նորություններ 29 Օգոստոսի, 2026 • Կորխն ու Թոթխամը նոր ջրագիծ կունենան

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կորխ և Թոթխամ գյուղերում երկար տարիներ առկա ջրամատակարարման խնդիրը լուծելու ուղղությամբ աշխատանքներն արդեն ակտիվ փուլում են։ Երկու գյուղերի համար նախատեսված նոր ջրագիծը կառուցվում է «Աբլար» ջրամբարից։

Ախալքալաքի մունիցիպալիտետը նոր ջրագծի կառուցման աշխատանքների համար մրցույթ էր հայտարարել ապրիլի 16-ին։ Նախագծի արժեքը կազմում է 608 137 լարի։ Այժմ շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ գյուղացիները սպասում են, որ նոր համակարգը վերջապես կթեթևացնի հատկապես ամռան ամիսներին առաջացող ջրի պակասը։

Կորխում և Թոթխամում ջրամատակարարման խնդիրն առավել զգալի է դառնում տարվա տաք ամիսներին։ Գյուղացիների համար հատկապես դժվարին է ամառային շրջանը՝ մինչև սեպտեմբերի կեսերը, երբ ջրի պահանջարկը մեծանում է, իսկ առկա համակարգը միշտ չէ, որ կարողանում է ապահովել բնակիչների անհրաժեշտ կարիքները։

jur

Կորխ գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Կարլիկ Ղանդիլյանի խոսքով՝ այս ընթացքում ջրագծի կառուցման աշխատանքներն  ակտիվ ընթացքի մեջ են։

«Աշխատանքներն ակտիվ փուլում են։ Հուսով ենք՝ առանց որևէ խնդրի աշխատանքները կավարտվեն, և երկու գյուղերն էլ կունենան մշտական ջրամատակարարում։ Ամռան ամիսներին՝ մինչև սեպտեմբերի կեսերը, մեր գյուղերում ջրի խնդիրը շատ լուրջ է։ Թերևս Թոթխամ գյուղում խնդիրն ավելի լուրջ է, քանի որ գյուղի գրեթե կեսն ընդհանրապես ջուր չի ունենում։ Հույս ունենք, որ այս նոր ջրագծով խնդիրը կկարգավորվի»։

jur1

Այն հարցին, թե ե՞րբ կավարտվեն նոր ջրագծի կառուցման աշխատանքները, Կորխ գյուղում քաղաքապետի ներկայացուցիչը պատասխանեց․

«Դեռևս հստակ ժամանակ ասել չեմ կարող, հիմա աշխատանքները նորմալ ընթանում են»։

Թոթխամ գյուղում ջրի խնդիրը, տեղացիների խոսքով, առավել ընդգծված է։ Գյուղի մի հատվածը ջրամատակարարման հետ կապված ավելի լուրջ դժվարություններ է ունենում, և բնակիչների համար նոր ջրագծի կառուցումը դարձել է երկար սպասված ծրագիր։

Թոթխամ գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Ռուդիկ Իրիցյանի փոխանցմամբ՝ աշխատանքների ավարտին երկար չի մնացել։

«Ջրագծի աշխատանքները կավարտվեն մոտավորապես 10-15 օրվա ընթացքում։ Շուտով մեր գյուղում այլևս ջրի խնդիր չի լինի»։

Եթե աշխատանքներն ավարտվեն նախատեսված ժամկետում և նոր համակարգը գործարկվի ամբողջությամբ։

Այժմ հիմնական ակնկալիքը աշխատանքների որակով և առանց խոչընդոտների ավարտն է։ Եթե ծրագիրը նախատեսվածի համաձայն իրականացվի, երկու գյուղերի բնակիչները, ըստ պատասխանատուների, կկարողանան ունենալ ավելի կայուն և մշտական ջրամատակարարում։

Կորխում և Թոթխամում ջրի խնդրի լուծմանը սպասում են ոչ միայն որպես հերթական ենթակառուցվածքային ծրագրի, այլև որպես առօրյա կյանքի որակի վրա անմիջական ազդեցություն ունեցող փոփոխության։ Գյուղացիների համար ջուրը պարզապես ենթակառուցվածք չէ․ այն գյուղական կյանքի բնականոն ընթացքի, կենցաղի և աշխատանքի կարևորագույն պայմաններից մեկն է։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝