Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո-Վարեւան, Լոմատուրցխ-Բուռնաշեթ-Ղադոլար, Հոկամ-Քարծեփ եւ Դադեշ գյուղերի ճանապարհների ասֆալտապատման համար պետբյուջեից հատկացվել է 4 404 244 լարի։ Աշխատանքների իրականացման համար տենդերներն արդեն հայտարարված են։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը հայտարարել է գյուղական ճանապարհների ասֆալտապատման 3 տենդեր.
Ախալքալաք-Կարզախ կենտրոնական ճանապարհից մինչև Դադեշ գյուղ։ Այդ աշխատանքների համար հատկացվել է 1 207 710 լարի։
Հոկամ գյուղից մինչև Քարծեփ գյուղ, հատկացված գումարը կազմում է 738 631 լարի։
Ինչպես նաև մեկ տենդերով հայտարարել են Խանդո-Վարևան և Լոմատուրցխ-Բուռնաշեթ գյուղական ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։ Այս աշխատանքները համարվում են երկարաժամկետ, քանի որ նախատեսվում է այդ աշխատանքները կատարել երկու տարվա ընթացքում, թեեւ քաղաքապետարանը չի բացառում, որ դրանք հնարավոր է ավարտին հասցվեն մեկ տարում։ Ամեն ինչ կախված է ֆինանսական միջոցներից։
Ասֆալտապատվում է Խանդոյից մինչև Վարևան, մինչև գյուղի հանրային դպրոց։ 2022 թվականին նախատեսվում է իրականացնել 567 117 լարիի չափով աշխատանքներ, իսկ 2023 թվականին՝ 569 957 լարիի չափով։
Լոմատուրցխ-Բուռնաշեթ, մինչև գյուղի դպրոց։ 2022 թվականին նախատեսվում է իրականացնել 743 795 լարիի չափով աշխատանքներ, իսկ 2023 թվականին՝ 577 034 լարիի չափով։
Պետական բյուջեի կողմից ֆինանսավորվող նախագծերում աշխատանքների արժեքի 95%-ը վճարում է պետությունը, իսկ առնվազն 5%-ը՝ տեղական բյուջեն։