Տարեսկզբից մինչև հոկտեմբերի 10-ը, Հանրային առողջապահության կենտրոնի տվյալներով, Ախալքալաքում գրանցվել է մարդկանց վրա կենդանիների հարձակման 75 դեպք, մեծամասամբ դրանք շան կծոցի դեպքերն են՝ ինչպես տնային շների, այնպես էլ անօթևան:

Հոկտեմբերի 9-ին, ժամը 08:30-ին, բժիշկ Ելենա Ֆիգելի անվան զբոսայգու հարակից Աղմաշենեբելի փողոցի բազմահարկ շենքերից մեկի բնակիչը դուրս է եկել բակ՝ աշխատանքի գնալու նպատակով։ Նրա վրա է հարձակվել և կծել բակի թափառող շունը։ Շունը տեր չունի, բայց հաճախ նրան խնամում են այս շենքի բնակիչները։ Չնայած դրան՝ թափառող շունն արդեն որերորդ անգամ է հարձակվում է բնակիչների վրա։ Երբեմն բնակիչները միայն վախենալով են պրծնում։ Կծելու դեպքում ոչ բոլորն են դիմում հիվանդանոց։

Հոկտեմբերի 9-ի առավոտյան տուժած երիտասարդ կնոջը տեղափոխել են հիվանդանոց, մի քանի կար դրել ու ներարկումներ արել, նա իրեն լավ է զգում։

Ըստ ՀԱԿ-ի աշխատակիցների՝ շան կծելու դեպքում բնակիչները դիմում են հիվանդանոց, որտեղ տուժածներին ցուցաբերվում է բժշկական օգնություն, իսկ Հանրային առողջապահության կենտրոն շտապ ծանուցում է ուղարկվում։ Այս տարվա սկզբից մինչ օրս Ախալքալաքում գրանցվել է կենդանիների հարձակման 75 դեպք, որոնցից՝ մեկ առնետի հարձակում, երկու կատվի, մնացած բոլոր դեպքերում մարդկանց վրա հարձակվել են շները՝ անօթևան և տնային։

Հիշեցնենք, որ այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետը բյուջեից 26 000 լարի է հատկացրել թափառող շներին բռնելու և ստերիլիզացնելու համար, սակայն տենդերն այդպես էլ չի հայտարարվել, չնայած տեղական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ տենդերը մոտ ժամանակներս կայանալու է։ Մի շարք դեպքերում կենդանասերները ֆիքսել են թափառող շներին կրակելու փաստեր։ Ճիշտ է, թափառող շների խնդիրը մշտապես քննարկվում է տեղական իշխանությունների ներկայացուցիչների կողմից, սակայն կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում։