Օգոստոսի 4-ին և 5-ին, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) և «Հանդուրժողականության, քաղաքացիական գիտակցության և ինտեգրման աջակցության ծրագրի» (PITA) ներկայացուցիչները աշխատանքային այցով գտնվում են Ջավախքում:
Այսօր Ախալքալաքի «Մեսխ դեմոկրատների միություն» (UDM) հասարակական կազմակերպության գրասենյակում կայացել է հանդիպում ԱՄՆ ՄԶԳ Վրաստանի ժողովրդավարության, կառավարման և սոցիալական զարգացման գծով տնօրեն Ադամ Շմիդտի, ինչպես նաև Վրաստանում ՄԱԿ-ի ասոցիացիայի ներկայացուցիչ, «Հանդուրժողականության, քաղաքացիական գիտակցության և ինտեգրման աջակցության ծրագրի» (PITA) տնօրեն՝ Լաշա Ջուղելիի և PITA-ի մասնակիցների միջև:
Այնուհետև Ադամ Շմիդտը, Լաշա Ջուղելին և USAID-ի այլ ներկայացուցիչները հանդիպեցին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում որոշ հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը խոսվեց տարածաշրջանում առկա խնդիրների, լրատվամիջոցների գործունեության, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի հետագա ծրագրերի մասին՝ այն տարածաշրջանների առնչությամբ, որտեղ կոմպակտ բնակվում են ազգային փոքրամասնությունները:
Երիտասարդների հետ հանդիպում է կայացել նաև երեկ՝ Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնում:
PITA-ն բազմազանության վրա հիմնված, լայն բնակչության շերտի վրա կենտրոնացած ծրագիր է, որը միավորում է Վրաստանի երիտասարդներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, փոքրամասնություններին, կառավարությանը, ԶԼՄ-ներին և այլ շահագրգիռ կողմերին` միավորվելու և Վրաստանում ավելի տեղեկացված, ներառական և ներգրավված հասարակություն կառուցելու գործում, որը մերժում է խտրականությունը և աջակցում բազմազանությանը:
USAID Georgia-ն, աշխատանքներ է տանում Վրաստանին աջակցելու՝ տնտեսական աճի, էներգետիկայի և շրջակա միջավայրի, ժողովրդավարության և կառավարման, առողջապահության և սոցիալական զարգացման գործում: USAID-ի ծրագրերը նպատակ ունեն նպաստել «փոխակերպման» զարգացմանը, բարելավել կենսամակարդակը և նվազեցնել աղքատությունը, միաժամանակ խթանելով ինստիտուցիոնալ կարողությունների, մարդկային կարողությունների և տնտեսական կառուցվածքի հեռանկարային, երկարաժամկետ փոփոխություններին: 2012 թ.-ին ԱՄՆ-ը և Վրաստանը նշել են դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը: