Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել: Մոտ 300 հազար պահեստազորային է ենթակա է զորակոչման: Քանի որ Ջավախքի որոշ սեզոնային աշխատողներ, ովքեր մեկնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի, ունեն երկքաղաքացիություն, շատերը մտահոգված են, արդյո՞ք նրանք կարող են ծանուցագիր ստանալ: Երկքաղաքացիությունը կօգնի՞ նրանց խուսափել զորահավաքից:
Ջավախքի արական սեռի բնակչության մոտավորապես 80%-ը մեկնում է Ռուսաստան սեզոնային աշխատանքի: Ելնելով Վրաստանի և Ռուսաստանի միջև վիզային ռեժիմից՝ շատ բնակիչներ ստիպված են եղել ընդունել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ չունեցող Հայաստանի քաղաքացիությունը՝ Ռուսաստանում աշխատելու նպատակով։ Դրա համար շատերը ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն՝ այս կամ այն կերպ պահպանելով Վրաստանի քաղաքացիությունը։
Հաշվի առնելով երկքաղաքացիություն ունեցող Ջավախքի (Վրաստան-ՌԴ, ՀՀ-ՌԴ) բնակիչների թիվը, կարելի՞ է նրանց բանակ զորակոչել, ի՞նչ է ասում Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը։
Համաձայն «Զորահավաքի մասին օրենքի»՝ զորահավաք հայտարարելիս զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիները պարտավոր են հավաքագրման զորակետեր ներկայանալ զորահավաքային հրամաններով և օրակարգերով սահմանված ժամկետներում։
Այսպիսով, զորահավաքի հայտարարման պահից զինկոմիսարիատներում հաշվառված քաղաքացիներին արգելվում է լքել իրենց բնակության վայրը։ Միևնույն ժամանակ, շատերը, ովքեր ծնվել են Վրաստանում և 27 տարեկանից հետո Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել, գրանցված չեն ՌԴ զինկոմիսարիատում, չեն սովորել ռազմական ամբիոնում և չեն անցել զինվորական ծառայություն։ Սա նշանակում է, որ նրանց չպետք է զորակոչեն առաջնահերթ՝ համաձայն ՌԴ օրենսդրության: Բայց, հաշվի առնելով քաղաքական իրավիճակը, և, թե որքան արագ են ընդունվել զորահավաքի հետ կապված վերջին օրենքները, հնարավոր է, որ այդ «բացը» վերացվի, և զորակոչվեն բոլորը։
Եթե դուք ծանուցագիր եք ստացել և ծանուցագրով չեք ներկայացել զինկոմիսարիատ, ապա առաջին հերթին վարչական պատասխանատվության հարցն է առաջանում՝ 3000 ռուբլի տուգանքի տեսքով: Այնուհետև զորահավաքի ընթացքում ժամկետային զինծառայողի բացակայությունը կարող է համարվել դասալքություն՝ զինծառայողի կանխամտածված չներկայանալը զորամաս կամ զորամասը ինքնակամ լքելը «ծառայությունից խուսափելու համար» (ՌԴ ՔՕ 338-րդ հոդված): Պատիժը 5-ից 15 տարի ժամկետով ազատազրկումն է։
Հարց է ծագում՝ նման դեպքում հնարավո՞ր է հրաժարվել երկրորդ՝ ՌԴ քաղաքացիությունից։ Այո, բայց դա արագ ընթացակարգ չէ: Ռուսաստանի Դաշնության «Քաղաքացիության մասին» օրենքի 20-րդ հոդվածը ուղղակիորեն նշում է, որ քաղաքացիությունից հրաժարվել հնարավոր չի լինի, եթե Ռուսաստանի նկատմամբ չկատարված պարտավորություն կա (օրինակ, հարկեր, վարկեր կամ ալիմենտներ չեն վճարվել) կամ անձը մեղադրվում է քրեական հանցագործության մեջ։
Ո՞վ կարող է տարկետման հույս ունենալ
Այնուամենայնիվ, մոբիլիզացիան բոլորի՞ն է վերաբերում։ Իհարկե, ոչ բոլորն են ի վիճակի զինվորական ծառայության անցնել նույնիսկ լուրջ ռազմական վտանգի պայմաններում։ Զորակոչի ենթակա չեն քաղաքացիների հետևյալ կատեգորիաները.
Ծանր հանցագործություն կատարելու համար պատիժը չկրած կամ պատժից չազատված դատվածություն ունեցող անձը, ինչպես նաև «Д» պիտանելիության կատեգորիա ունեցող անձինք, որը նշանակում է զինծառայության համար ոչ պիտանի՝ զորահավաքին ենթակա չեն։ Նաև, թարմացված տեղեկատվության համաձայն, մասնակի մոբիլիզացիայի չեն ենթարկվում բարձրագույն կրթությամբ քաղաքացիների հետևյալ կատեգորիաները, ովքեր աշխատում են.
Նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 20-ին Պետդուման և Դաշնային Խորհուրդը փոփոխություններ են ընդունել «Զինվորական ծառայության մասին» օրենքում, ըստ որի՝ պատիժ է սահմանվում զինվորական հրամանը չկատարելու, զինծառայության դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում՝ դասալքության և զինծառայությունից խուսափելու համար՝ զորահավաքի ժամանակ, պատերազմի կամ զինված բախումների պայմաններում պատիժն ավելի է խստանում։ Դասալքության և դիակապտության համար՝ մինչև 15 տարի ազատազրկում, զինվորական ծառայությունից խուսափելու համար՝ հիվանդությունը կեղծ ներկայացնելով՝ մինչև 10 տարի, կամավոր գերի հանձնվելու համար՝ 3-ից 10 տարի։ Պահեստազորից զորակոչվածների քանակի քվոտաները սահմանված չեն։ Ելնելով առկա պահեստազորի քանակից՝ երկրի յուրաքանչյուր սուբյեկտի վրա դրվել է առանձին զորահավաքային առաջադրանք։ Դա կախված է մարզում զինվորական հաշվառված քաղաքացիների թվից։
Ռուսաստանում սեզոնային աշխատանքները սովորաբար տևում են փետրվարից մինչև նոյեմբեր, սակայն պատերազմի և պատժամիջոցների պատճառով, տնտեսական ծանր իրավիճակի պատճառով Ջավախքի բնակիչներն այս տարի արդեն սկսել են վերադառնալ հայրենիք։ Թեև, այս պահին նրանք բախվում են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝ թանկարժեք ավիատոմսերը, ռուս-վրացական «Վերին Լարս» սահմանի մոտ գոյացած 30 կիլոմետրանոց հերթերը։