Ռուսաստանում զինկոմիսարիատներ ծանուցագրերն այսուհետ կհանձնվեն ոչ միայն թղթային, այլ նաև էլեկտրոնային տեսքով, ծանուցագրերը կհամարվեն հանձնված բոլոր դեպքերում։ Այս փոփոխություններն Պետդուման ընդունել է անմիջապես երկրորդ և երրորդ ընթերցմամբ։ Ըստ պատգամավորների՝ ներդրված փոփոխությունները վերաբերում են ոչ միայն ժամկետային զինծառայողներին, այլև բոլոր զինապարտներին:
Օրենքն ուժի մեջ կմտնի Դաշնային Խորհրդի կողմից հաստատվելուց և Նախագահի կողմից ստորագրվելուց հետո։
Օրենքի ընդունումից հետո զինկոմիսարիատներ ծանուցագրերը կուղարկվեն ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով՝ «Պետական ծառայություններ» պորտալի միջոցով։ Էլեկտրոնային ծանուցագիրը կհամարվի ստացված զինծառայության համար պատասխանատու անձի անձնական հաշվում տեղադրվելու պահից։ Թղթային ձևով ծանուցագիրը կհամարվի հանձնված՝ ստորագրված նամակը ստանալուց հետո:
Եթե զինապարտը ծանուցագիրը չի ստացել գրավոր կամ էլեկտրոնային տարբերակով, ապա այն կհամարվի հանձնված՝ ծանուցագրերի գրանցամատյանում տեղադրվելուց յոթ օր հետո։ Նման ռեեստրի ստեղծումը նախատեսված է օրինագծով։
Այսպիսով, ծանուցագիրը ցանկացած դեպքում կհամարվի ստացված, եթե այն ուղարկվել է զինապարտ անձին։
Թղթային և էլեկտրոնային ծանուցագրերը կունենան նույն իրավական ուժ, հայտարարել է Դումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը։
Զինծառայությունից խուսափողների համար մի քանի, ինչպես պատգամավորներն են անվանել, «ժամանակավոր միջոցառումներ» են նախատեսված։ Ծանուցագիրն օրենքով սահմանված կարգով հանձնված համարվելու օրվանից ժամկետային զինծառայողին արգելվում է լքել երկիրը։
Դրանից հետո 24 ժամվա ընթացքում զորակոչիկին «Պետծառայությունում» իր անձնական հաշվին կուղարկվի զգուշացում, որ 20 օրվա ընթացքում զինկոմիսարիատ չներկայանալու դեպքում նրա նկատմամբ կսկսեն կիրառել պարտադրական միջոցներ, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի և ինքնազբաղների գրանցման, տրանսպորտային միջոցի գրանցման և այն վարելու, վարկ ստանալու նկատմամբ արգելք։