմում ներկայացնելու կամ գազաբաշխիչ ընկերությունից այլ ծառայություններ ստանալու համար։