նորություններ 8 Հուլիսի, 2026 • Բնակիչներն, Ախալքալաք-Կարծախ ճանապարհի վիճակի վերաբերյալ, կոլեկտիվ դիմում են ուղարկել կառավարությանը

Սուլդա գյուղի բնակիչների նախաձեռնող խումբը դիմում է ուղարկել Վրաստանի վարչապետին, Ենթակառուցվածքների նախարարություն և Ճանապարհների դեպարտամենտ, պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել Ախալքալաք-Կարծախ միջազգային ճանապարհի վերականգնման համար։ Մի քանի օրվա ընթացքում դիմումը ստորագրել է 115 մարդ, այդ թվում՝ Հայաստանի մայրաքաղաքից, Ջավախքի տարբեր գյուղերի և քաղաքների բնակիչներ, միջազգային բեռնատարների վարորդներ և զբոսաշրջիկներ։

Դիմումը նախաձեռնել են Սուլդայի հինգ բնակիչ՝ Ֆելիքս Սեյրանյանը, Գարիկ Մոսիկյանը, Ջանիբեկ Պետրոսյանը, Տոլիկ Մարուքյանը և Հարություն Մարուքյանը։

Նամակն ուղարկելուց առաջ նրանք որոշել էին այն հրապարակել, որպեսզի բոլոր նրանք, ովքեր նույնպես Ախալքալաք-Կարծախ ճանապարհի վիճակը կրիտիկական են համարում, կարողանային միանալ։ Այդ նպատակով Jnews-ը հրապարակել էր դիմումի տեքստը և նախաձեռնությանն աջակցելու առաջարկը։

Երեք օրվա ընթացքում դիմումը ստորագրել էր 115 մարդ։ Այն ուղարկելուց հետո կոչին միացել էր ևս 15 մարդ։

Ստորագրողների թվում էին Սուլդա, Վաչիան, Չամդուրա, Կարծախ, Բոզալի, Խուլգումո, Զակ և Օլավերդ գյուղերի բնակիչները, ինչպես նաև Ախալքալաքի, հատկապես նախկին զինվորական ավանի բազմաթիվ բնակիչներ։ Գրությանն աջակցել են նաև ճանապարհի երկայնքով չբնակվող մարդիկ, այդ թվում՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչներ, զբոսաշրջիկներ և միջազգային մայրուղուց պարբերաբար օգտվող ծանր բեռնատարների վարորդներ։

Ստորագրողների թվում էին.

• Միջազգային բեռնատարի վարորդ Վլադիմիր Գարմաշը (Մինսկ, Բելառուս) իր ստորագրության տակ մեկնաբանել է. «Ես պարբերաբար օգտվում եմ այս ճանապարհից և լիովին աջակցում եմ այս դիմումին»։

• Զբոսաշրջիկ Սվետլանա Տիշչենկոն, ով անտարբեր չէ այս ճանապարհի նկատմամբ և ում համար միևնույն չէ, թե ինչպիսին կլինի այս ճանապարհը։

• Նամակի նախաձեռնողների խնդրանքին միացել են նաև Թբիլիսիից Նոդար Աբուլաձեն, ինչպես նաև Երևանից Եփրաքսի Բաղդոյանը, Արմեն Մկրտչյանը և ուրիշներ։

Ըստ խնդրագրի նախաձեռնողներից մեկի, բնակիչները, խնդիրը լուծելու համար, որոշել են օգտագործել բոլոր հնարավոր իրավական միջոցները։

«Մենք այդքան էլ հույս չունենք, որ մեր այս նամակը կփոխի իրավիճակը, բայց մեր ձայնը լսելի դարձնելու համար, ցանկանում ենք օգտագործել բոլոր իրավական միջոցները, մենք ուզում ենք հուսալ», — ասաց խնդրագրի նախաձեռնողներից մեկը։

Հիշեցնենք, որ նամակում բնակիչները պատկան մարմիններին խնդրում են միավորվել և գտնել արագ և համապարփակ լուծում, այն է՝ վերականգնել Ախալքալաք-Կարծախ ճանապարհը։ Նամակում նրանք նշում են, թե որքան է ճանապարհի վիճակը նվազեցրել իրենց կյանքի որակը։

«Պարզապես անտանելի է այս վիճակում, բայց այլ ընտրություն չունենք։ Մենք չենք կարող չգնալ մունիցիպալ կենտրոն, մեր գյուղերը այդքան էլ չեն ապահովված բոլոր ծառայություններով և մթերքներով, որպեսզի հաճախակի չգնանք մունիցիպալ կենտրոն», — ասվում է նամակում։

Նամակում նաև նշվում է, որ ճանապարհի որոշակի հատվածների վերանորոգումը չի շտկի իրավիճակը, և որ ճանապարհը պետք է վերականգնվի ամբողջապես։

«Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ այս տարի նախատեսված էր վերանորոգել այս ճանապարհի միայն որոշակի հատվածներ, սակայն հիմնովին վերանորոգման կարիք ունի ամբողջ ճանապարհը։ Խնդրում ենք անհապաղ ապահովել Ախալքալաք-Կարծախ ողջ ճանապարհի վերանորոգումը/վերականգնումը»։

Նշենք, որ Jnews-ը 2023 թվականից ի վեր բազմիցս հրապարակել է նյութեր Ախալքալաք-Կարծախ ճանապարհի անբավարար վիճակի մասին, սակայն, չնայած, բազմաթիվ խոստումներին, ճանապարհի հիմնովին վերականգնում դեռևս չի իրականացվել։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝