Ախալքալաքի կենտրոնում շրջանաձև խաչմերուկ ստեղծելու հարցը դեռ հարցականի տակ է։ Տեղական իշխանությունները ամբողջությամբ չեն հրաժարվել քաղաքի կենտրոնում գտնվող հրապարակում շրջանաձև երթևեկություն կազմակերպելու մտքից, սակայն դեռ չեն պատրաստվում այն կազմակերպել։

2021 թվականին Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունը նախաձեռնել է Ախալքալաքի կենտրոնական հրապարակի վերականգնման գաղափարը՝ շրջանաձև երթևեկության ստեղծմամբ։ 2022 թվականին «Թարմացված մունիցիպալիտետներ» ծրագրի շրջանակում Մաշտոցի հրապարակը վերանորոգվել և ասֆալտապատվել է՝ առանց շրջանաձև երթևեկության:

Ինչպես նշում է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, օղակապտույտ հատման տեղադրմամբ կզբաղվեն տեղական իշխանությունները, իսկ եթե այն նույնիսկ տեղադրվի, ապա դա չի լինի «Թարմացված մունիցիպալիտետներ» ծրագրի շրջանակներում։

«Օղակապտույտի հարցը կասեցվել է, քանի որ մենք խնդիր ունենք կայանատեղիների հետ կապված։ Նախ դա պետք է լուծենք»,- մեկնաբանեց նա։

Հիշեցնենք, որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունը, այս շրջանը և զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով, Ախալքալաքում վերականգնում է կենտրոնական փողոցը և կենտրոնական հրապարակը: Նախարարությունը տեղական իշխանությունների քննարկմանն էր ներկայացրել հրապարակի վերականգնման 4 տարբերակ: Վերականգնման երկու տարբերակները նախատեսում են օղակապտույտ հատվածն առանց Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի: Այս տարբերակները նախատեսում են հուշարձանի տեղափոխումն Ախալքալաքի քաղաքապետարանի շենքի դիմացի պուրակ: Երրորդ տարբերակը նախատեսում է հուշարձանի տեղափոխումը օղակապտույտ խաչմերուկի կենտրոն: Ըստ չորրորդ տարբերակի, հուշարձանը մնում է նույն տեղում, իսկ մայթի լայն հատվածում լինելու է եռանկյունաձև օղակապտույտ հատված: