Ախալքալաքի մունիցիպալիտետի Ալաթուման գյուղի բնակիչները 30 տարուց ավելի ջուրը խմում են ասբեստե խողովակներից, ինչը համարում են աղիների հաճախակի խանգարումների պատճառ։ Տեղի իշխանություններն երկու անգամ մոտ 300 հազար լարի արժողությամբ նոր ջրագիծ են կառուցել գյուղի համար, սակայն երկու անգամն էլ ապարդյուն։ Եվ սա Ախալքալաքի մունիցիպալիտետում իրականացված ծրագրերի միակ դեպքը չէ, որն արդյունք չի տվել։ 2010 թվականից մինչ օրս նման ծրագրեր իրականացվել են առնվազն 2 209 910 լարիի չափով։

Բեժանո-Ալաթուման ջրատարը կառուցվել է 1990 թվականին, ասբեստե խողովակներով։ Ջրատարի երկարությունը 6 կմ 400 մ է: Ալաթումանում ապրում է մոտ 180 ընտանիք։

Ասբեստե խողովակներն օգտագործվում են տարբեր ոլորտներում՝ շինարարությունում, հրթիռաշինության մեջ, մեքենաշինության մեջ, որպես ոռոգման ջրի խողովակաշար, բայց ոչ խմելու ջրի համար: Որոշ եվրոպական երկրներում դրանք արգելված են:

Ալաթումանցիների տներում ջուրը գալիս է, բայց այն խմելու համար պիտանի չէ, ոմանք գյուղի երկու աղբյուրներից են ջուր կրում։

2014 թվականից սկսած և մինչև 2016 թվականը գյուղացիները իրենց միջոցները, որը պետությունը խնդիրները լուծելու համար, յուրաքանչյուր գյուղին հատկացնում է «Օգնություն գյուղին» ծրագրով, ներդրել են պլաստիկ խողովակներ գնելու համար, ուզում էին փոխարինել ասբեստե խողովակները։ Լրիվ խողովակաշարը փոխելու համար անհրաժեշտ էր այդ միջոցները ներդնել եւս մի քանի տարի։

Ալաթուման գյուղում նոր ջրատարի կառուցման համար մունիցիպալիտետը 2017 թվականի աշնանը հատկացրել էր 205 հազար լարի։ Շինարարությունն իրականացրել է ֆիզիկական անձ Գարիկ Զարմարյանը։ Աշխատանքներն ավարտվել են 2019թ.-ին: Շինարարությունից հետո պարզվել է, որ ջուրը խողովակներով չի հոսում։ Մունիցիպալիտետը հրաժարվել է վճարել շինարարին, պատճառաբանելով, որ վերջնական արդյունքին չեն հասել։ Շինարարը վիճարկել է դատարանի միջոցով և ստացել իր գումարը, քանի որ կառուցել է իրեն տրված նախագծի համաձայն։ Մունիցիպալիտետը շինարարին այն ժամանակ՝ 2019 թվականին, վճարել է մոտ 25 հազար լարի։

Քաղաքապետարանի փորձագիտական եզրակացության մեջ, ինչպես 2019-ին Jnews-ին հայտնել էին իրավաբանական ծառայությունից, նույնպես նշվում էր, որ շինարարն իր աշխատանքը կատարել է ըստ նախագծի, նախագիծը սխալ է եղել կազմված, մեղավորը նախագծողն է։ Քաղաքապետարանն այն ժամանակ մտադիր էր դատի տալ նախագծողին, սակայն հետո, ինչպես պարզվեց, դա չի արել։

Ախալքալաքի Ենթակառուցվածքի ծառայության այն ժամանակվա պետ Ալբերտ Նահատակյանն ասում է, որ իրենք չէին ենթադրում, որ ջուրը կարող էր չհոսել նոր ջրախողովակով:

«Ջուրը պետք է հոսեր, 4 անգամ GPS-ով տարբեր մասնագետների, Խրիզոլիտից փորձագետների եմ բերել: Գործիքները ցույց են տվել, որ այն տարածքի բարձրությունը, որտեղից պետք է ջուրը հոսեր, ակունքից ցածր է: Ալաթումանի ջրագծի կառուցման մեջ ոչ ոք մեղավոր չէ, շինարարն իր գործն արել է ըստ նախագծի: Ով էլ այս աշխատանքի նախագծողը լիներ, այսպես էր նախագծելու, սա է օպտիմալ գիծը»,- ասում է Ալբերտ Նահատակյանը։

alatuman voda Նոր ջրագիծը միացրել են հին, ասբեստե ջրագծին

Ոչ ոք մեղավոր չէ, բայց ապարդյուն վատնած գումարների փաստը մնում է փաստ։ Մունիցիպալիտետը 2019 թվականին պատվիրում է նոր նախագիծ, հատկացնելով 750 լարի։ Այս անգամ ջրագիծը ստիպված էր շրջանցել ճանապարհին գտնվող բարձրությունները։ Նոր ջրատարի կառուցումն իրականացրել է «Արո» ՍՊԸ-ն՝ 85 005 լարիի չափով։ Ջրագիծը կառուցվել էր, ջուրը հոսել էր ընդամենը մեկ ամիս, իսկ հետո նորից դադարել է հոսել։

Ալաթումանի ջրատարի կառուցման վրա ծախսված ընդհանուր գումարը կազմում է 290 755 լարի։ Բայց որպեսզի ջուրը հասնի բնակիչներին, նրանք ստիպված են եղել ժամանակավորապես շրջանցել նոր ջրավազաններն ու նոր գիծը միացնել հին ասբեստե գծին։ Ջուրը մոտ 300 մետր կրկին հոսում է ասբեստե խողովակներով։

Ալաթումանի բնակիչները կարծում են, որ գյուղում հաճախակի նկատվող աղիքային հիվանդությունների պատճառը ասբեստե խողովակներն են։ Չկա վիճակագրություն, որը հաստատի դա, քանի որ շատերը չեն դիմում հիվանդանոց, այլ բուժվում են տանը։

Նորայր Չախոյանի թոռնուհիներն օրերս են դուրս գրվել հիվանդանոցից, որտեղ հայտնվել էին թունավորմամբ, ինչի պատճառը Չախոյանը խմելու ջուրն է անվանում։

«2000 լարի եմ ծախսել թոռնուհիներիս բուժման վրա: Խմելու ջրի մեջ առնետներ կան, ջուրը քլորացված չէ, ջրավազանը վատ վիճակում է, նոր գիծը կառուցել են, բայց մոտ 300 մ ջուրը կրկին հոսում է ասբեստե խողովակներով»,- ասում է Նորայր Չախոյանը, ով ունի չորս թոռնուհի։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, թեև ընդամենը մեկ տարի է, ինչ այս պաշտոնն է զբաղեցնում, բայց ծանոթ է այս խնդրին և ասաց, որ Ալաթուման գյուղի ջրամատակարարման հարցը քննարկվում է։

«Ինչ վերաբերում է ազբեստին, մենք դա կփոխենք: Այս ջրագիծը չի փակվելու, մնալու է ոռոգման համար, այնտեղ լիճ կա, մենք այդ լիճը կլցնենք և դա կօգտագործվի ոռոգման, անասուններին ջրելու համար: Երկու ջրագծերն էլ կաշխատեն: Մենք հաջորդ տարի՝ գարնանը, կզբաղվենք Ալաթումանի ջրագծով, արդեն ունենք նախահաշիվները»,- ասաց Մելքոն Մակարյանը։

գ.Կումուրդո, այստեղ 2019 թվականին անասունների խմելու համար ջրավազան են կառուցել, որը ջրով չի լցվել

Ալաթուման գյուղի ջրամատակարարման համակարգը կառուցած Գարիկ Զարմարյանից բացի քաղաքապետարանին դատի է տվել նաեւ «Գոլդ 777» ընկերությունը։ Այն Կումուրդո գյուղում անասունների համար ջրելատեղ է կառուցել, բայց ջուրն այնտեղ չի բարձրացել: Ինչպես քաղաքապետարանից Jnews-ին պարզաբանել էին դեռ 2019 թվականին, պարզվել է, որ նախագծողը սխալ է ընտրել խողովակի տրամագիծը և չի հաշվարկել մակարդակները։ Այդ ժամանակ քաղաքապետարանը կատարված աշխատանքի դիմաց ընկերությանը վճարել էր 6762 լարի։

Հաճախ այն հարցին, թե ինչու է նախագիծը կամ աշխատանքն ընդունվել քաղաքապետարանի հանձնաժողովի կողմից, մեզ այնտեղ պատասխանում էին, որ անկախ փորձագիտական ընկերությունը ստուգել է նախագիծը կամ աշխատանքը և ընդունել այն։ «Խրիզոլիտ» անկախ փորձագիտական ընկերության ներկայացուցիչ Թոռնիկե Ախվլեդիանին Jnews-ին հայտնեց, որ իրենք Ալաթուման և Կումուրդո գյուղերի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննություն չեն անցկացրել։

«Աշխատանքն մենք ընդունել ենք, դրանք ըստ նախագծի էին իրականացվել: Ջուրը չէր հոսում բարձրության պատճառով, երևի ճշգրիտ չէր նախագծված, հավանաբար նախագծողն էր մեղավոր: Շինարարն իր գործն արել էր: Քաղաքապետարանն է աշխատանքները ընդունում, մենք ուղղակի ասացինք, որ աշխատանքներն իրականացվել են ըստ նախագծի»,- ասաց Թոռնիկե Ախվլեդիանին։

Ալաթուման և Կումուրդո գյուղերի նախագծային նախահաշիվները կազմել է նախագծող Գևորգ Գալիվոնջյանը։ Jnews-ի հետ զրույցում նա նշեց, որ խնդիրը նախագծի մեջ չէ։

«Դա նշանակում է, որ ինչ-որ տեղ ջրի կորուստ կա, եթե ջուրը չի հոսում, ես ամեն ինչ ճիշտ եմ կազմել, հավանաբար ինչ-որ տեղ ճնշումն ընկնում է ջրի կորստի պատճառով: Կումբուրդոյում ևս կորուստ կա, դա որևէ կապ չունի խողովակների տրամագծի հետ: Ինձ ոչ ոք դատարան չի կանչել»,- ասաց Գեւորգ Գալիվոնջյանը։

Մատների վրա կարելի է հաշվել գործերը, որոնք հասել են մինչև դատարան, սակայն մունիցիպալիտետում ավելի շատ են այն նախագծերը, որոնք արդյունք չեն տվել։

Projects
Infogram

Նույն իրավիճակն է Վարևան և Սուլդա գյուղերի ջրամատակարարման նոր գծի կառուցման դեպքում։
Վարեւան գյուղում ապրում է 160 ընտանիք։ Գյուղում ջրագիծը կառուցվել է 2010 թվականին, որի համար ծախսվել է 180 000 լարի, սակայն ջուրը գյուղ չէր հասնում։ 2019 թվականին 12,5 կմ երկարությամբ ջրագծի համար կրկին հատկացվել է 400 հազար լարի։ Բայց կրկին անօգուտ: 2020 թվականին ջրամատակարարման նոր գծի կառուցման համար կրկին հատկացվել է 688 250 լարի, որից 500 000 լարին Տարածաշրջանային զարգացման հիմնադրամից, 188 250 լարին՝ տեղական բյուջեից։ Ծրագիրն իրականացրել է «Universal Georgia 2008» ՍՊԸ-ն 654 321 լարիի չափով։ Արդյունքում Վարեւանի ջրամատակարարման վրա ծախսվել է ընդամենը 1 268 250 լարի։

Վարեւանում ջուրը հոսում է ջրամատակարարման երրորդ փորձից հետո

Սուլդա գյուղում ապրում է 185 ընտանիք։ Գյուղում ջուրն անց է կացվել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղից, ինչի համար անհրաժեշտ է եղել մեծ հզորությամբ ջրի պոմպ տեղադրել։ 2015 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետը 26 190 լարի է հատկացրել Սուլդա գյուղում ջրամատակարարման նոր գծի կառուցման համար։ Մրցույթը շահել է անհատ ձեռնարկատեր Ցոլակ Վարդիկյանը։ Սուլդա գյուղի ջրի խնդիրը չի լուծվել: 2021 թվականին հատկացվել է 1 188 588 լարի, աշխատանքներն իրականացվել են, սակայն գյուղում ջուրը եկել է ոչ մշտապես և այն եղել է օգտագործման համար ոչ պիտանի։ 2022 թվականին կրկին հատկացվել է 1 291 195 լարի, սակայն աշխատանքները դեռ չեն սկսվել։ Տենդերը շահել է «Էմ-Սի Գրուպ» ՍՊԸ-ն։ Ընդհանուր գումարը կազմում է 2 505 973 լարի։

Սուլդայի բնակիչները օգտագործման համար ջուրը բերում են հարևան գյուղերից

2019 թվականին Ախալքալաքի խոշոր եղջերավոր անասունների շուկան փակվել է Պարենի ազգային գործակալության կողմից՝ ստանդարտներին չհամապատասխանելու պատճառով։ Ախալքալաքի անասնաշուկայի համար ընդհանուր առմամբ ծախսվել է 60 529 լարի, և դեռ հայտնի չէ՝ Պարենի ազգային գործակալությունը կընդունի այդ աշխատանքը, թե ոչ։ Չափորոշիչներին համապատասխանելու համար երեք անգամ անընդմեջ աշխատանքներ են իրականացվել։

Թե երբ կբացվի խոշոր եղջերավորների անասնաշուկան, հայտնի չէ։

Խուլգումո գյուղի մանկապարտեզի համար ծախսվել է 118 236 լարի։ Շինարարությունը սկսվել է 2014 թվականին, բայց մանկապարտեզը բացվել է 2021 թվականին, 7 տարի աշխատանքներ են տարվել, գումարներ հատկացվել, բայց մանկապարտեզը չի բացվել, քանի որ պարզվել է, որ ջրագիծը չի աշխատում, ջուրը չի հոսում, ապա նաև պարզվել է, որ չկա էլեկտրականություն, աստիճանաճաղերը սարքած չեն եղել, պահեստը չի կառուցվել։ Վերանորոգման ընթացքում հին էլեկտրական անջատիչներն ու վարդակները չեն փոխվել, նույնիսկ՝ վնասվածները։ Այդ ընթացքում սենյակների վերանորոգումն արդեն փչացել էր, պատերը խոնավությունից պատվել էին բորբոսով։ Շենքն ընդհանրապես չի համապատասխանում նախադպրոցական ուսումնական հաստատության չափանիշներին։


Յոթ տարի անընդմեջ աշխատանքներ են տարվել կառուցապատ շենքում, որպեսզի այնտեղ մանկապարտեզ բացեին

Պետական աուդիտի ծառայությունն ուսումնասիրել է Ախալքալաքի մունիցիպալիտետի 2018-2019 թվականների աշխատանքը և հայտնաբերել թերություններ։ Ծառայության հաշվետվությունում թերություններից մեջբերված է Ալաթուման գյուղի ջրատարի կառուցումը։

Հարցին, թե ինչու են Ախալքալաքում իրականացված նախագծերն այդքան անարդյունավետ, մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանն ասաց, որ չի կարող պատասխանել իրենից առաջ տեղի ունեցող իրադարձությունների համար, բայց հարցին՝ թե ինչ են անում այսօր իրենք, որպեսզի հետագայում նման բան չլինի, նա ասաց հետեւյալը.

«Աշխատանքի ընթացքում մենք վերահսկում ենք ընթացքը, եթե տեսնում ենք, որ նախագծողի խնդիրն է, զանգում ենք և ասում ենք նրանց: Մենք վերահսկում ենք բոլոր աշխատանքները սկզբից մինչև վերջ, հատկապես եթե գումարը մեծ է»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Պետական աուդիտի ծառայության հաշվետվությունում Ախալքալաքի մունիցիպալիտետի 2018-2019թթ. աշխատանքների առթիվ մեջբերվում են առաջարկություններ՝ միտված տեղական իշխանությունների աշխատանքի արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելուն։ Խոսվում է վերահսկողական մեխանիզմի մշակման մասին, որը քաղաքապետարանը պետք է իրականացնի յուրաքանչյուր նախագծի դեպքում, ինչպես նաև ընթացիկ աշխատանքների մշտական մոնիտորինգի մասին։ Աուդիտորական ծառայությունը խորհուրդ է տալիս նաև գնահատել դրա իրականացման հնարավորությունը ավելի շուտ՝ նախքան ծրագրի մեկնարկը, և եթե ինչ-որ աշխատանք է սկսվել, ապա այն հասցնել այն կետին, որ դա արդյունք տա։ Հանձնարարականներում պարզապես չի ասվում այն մասին, որ բացահայտվի և՛ նախագծերն իրականացնող ընկերությունների աշխատակիցների ու ֆիզիկական անձանց, և՛ վերահսկող մարմինների իրավասությունը։