Ապրիլի 22-ին՝ Երկրի համաշխարհային օրը, «Ախալքալաք» ՀԷԿ-ի բնապահպանական բաղադրիչի շրջանակներում ծառեր են տնկվել։

«Ախալքալաք-1» ՀԷԿ-ի տարածքում «Աիսի» ընկերության աշխատակիցները և Ախալքալաքի քաղաքապետարանի ներկայացուցիչները՝ քաղաքապետ Մելքոն Մակարյանի գլխավորությամբ, ինչպես նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի ներկայացուցիչները՝ նախագահ Նաիրի Իրիցյանի գլխավորությամբ, մասնակցեցին ծառատունկի ակցիային: ՀԷԿ-ի տնօրինությունն առաջին անգամը չէ, որ նմանատիպ ակցիաներ է անցկացնում, այս ծրագիրը եռամյա է (2021-2023 թթ.): «Ախալքալաք-1» և «Ախալքալաք-2» հիդրոէլեկտրակայանները կառուցել և շահագործում է «Աիսի» ընկերությունը, ըստ որի՝ այսօրվա ակցիայի շրջանակներում տնկվել է 220 տնկի, այդ թվում՝ 100 կեռավոր սոճի, 70 հացենի, 50 թխկու տնկի։

Дизайн без названия - 1

Նոր տնկիները տնկվել են «Ախալքալաք-1» և «Ախալքալաք-2» ՀԷԿ-երի տարածքում: Նաև, ըստ նույն տեղեկությունների, ընկերությունը տեղի մունիցիպալիտետին է հանձնել 50 տնկի, որոնք տնկել են Ախալքալաք-Կարծախ և Ախալքալաք-Նինոծմինդա ավտոճանապարհներին:

«Այս տարի մենք ավարտեցինք Ախալքալաքի ՀԷԿ-ի նախաձեռնած եռամյա կանաչապատման և ռեկուլտիվացման ծրագիրը, որի շրջանակներում ընդհանուր առմամբ 1 675 տնկի տնկվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի տարբեր տարածքներում։ Մենք ուրախ ենք, որ տնկիների բնությանը միաձուլելու գործընթացը շատ դեպքերում հաջող է անցել, և դրա համար անչափ շնորհակալ ենք ՏԻՄ ներկայացուցիչներին, ովքեր ամբողջ տարվա ընթացքում հոգ են տանում այդ տնկիների մասին։ Ախալքալաքի ՀԷԿ-ի բնապահպանական և սոցիալական ծրագրերը նպաստում են ծրագրի շրջակայքում գտնվող գյուղերի զարգացմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների իրականացմանը», – ասաց Շրջակա միջավայրի պահպանության և սոցիալական ծրագրերի ղեկավար Նինո Թևդորաշվիլին:

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը շնորհակալություն հայտնեց այս ակցիայի համար։

Дизайн без названия - 1

«Անպայման կշարունակենք կանաչապատման ծրագիրը, ուզում եմ շնորհակալություն հայտնել «Աիսի» ընկերությանը և ՀԷԿ-ի ղեկավարությանը նման ակցիա անցկացնելու համար, այսօր Ախալքալաքի քաղաքապետարանը և սակրեբուլոն ընկերության աշխատակիցների հետ միասին անցկացրեցին հերթական ծառանտունկ՝ տնկելով մեր բարեկամության ծառերը մեր տարածքում՝ Ախալքալաքի մունիցիպալիտետում, արդեն երրորդ տարին է, ինչ այս ծրագիրն իրականացվում է Երկրի օրը՝ ապրիլի 22-ին։ Որքան շատ լինեն նման բարեգործական միջոցառումները, այնքան մեր մունիցիպալիտետը կապահովվի թթվածնով»,- ասաց Մելքոն Մակարյանը։

Дизайн без названия - 1

Հարցին, թե որքանո՞վ ծառատունկը կծածկի այն վնասը, որ ՀԷԿ-երը պատճառում են Ջավախքի բնությանը, Ախալքալաքի քաղաքապետը պատասխանեց.

«Միայն ծառերը չեն, մենք այս ընկերությունից ահռելի եկամուտներ ենք ստանում տեղական բյուջե՝ 400-500 հազ. լարի: Ինչ արած, կփորձենք փոխհատուցել բնությանը հասցված վնասը»,- պատասխանեց Մելքոն Մակարյանը։

«Ախալքալաք» ՀԷԿ-ը վստահեցնում է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության առումով այդ կայանները «կանաչ» են։

ՀԷԿ-ը կոմերցիոն շահագործման է հանձնվել 2022 թվականի նոյեմբերին։ Դրա նախագծային դրվածքային հզորությունը 9,1 ՄՎտ է, իսկ տարեկան արտադրողականությունը՝ 49 ԳՎտժ։