Էդիկ Կամալյանը Մառնեուլի շրջանի Շահումյան գյուղից է, նա նախնական կրթությունը ստացել է գյուղի ռուսական դպրոցում, այժմ Իլիայի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնի ուսանող է: Էդիկն աչքի է ընկնում ուսման մեջ բացառիկ առաջադիմությամբ և անցած կիսմյակում հավաքած բալերով հայտնվել էր իրենց ֆակուլտետի թոփ տասնյակում: Նա այն ուսանողներից է, ովքեր ապացուցում են, որ հաջողության հասնելու համար կարևոր է աշխատասիությունը և, ոչ թե միայն ազգությունը:

Եթե շրջաններից եկող ուսանողների մեծ մասն ունենում են վրացերեն լեզվի հետ կապված խնդիրներ, ապա Էդիկի մոտ ավելանում էր նաև հայերեն գրել կարդալ չիմանալու հարցը, և նա հայերեն սկսել է սովորել դպրոցն ավարտելու վերջի ամիսներին, ընդհանուր ունակությունների քննությունը հանձնել է հայերեն լեզվով և պետության կողմից 100 տոկոս ֆինանսավորում է ստացել: Դպրոցական տարիներից Էդիկը ակտիվ մասնակցություն է ունեցել մի շարք ծրագրերում, մասնակցել է կոնֆերանսնեի և ամեն փոքր առիթն օգտագործել է վրացերենի իմացությունը զարգացնելու համար:

«Նախապատրաստական կուրսի երկրորդ կիսամյակում արդեն մտածում էի ապագա մասնագիտություն ընտրելու մասին և ուսումնասիրում էի համալսարանի էջը, հասկանալու համար, թե ո՞րն է ավելի համապատասխան իմ նախասիրություններին և վերջնական ընտրությունս կանգ առավ հենց քաղաքագիտության վրա: Դեռ մանկուց շատ էի հետաքրքրված քաղաքական անցուդարձով, ուշադրությամբ էի նայում, երբ օրինակ. հեռուստացույցով ինչ-որ քաղաքական ելույթ կամ քննարկում էր լինում, և մտածեցի, որ այդ մասնագիտության մեջ ինձ լիարժեք կզգամ: Մեծ էր նաև ընտանիքիս աջակցությունը, միշտ խորհուրդ էին տալիս ընտրել այն մասնագիտությունը, որը հենց իմ սրտով է»:

Մեր այն հարցին, թե ապագայում ինչպե՞ս է տեսնում ինքն իրեն ընտրած մասնագիտության մեջ, Էդիկը ծիծաղով է պատասխանում: Շատերը, երբ իմանում են, թե ինչ մասնագիտություն է ընտրել, հարցնում են՝ պատգամավո՞ր ես դառնալու: Նշում է՝ իր ստացած գիտելիքներով կկարողանա տարբեր տեղեր աշխատանք գտնել, կլինի դա պետական կամ ոչ կառավարական հատվածում:

 

edik 3

Անցած աշնանային կիսամյակում Էդիկի ՄՈԳ-ը 100 բալանի համակարգից կազմել է 99,8 բալ, ինչը շատ բարձր ցուցանիշ է: Քաղաքագիտության ֆակուլտետում, որը ներառում է տարբեր բաժիններ, Էդիկ Կամալյանը թոփ տասնյակի 6-րդ տեղում է հայտնվել:

«Չնայած բավականին շատ ժամանակ եմ տրամադրում դասերիս, միևնույն է, երբ տեսա ցանկը, անսպասելի էր, հատկապես այն, որ միակ հայ ուսանողն եմ լավագույն տասնյակում: Ինձ համար դա ահռելի մեծ մոտիվացիա էր, որն այսպես ասած ստիպում է շարունակել նույն ոգևորությամբ: Ես միշտ մրցակցության մեջ եմ, ոչ թե մրցում եմ մյուսների, այլ ինքս ինձ հետ, փորձում եմ կատարելագործվել, այսօր ավելի լավ սովորել, քան երեկ»:

edik 2

Համեմատականներ անցկացնելով իր շրջանի և կոմպակտ հայերով բնակեցված այլ շրջաննեի մեջ, Էդիկը նշում է, որ չնայած, որ իրենք կողք կողքի ապրում են վրացիների և ադրբեջանցիների հետ, միևնույն է՝ զգալի տարբերություն չի տեսնում:

edik 4

Այն երիտասարդներին, ովքեր պատրաստվում են ապագա մասնագիտություն ընտրել, Էդիկը խորհուրդ է տալիս՝ նա գնահատել սեփական կարողություններն ու հնարավորությունները, այնուհետև փորձել հասկանալ, թե ո՞ր ոլորտն է առավել հետաքրքրում, ի՞նչ աշխատանքի մեջ են իրենք իրենց տեսնում: Իսկ նրանց, ովքեր արդեն իրենց ընտրությունը կատարել են, կոչ է անում՝ երբեք չհանձնվել դժվարության հանդիպելիս, աշխատել այնքան մինչև իրենց ցանկալի արդյունքը ստանան: