Մարինա Ցիկարիշվիլին ակտիվ կին է՝ զարմանալի բնավորությամբ և հետաքրքիր ճակատագրով։ Ղարաբաղահայի և վրացի իշխանադստեր թոռնուհի Մարինային հաջողվել է տարիների ընթացքում իրականացնել «արյան կանչը»՝ իր մեջ պահպանելով և՛ վրացականը, և՛ հայկականը։

Կյանքեր փրկելով

Մարինան ծնունդով Լագոդեխիից է, սակայն կյանքի հանգամանքների բերումով ապրել է Կրասնոդարում, Թբիլիսիում, Մառնեուլիում։ Մարինայի մայրը՝ Ռուզաննա Ավակովան, ղարաբաղցի հայուհու և վրացի իշխանուհու դուստրն էր։ Մարինայի խոսքով՝ իր պապը լեգենդար կերպար է եղել, սակայն տատիկի հետ նրանց ամուսնությունը կարճ է տևել։

Մայրը՝ Ռուզաննա Ավակովան, ամբողջ կյանքում աշխատել է կուսակցությունում՝ փորձելով այնտեղ գրավել նաև Մարինային։ Բայց նա այլ մասնագիտություն է ընտրել: Նրա ընտրությանը նպաստել է մի հետաքրքիր դրվագ սեփական կենսագրությունից։

«Մայրս ինձ շատ ուշ է ունեցել՝ 32 տարեկանում։ Ծննդաբերությունը դժվար ընթացք է ունեցել, և նրա գինեկոլոգը Թամարա Իվանովնա էր։ Եվ ամեն անգամ իմ ծննդյան օրը ես գնում էի այդ կնոջ մոտ մի փունջ ծաղիկներով և մի տուփ շոկոլադով ու շնորհակալություն հայտնում նրան, որ ես ծնվել եմ: Մայրս այդպիսի դրվածք էր սահմանել: Եվ այդ կինն իմ պաշտամունքի առարկան էր դարձել…»,- հիշում է Մարինա Ցիկարիշվիլին:

Այսպիսով, Մարինան իր կյանքը կապեց գինեկոլոգիայի հետ, և այդ ժամանակվանից նա փրկել է բազմաթիվ կանանց և երեխաների կյանքեր։ Սովորել է Կրասնոդարում, ավարտել է 1981 թ․-ին և սկսել աշխատել նույն թվականից։ Կրասնոդարում 10 տարի աշխատելուց հետո, ամուսնու մահվան պատճառով, կրկին տեղափոխվել է Վրաստան։ Հիմնականում Մարինան աշխատում է Թբիլիսիում, բայց աշխատանքի բերումով նրան ուղարկում էին նաև մարզեր, օրինակ՝ Մառնեուլի, որտեղ բազմաթիվ տան պայմաններում ծնունդներ և աբորտներ են եղել։

«Այդ շրջանում աբորտների և ծննդաբերության հարաբերակցությունը 6-ից 1 էր, սա վտանգավոր ցուցանիշ է: Մենք աշխատում էինք ադրբեջանական գյուղերում, հետո երկար տարիներ Շահումյանի ծննդատանը»,- պատմում է Մարինան։

Իր բնույթով նա չի կարող խնդիրը տեսնել և հաշտվել դրա հետ, իսկ այստեղ նա չկարողացավ ձեռքերը ծալած նստել և սպասել կանանց, կամ պարզապես համոզել նրանց։ Տարածաշրջանում իրավիճակը շտկելու համար նա դիմել է տարբեր, այդ թվում՝ ոչ ստանդարտ մեթոդների։

«Մենք շրջում էինք գյուղերով, տնետուն, խոսում էինք հղիության արհեստական ընդհատման վտանգների մասին: Հետո ես գտա մի կարևոր կետ՝ միայն տղամարդիկ էին թաղման ժամանակ գերեզմանոց գնում, բայց կար հատուկ օր՝ հինգշաբթի օրը, երբ կանայք էլ կարող էին գնալ: Եվ Գերեզմանատուն գնալուց հետո նրանք հավաքվում էին տանը, մենք գնում էինք այդ հավաքույթներին, խոսում նրանց հետ: Հետո սկսեցի հաճախել թեյարան, իրականում, կանանց արգելված էր, բայց ես վրացի եմ, ինձ համար միևնույն էր: Այնտեղ ես զրուցում էի տղամարդկանց հետ, և երբ գնում էի, նրանց նվեր էի թողնում պահպանակների լի տուփ»,- հիշում է Մարինան։

Մարինան 35 տարի զբաղվել է ակտիվ մանկաբարձությամբ, այնուհետև խորացել է գինեկոլոգիայի խորհրդատվության մեջ։ Նա նաև մասնակցում է տարբեր մասնագիտական գիտաժողովների՝ ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում։ Մարինան այս պահին աշխատում է Թբիլիսիի Արամյանցի անվան կլինիկայում։

«Արյան կանչ» և ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ

«Համարում էի, որ անպայման պետք է Շուշիում հայտնվեմ, և հայտնվեցի»,- այսպես է սկսում մեր հերոսուհին Ղարաբաղ կատարած իր ճանապարհորդության պատմությունը։ Նա խոստովանում է, որ ցանկացել է հարգանքի տուրք մատուցել ծագումով ղարաբաղցի իր հարազատներին, ովքեր մինչ մահը այդպես էլ չկարողացան այնտեղ հասնել։

«Լագոդեխիում ևս շատ ղարաբաղցիներ կային, ես Ղարաբաղից հող վերցրի ու փորձեցի այս հողը հասցնել բոլորի գերեզմաններին, որովհետև նրանցից ոչ ոք Ղարաբաղ չվերադարձավ: Այստեղից՝ Լագոդեխիից, մոմեր վերցրի, վառեցի դրանք Ղարաբաղում, չգիտեմ: Չգիտես ինչու, ինձ թվում էր, որ ես նրանց ոգուց մի կտոր եմ բերել այնտեղ, իսկ Ղարաբաղի բոլոր եկեղեցիներից, որտեղ մենք էինք, մոմեր էի վերցրել և դրանք բերեցի Լագոդեխի։ Մնացածին ես ավելացրեցի Էջմիածնից վերցրած մոմերը և գնացի Անի ու այնտեղ դրանք վառեցի»,- պատմում է Մարինան։

«Ինձ ուղեկցում էին թուրք պատմաբաններ և ծափահարում ինձ դրա համար»։

Չնայած այն հանգամանքին, որ Մարինայի պապիկը վաղ է հեռացել իր տատիկից, նրա կողմից հարազատների հետ շփումը չի ընդհատվել։ Մարինան կապ է պահպանում Երևանի հարազատների հետ, ինքը մեծացել է Հավլաբարում։

Հորեղբայրս ապրում էր հայտնի «Խուժանի» թաղում: Այնտեղ շատ բազմազգ բակ էր: Հիմա, երբ ես ու բնիկ թբիլիսահայերը խոսում ենք, երբ հիշում ենք «Խուժանի» թաղը, ես անմիջապես հայտնվում եմ իմ ափսեի մեջ»,- ասում է Մարինան։

Հասարակական գործունեություն

Այժմ Մարինան, բացի աշխատանքից, շատ ժամանակ է տրամադրում ոչ կառավարական գործունեությանը։ Նա ունի արհեստագործական ստուդիա, որտեղ երեխաները փորձում են տիրապետել տարբեր արհեստագործական հնարքների:

«Այդ ժամանակ Վրաստանում սկսվեց ակտիվ գենդերային շարժում՝ ընդդեմ վաղ ամուսնությունների: Այդժամ իմացա մի դրամաշնորհային մրցույթի մասին և ներկայացրեցի ստուդիայի գաղափարը: Նախ՝ ես ինքս հետաքրքրված եմ նման ձեռագործ աշխատանքներով, երկրորդ՝ իմ նպատակը երիտասարդներին կրթելն էր»,- պատմում է Մարինան:

Շուլավերի ձեռարվեստի ստուդիան բացվել է 2015թ.-ին: Այս պահին այնտեղ սովորում է տարբեր տարիքի 15 աղջիկ։ Այդ ժամանակից ի վեր ստուդիայի սաների աշխատանքները հաճախ են ցուցադրվում ցուցահանդեսներում, Մարինան աշակերտներին տանում էր Վրաստանով մեկ տարբեր ճամփորդությունների, իսկ վերջերս նրանք էքսկուրսիայի են գնացել Երևան։

«Առաջին հերթին ես աղջիկներին դուրս հանեցի տնից։ Արդեն պարապմունքներին ես կարող էի խոսել նրանց հետ։ Ես նրանց պատմում էի, թե ինչ է վաղ ամուսնությունը, օրինակներ էի բերում, թե ինչպես դա կարող է ավարտվել։ Ես բացատրում էի, թե ինչ է անկախ կինը և ինչումն է տարբերությունը, երբ մտնում ես արդեն կայացած ընտանիք»,- ասում է Մարինան:

Նա նշում է, որ երեխաներն ավելի լավ են կիսում իրենց միջև տեղեկատվությունը, քան ինքը: Նրա խոսքով՝ իր նախագիծն իր տեսակի մեջ առաջինն էր այս տարածաշրջանում, սակայն այժմ շատերը սկսել են նմանատիպ հաստատություններ բացել, իսկ գյուղերում «ուշադրություն դարձնել երիտասարդներին»։

Հարցին, թե ինչն է նա ավելի շատ սիրում՝ ստուդիան, թե՞ բժշկությունը, Մարինան պատասխանում է. «Թե առաջինը, թե երկրորդն իմ կյանքն է»: