Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքային զարգացման 2023-2025 թթ.-ի ծրագրերում նշված է երեք կամուրջի վերականգնում` Խորենիա գյուղում, Խոսպիո-Մարտունիում և Ախալքալաքի համալսարանի մոտ գտվող կամուրջը: Քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության տեղեկություններով, մեծ է հավանականությունը, որ այս տարի կսկսվի Խոսպիո գյուղի կամրջի վերականգնումը։ 2016 թվականից Խոսպիոյի բնակիչները բողոքում են կամրջի անմխիթար վիճակից։
2023-2025 թվականների համար Ախալքալաքի մունիցիպալիոտետի զարգացման ծրագրերում կա 21 ենթակառուցվածքային աշխատանք։
Մարտունու կամուրջը, որը գյուղ տանող միակ ճանապարհն է, 2016 թվականից վթարային վիճակում է։ Կամրջից օգտվում են նաեւ Խոսպիո գյուղի բնակիչները։ Այս կամրջով է անցնում դեպի արոտավայրեր տանող ճանապարհը։ Կամրջի վրայով տեղաշարժվելը վտանգավոր է ինչպես հետիոտների, այնպես էլ վարորդների համար։ Տեղ-տեղ փոսեր են գոյացել կամրջի մայթի և ճանապարհի միացման հատվածում։ Կամուրջը հետիոտնային մասի հետ հանգույցներում կորացած է և ցած ընկած, և աստիճանաբար ձևավորված անցքը չափերով մեծանում է։ Կամրջի ծածկն երկաթյա է։ Բնակիչները բազմիցս դիմել են մունիցիպալիտետ, կամուրջը վերականգնելու խնդրանքով։ Տեղի իշխանությունները չեն հերքել կամրջի վթարային լինելու փաստը, սակայն վերանորոգման համար միջոցներ չեն եղել։ Բնակիչները դադարել են հուսալ ու բողոքել։
Ախալքալաքի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանն ասաց, որ մեծ է հավանականությունը, որ Խոսպիո գյուղի կամուրջը կվերանորոգվի հենց այս տարի։
Կամրջի վերականգնումը կարժենա մոտավորապես 500-600 հազար լարի։ Վերականգնման գումարը դեռ չի հատկացվել, սակայն, ելնելով այն հանգամանքից, որ նախագծային փաստաթղթերը պատրաստ են, վերականգնման հավանականությունը մեծանում է։
Մեծ Խորենիա գյուղը մնացած բնակավայրերի հետ կապող կամուրջը քանդվում է։ Ավելի քան երեք տասնամյակ առաջ կառուցված լինելով այն երբևիցե չի վերանորոգվել։ Ախալքալաքի տեղական իշխանությունները դեռ 2019 թվականին ծրագրել էին վերանորոգել Խորենիայի կամուրջը, սակայն ինչ-ինչ պատճառներով այն չարվեց։
Գյուղացիները մտավախություն ունեն, որ գյուղի միակ կամուրջը (կառուցվել է 1962 թվականին) կփլվի և գյուղը կհայտնվի շրջափակման մեջ։
Կարդացեք նաև.
Մարտունի գյուղի կամրջի վիճակը օր-օրի վատթարանում է
Վթարային կամուրջը մատնված է անուշադրության
Մարտունու բնակիչները վախով են գնում տուն
Մարտունի գյուղի կամրջի վիճակը օր-օրի վատթարանում է
Խորենիա գյուղի կամուրջը վթարային է