Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում տեղի ունեցավ հերթական նիստը, որի ժամանակ քննարկվեցին 2021 թ. բյուջեի փոփոխությունները: Մինչ հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները, բյուջեն այլևս ենթակա չէ փոփոխությունների:
Այսօր՝ հուլիսի 27-ին, տեղի ունեցավ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նիստը: Քննարկվեցին բյուջեի փոփոխությունները և տարածաշրջանում Ձյուդոյի ֆեդերացիայի ստեղծումը:
Բյուջեի փոփոխությունները կազմում են 852 563 լարի: Այս գումարը բաշխվել է տարբեր ենթակառուցվածքային աշխատանքների համար, այդ թվում՝ Ափնիա գյուղի ծիսակատարությունների տան վերականգնում, Էխտիլա գյուղում ջրամատակարարման համակարգի անցկացում, Ախալքալաքի թիվ 1 մանկապարտեզի վերականգնում, Մոդեգամ գյուղի փողոցային լուսավորություն, Գրադարանների միության շենքի վերանորոգում, Ախալքալաքի ՀԱԿ-ի երկրորդ մուտքի բացում, Գոգաշեն գյուղում ոռոգման ջրանցքների մաքրում, Ախալքալաքի անասնապահական շուկայի տարածքում ջրի անցկացում, Տրկնա գյուղում ջրագծի անցկացում և որոշ այլ աշխատանքներ: Հաստատվել են նաև տարբեր ապրանքների գնման ծախսերի կետերը, ավելացվել է մունիցիպալ հաստատությունների և եկեղեցիների էլեկտրաէներգիայի վճարման գումարի չափը:
Նիստի ընթացքում Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, պատգամավորների ծափողջույնների ներքո, շնորհավորեց վրացի ձյուդոիստներին, Ճապոնիայում ընթացող Օլիմպիական խաղերում տարած հաղթանակի կապակցությամբ: Այնուհետև քննարկեցին ձյուդոյի շրջանային ֆեդերացիա ստեղծելու հարցը:
Նիստի ավարտին «Բազմազգ Վրաստան» կազմակերպության համակարգող Վաղաշ Շախբեկյանը պատգամավորներին ներկայացրեց կազմակերպության նոր ծրագիրը, որը նրանք իրականացնում են Ախալքալաքում: