Երեք օր առաջ Գումբուրդո գյուղում կրակոցներ են հնչել: Գյուղացիներն անհանգստացած զանգահարել են ոստիկանություն, որպեսզի անվտանգության միջոցներ ձեռնարկվի, սակայն ոստիկանությունը մինչև այսօր այդ գործով հետաքննություն չի սկսել:
Ո՞վքեր և ինչու՞ են կրակել
Գյուղացիների պատմելով, մայիսի 13-ի գիշերը, լույս 14-ին Գումբուրդո գյուղում կրակոցի ձայներ են լսել:
«Ժամը մոտավոր 12-ին 15 կամ 20 էր պակաս տուն պիտի մտնեի, հանկարծ 4-5 հատ իրար հետևից կրակոցի ձայն եկավ: Ասացի տեսնես ինչ է, մի քիչ սպասեցի, տեսա շարունակություն չեղավ, ամեն ինչ հանգիստ է: Առավոտյան եկա գյուղամեջ, հարցուփորձ արեցի, պարզվեց իրոք վրացիք օդ են կրակել: Ես էլ տեղեկացրի գյուղապետին և ոստիկանություն զանգեցի, որ կրակոց է եղել: Ինձ հարցնում են՝ տեսել ես ո՞վ է կրակել, ես էլ ասացի՝ չեմ տեսել, բայց լսել եմ: Խոստացան որ միջոցներ կձեռնարկեն»,- պատմեց Գումբուրդո գյուղի բնակիչը:
Մայիսի 13-ին Գումբուրդո գյուղում ժամանակավոր աշխատող մարդկանց մոտ հյուր են եկել երկու հոգի, նրանք զենք են կրել, նստել են, կերել խմել, մոտավոր 12 հոգի են եղել:
«Ես խմած էի, այնտեղ էի, վրացի տղերքը եկել էին իրենց հորեղբորը տեսնելու: Խմած մարդ դուրս է եկել ու կրակել: Ճիշտն ասած ես ձայն չեմ լսել, հարևանն եկավ, թե ինչ է եղել, ինչու են կրակում, բայց ճիշտ եմ ասում, ես նույնիսկ ձայն չեմ լսել: Մոտավորապես 10-12 հոգի էինք, մինչև գիշերվա 2-ը նստած խմում էինք», – պատմեց մի գյուղացի, ով կերուխումի մասնակից է եղել:
Պարզվում է, գիշերը բարեկամներին հյուր եկած մարդիկ խմիչքի ազդեցության տակ օդ են կրակել և հեռացել: Ինչպես գյուղացիներն են հաստատում, դեպքից երկու օր է անցել, սակայն ոստիկանները մինչև հիմա գյուղ չեն եկել, պարզելու և համապատասխան անվտանգության միջոցներ ձեռնարկելու համար:
«Ինչի պիտի կրակեն, կասեք, էդ ինչի, երբ մեր գյուղից մեկը կրակեր կգային ամբողջ տունը, ցեղը կհարցաքննեին, կտանեին, բայց հիմա մարդ չի գալիս գյուղ: Մեր գյուղի երիտասարդությունը երեկ հավաքվել էր, քննարկում էին, թե ինչ անեն, որովհետև մարդիկ անհանգստացած են: Ոչ-ոք չի կարող ասել ինչու են կրակել, հնարավոր է նորից կրկնվի, ով է պատասխան տալու: Եթե հանկարծ ճամփին մեկը լիներ ու վնասվեր, ով էր պատասխան տալու, ասելու էին խմած է օդ է կրաել: Գիտես ինչ, քեֆ ես անում, հանգիստ արա, որ մնացածներին վնաս չպատճառես»,- ասաց մի գյուղացի:
Գյուղում վրդովված են, որ ոստիկանությունը չի սկսել գործողություններ, կատարվածը պարզելու համար:
«Գումբուրդո մի շան կրակենք, կտանեն ու կնստեցնեն, օրենքով թույլատրված զենքն էլ ձեռքից կվերցնեն: Հիմի կասեք, իրենք ինչ իրավունք ունեն մեր գյուղի մեջ օդ կրակելու: Հարց եմ տալիս, ինչու են գյուղ ավտոմատով գալիս, պատերազմի դաշտ է, ինչ է»,- ասաց մեկ այլ գյուղացի:
Գումբուրդո գյուղի լիազոր Արթուր Կուրղինյանը ևս հաստատեց գյուղում հնչած կրակոցների մասին տեղեկությունը:
«Այո, կրակոց է եղել, դեպքի առավոտյան գյուղացիները ահազանգել են ոստիկանություն, որ նման բան է եղել, բայց իրենք գրավոր դիմում են ուզում, որպեսզի միջոցներ ձեռնարկեն: Այսօր մենք դիմումը կփոխանցենք ոստիկանություն, տեսնենք ինչ կլինի»,- ասաց Արթուր Կուրղինյանը:
Վրաստանի Ներքին Գործերի նախարարության հասարակության հետ կապի բաժնում մեր հարցերին, թե արդյոք նման դեպք արձանագրվել է և ինչ հոդվածով է գործ հարուցվել, պատասխանեցին, որ նման դեպք իրենց մոտ չի արձանագրված և բնականաբար ոչինչ չեն կարող ասել:
Աղունիկ Այվազյան