Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզները դեռ չեն ընդունում երեխաներին, որովհետև մթերքի ձեռքբերման տենդերների հետ կապված խնդիրներ կան, նրանք չեն կարող երեխաներին սննդով ապահովել: Այնուամենայնիվ, Միավորումում նախատեսում են մանկապարտեզները բացել հունվարի 20-ին:
Ճշգրիտ ամսաթիվը, թե երբ կբացվեն մանկապարտեզները, Միավորումում չեն ասում:
«Այսօր մենք չկարողացանք բացել մանկապարտեզները, քանի որ մթերք չկա, խնդիրը տենդերների մեջ էր, հաղթող ընկերության փաստաթղթերը ճիշտ չէին, ուստի նորից հայտարարեցինք մրցույթը: Մենք ուզում ենք մինչև 20-ը բացել: Գլխավորն այն է, որ հաց գնելու տենդերը կայանա, մենք ուզում ենք, որ թույլտվության դեպքում ուղղակի պայմանագիր կնքենք, որպեսզի հացը գնենք, մինչեւ տենդերը կկայանա», – ասում է Միավորման տնօրեն Անահիտ Ասատրյանը:
Ախալքալաքի մանկապարտեզների միավորումը հայտարարել է մթերքների ձեռքբերման մի քանի տենդեր: Վերստին հայտարարվել է առավել անհրաժեշտ մթերքների՝ հաց, աղ, շաքարավազ, կակաո, թեյ, մակարոնեղեն, վերմիշել և կանաչեղեն գնելու տենդերը: Դրա համար մունիցիպալիտետը հատկացրել է 42 784 լարի: Մրցույթը հայտարարվել է հունվարի 13-ին, իսկ դիմումները ընդունելու վերջնաժամկետն ավարտվում է հունվարի 21-ին:
Առաջին անգամ այդ մթերքների գնման տենդերը հայտարարվել էր 2019 թվականի դեկտեմբերի 27-ին, բայց տենդերը շահած «Նեբա» ՍՊԸ-ն որակազրկվել էր:
Հայտարարվել է կաթնամթերքի գնման համար տենդեր՝ 142 836 լարիի չափով: Արդեն հայտնի է այն ընկերության անվանումը, որը մանկապարտեզներին կտրամադրի կաթնամթերք, դա «Միալե» ՍՊԸ -ն է, այն շահել է տենդերը 133 000 լարիով: Ընթանում է փաստաթղթերի պատրաստման գործընթացը:
Բանջարեղենի ձեռքբերման համար մունիցիպալիտետը հատկացրել է 58 346 լարի: Անհատ ձեռնարկատեր Շալվա Գորգիձեն տենդերը շահել է 52 987 լարիով: Ընթանում է փաստաթղթերի պատրաստման գործընթացը:
Կայացել է նաև հավկիթներ գնելու համար տենդերը: Մանկապարտեզների միավորումը ձեռք է բերելու 27 300 հատ ձու: Մրցույթը կրկին շահել է «Նեբա» ՍՊԸ-ն՝ 8097 լարիով:
Մսամթերքի և մսեղենի գնման տենդերը դեռևս չի հայտարարվել: