Հիմա ամենամեծ թվով այցելուներ ունեն Ախալքալաքի խաղատնային հաստատությունները: Դա պայմանավորված է նրանով, որ արտասահմանից արտագնա աշխատանքից վերադարձած բազմաթիվ մարդիկ խաղատնային հաստատությունների այցելուներն են:
Ախալքալաքի առավել «լուսավոր կետերը» խաղատները և սլոտ-ակումբներն են: Մարդիկ տարբեր պատճառներով կախվածություն են ձեռք բերում մոլեխաղերից: Մոլեխաղային բիզնեսը զարգանում է այն կարծրատիպի վրա հիմնվելով, որ Ախալքալաքում մեկ այլ ժամանցային բիզնես չի արդարացնի իրեն:
Ախալքալաքում՝ այս փոքրիկ քաղաքում, այսօր գործում է 7 մոլեղախային հաստատություն: Ձմռանը այդ հաստատությունների այցելուները շատ ավելի են դառնում, դա պայմանավորված է նրանով, որ ամբողջ շրջանից սեզոնային արտագնա աշխատանքի գնացող տղամարդիկ տուն են վերադառնում:
Խաղատների համար ամենաակտիվ սեզոնը համարվում է նոյեմբերից հունվար-փետրվար ամիսները: Եթե գարնանը և ամռանը՝ «մեռած» սեզոնի ընթացքում, խաղատնային հաստատությունների աշխատակիցների գնահատմամբ, օրական մոտ 50 այցելու կա, ապա այսօրվա դրությամբ այցելուների թիվը հասնում է 500-ի կամ ավելիի:
Ըստ Ախալքալաքի խաղատնային հիմնարկներից մեկի աշխատակցի, այսօր խաղացողների մեծամասնությունը Ախալքալաքի շրջանից են, ինչպես նաև հենց Ախալքալաքի բնակիչները: Տեղացիներից բացի, նաև ավելի շատ խաղացողներ գալիս են Թուրքիայից, քանի որ այնտեղ խաղատնային հաստատություններն արգելված են:
Ախալքալաքում խաղացողները չեն սիրում խոսել իրենց կախվածության մասին: Շատերն ընդհանրապես չեն խոսում, փոխում են խոսակցության թեման, իսկ նրանք, ովքեր խոսում են իրենց մոլուցքի մասին, անկեղծանում են, որ խաղալով ցրվում են հոգսերից, առօրյա կյանքից և այդպես անց են կացնում իրենց ժամանակը:
Այնուամենայնիվ, շատերը դիմել են ռիսկի, քանի որ փող է հարկավոր եղել, բայց չեն մտածել հետևանքների մասին:
«Ես ավելի քան 2000 լարի պարտք ունեի, իսկ գրպանումս ընդամենը 1250 լարի կար, խաղատուն մտա այն հույսով, որ կհաղթեմ, բայց, արդյունքում կորցրեցի ամբողջ գումարը», – ասում է այն մարդը, ով ազարտային խաղերով փորձել է «բախտը» և չի պատրաստվում փորձել կրկին:
Ախալքալաքի խաղատներից մեկի աշխատակիցն ասում է, որ շատ են դեպքերը, երբ տանուլ են տալիս թանկարժեք զարդեր կամ մեքենաներ:
Ականատեսի խոսքով՝ շատ անգամ պատահել է, որ մարդը Ռուսաստանից վերադարձել է արտագնա աշխատանքից, մտել է խաղատուն և պարտվել է վաստակած ամբողջ գումարը:
«Իմ ծանոթներից մեկը, Ռուսաստանից տուն վերադառնալուց երկրորդ օրը մտել է խաղատնային հաստատություն և տանուլ տվել իր վաստակած գրեթե ամբողջ գումարը», – ասում է նա:
Երբեմն խաղացողների մեծ ցանկությունը` խաղատանը խոշոր շահույթի տեր դառնալ, վերածվում է մոլուցքի, ինչի արդյունքում նրանք դառնում են խաղամոլ:
«Վերջերս ես տեսա, թե ինչպես Թուրքիայի մի քաղաքացի մեծ գումար էր խաղում՝ «ջեքփոթ» հաղթելու համար, բայց արդյունքում նա կորցրեց ավելի քան 2500 լարի և դուրս եկավ դատարկ գրպաններով», – ասաց ականատեսը, ով չցանկացավ ներկայանալ:
Ըստ Ախալքալաքի խաղատնային հաստատության աշխատողի, որոշ խաղացողներ կարող են կորցնել 10 000 և հանգիստ հեռանալ, ասելով՝ «ցտեսություն»: Որոշ խաղացողներ էլ կարող են չպարտվել այդքան մեծ գումարներ, բայց դրանից շատ տառապել: Եղել են դեպքեր, երբ խաղացողները ինքնասպանություն են գործել:
Խաղատանը կորցնելով իր վերահսկողությունը, խաղացողը սկսում է ծախսել ոչ միայն իր բյուջեն, այլև խնդիրներ է առաջացնում իր հարազատների և ընկերների համար:
Ըստ Ջոնիի (անուն փոխված է), մի անգամ հարևանը փող է տվել վարկը մարելու համար, իսկ նա պարտվել է ուրիշի գումարը սլոտ-ակումբում: Ստեղծված իրավիճակը կարգավորելու համար ստիպված է եղել կովը վաճառել:
Թե որքան հաճախ են խաղատուն այցելում խաղամոլները, կախված է նրանից, թե որքան գումար ունեն և ինչ հաճախականությամբ են գյուղից գալիս քաղաք: Պարզվել է, որ կան մարդիկ, ովքեր, երբ քաղաք են գալիս, առաջին տեղը, որտեղ նրանք գնում են հենց խաղասրահներն են:
Ախալքալաքի խաղասրահներից մեկի աշխատակիցն ասում է, որ սովորաբար գյուղից գալիս են 7-8 հոգի, մեկը խաղացող է, իսկ մյուսներն առաջին անգամ են այցելում:
«Մեկ անգամ, բախտի բերմամբ թե պատահմամբ, եթե շահում է, նա մտնում է ազարտի մեջ և սկսում է խաղալ: Ներկայիս խաղացողների մեծ մասը մարդիկ են, ովքեր վերջերս են վերադարձել արտերկրից՝ արտագնա աշխատանքից», – ասում է խաղատնային հաստատության նախկին աշխատակիցը:
Ոմանց համար սա մոլուցք է, ոմանց համար էլ՝ ժամանց, որոշների համար էլ անընդհատ վեճեր, կոնֆլիկտներ ու արցունքներ…