Խոզապինի լճի մոտ, վրաց-թուրքական սահմանին գտնվող Կարծախ գյուղում, Ջավախքի Պահպանվող տարածքներում, երկու տարի առաջ, բնության գրկում հանգստի սիրահարների համար, կառուցվել է երկու էկո քոթեջ։ Այս տարի այնտեղ հանգստացել է 13 հոգի։ Քոթեջների կառուցման նախագիծն իրականացվել է ENPARD-2 ծրագրով, Ախալքալաքի զարգացման խմբի (LAG) աջակցությամբ:
Ծրագրի գումարը կազմել է 113,772,44 լարի։ LAG-ը ֆինանսավորել է ծախսերի 65%-ը, որը կազմել է 73951,8 լարի։ Համաֆինանսավորումը կազմել է 35%, համապատասխանաբար՝ 39820,64 լարի, որը նախագծում ներդրվել է Կովկասի բնական հիմնադրամի (CNF) կողմից։
Քոթեջները կառուցվել են Խոզապինի լիճ այցելուների համար, ովքեր գալիս են հանգստանալու, մեկուսանալու և թռչուններին դիտելու: Այդ վայրը գյուղից հեռու է։ Նշենք, որ քոթեջների մոտ չկա ոչ մի խանութ կամ այլ ենթակառուցվածք։
Քոթեջները փայտյա են, գետնից բարձր են։ Ներսում կա 2 ննջասենյակ, խոհանոց և ընդհանուր սենյակ։ Սանհանգույցը փողոցում է: Քոթեջներում ջուր չկա։ Այս տարի տնակներում հանգստացել է ընդամենը 13 մարդ։ Ջավախքի ազգային պարկի աշխատակիցների կարծիքով, եթե ջուր լիներ, այցելուների թիվը կարող էր ավելի մեծ լինել։
Քոթեջն օրավարձով տրվում է 60 լարիով, դրանում կարող է տեղավորվել 8-9 հոգի։