Պատգամավոր Սամվել Մանուկյանը պնդում է, որ «TI-Georgia»-ի զեկույցում նշված տեղեկությունները ճիշտ են և հիմնված են հանրային տիրույթում պահվող տվյալների վրա: Սակայն նա համաձայն չէ, որ դա Վրաստանի օրենսդրության խախտում է:
Ըստ Սամվել Մանուկյանի, կա 3 ընկերություն, որոնց համասեփականատերն ինքն է: Նա չի համարում, որ բիզնես ունենալն օրենքի խախտում է:
«Ո՞ր օրենքի մասին է խոսքը: Ես չգիտեմ այդ օրենքի մասին, բացատրեք ինձ: Օրենքի համաձայն՝ պատգամավորն իրավունք չունի ղեկավարել ընկերություն: Ես չեմ ղեկավարում, ես բաժնետեր եմ, սեփականատեր: Տնօրենն է ղեկավարում: Ես կարող էի ֆորմալ կերպով դա անել՝ փոխանցել իմ որդուն և այլն: Բայց ինչու՞ նման ձևականություն անեմ: Եվ հետո ասեմ, որ սա իմ եղբոր ընկերությունն է: Բոլորն էլ գիտեն, որ դա իմ ընկերությունն է: Օրենքը հենց թույլ է տալիս ինձ գույք ունենալ, չի թույլատրվում տնօրինել իմ ունեցվածքը: Չեմ կարծում, որ պետք է հետևեմ ձևականություններին: Ես թաքցրած ոչինչ չունեմ: Ոչինչ չի գրանցված կնոջս, որդուս, հորեղբորս վրա: Ժողովուրդն ինչ տեսնում է դա է, ինչ ես ունեմ, ոչ ավելին: Ես թաքցնելու բան չունեմ: Ես չեմ ուզում ձևական, սուտ գործողություններ անեմ: Եթե ես ունեմ 50% այդ ընկերություններում և փոխանցեմ դրանք ուրիշի, դրանից իմ ունեցվածքն ավելի պակաս չի լինի», – JNEWS-ին տված հարցազրույցում ասաց Սամվել Մանուկյանը:
Նա նաև հաստատեց, որ ինքը ոչ մի կապ չունի պետական ֆինանսների հետ:
«Այն, ինչ ես հիմա ունեմ, ինձ տալիս է այդ 50%-ը: Ես օրենք չեմ խախտել: Իմ ընկերություններից յուրաքանչյուրն իր տնօրենն ունի, որն էլ այն ղեկավարում է: Ես 50%-ի սեփականատերն եմ՝ դա այդպես է: Իմ բիզնեսներից ոչ մեկը կապ չունի պետական գնումների հետ: Միշտ ուրիշների մասին են գրում, որ պետությունից 10 միլիոն է վերցրել, մեկի հետ պետական պայմանագրեր են կնքել, ես նման բան չունեմ», – ասում է առաջիկա ընտրություններում իշխող կուսակցության պատգամավոր և թեկնածու Սամվել Մանուկյանը:
Ըստ Մանուկյանի, 2016-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ ինքն առաջադրվել էր պատգամավորի թեկնածու, իր ղեկավարելու գործառույթները փոխանցել էր մեկ այլ անձի: Այսինքն՝ արդեն չորս տարի նա միայն սեփականատեր է, ինչը օրինական է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին «Transparency International Georgia»-ն (TI) զեկույց էր հրապարակել մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների, նրանց ընտանիքի անդամների բիզնես գործունեության և այդ կապակցությամբ վրացական օրենսդրության խախտումների վերաբերյալ: Սամվել Մանուկյանը իշխող կուսակցության թեկնածուների թվում էր:
Ներկայումս Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուն, խորհրդարանի անդամ Սամվել Մանուկյանը տիրապետում է բաժնետոմսերի 3 ընկերություններում. «Գրանդ ՍՊԸ»՝ 50%, Crystal Ltd.՝ 50% և Geofood Ltd.՝ 50%: Նա խորհրդարանի գործող անդամ է և իր հայտարարագրում հայտարարագրել է իրեն պատկանող ընկերությունների սեփականությունը, բայց հակառակ Շահերի բախման և պետական հաստատություններում կոռուպցիայի մասին օրենքի պահանջներին, նա այդ բաժնետոմսերը չի փոխանցել կառավարման ժամանակավոր իրավունք ունեցող մեկ այլ անձի: