ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակն Անդրկովկասում՝ հայ-ադրբեջանական սահմանին սրացման ֆոնին։ Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պուտինը կարևորել է լարվածության էսկալացիային նպաստող ցանկացած գործողությունների բացառումը։ Երկու կողմերն իրենց շահագրգռվածությունն են հայտնել իրավիճակը բացառապես խաղաղ միջոցներով, բանակցային ճանապարհով կարգավորելու հարցում։ Նրանք պատրաստակամություն են հայտնել համակարգել ջանքերը տարածաշրջանում իրավիճակի կայունացման նպատակով, հայտնում են Կրեմլից։
Նախագահները նշել են, որ ղարաբաղյան հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորմանն այլընտրանք չկա՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա և ի շահ ՀՀ և Ադրբեջանի ժողովրդների։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը «շատ զգայուն» էր անվանել Ռուսաստանի համար։ Թուրքիան հուլիսի 12-ից Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններից հետո մի քանի անգամ ընդգծված հակահայկական հայտարարություններ է արել՝ նշելով, որ Հայաստանը «անպայման պետք է վճարի» հայ-ադրբեջանական բախումների և ադրբեջանցի զոհված զինծառայողների համար։
Հուլիսի 29-ին Ադրբեջանն ու Թուրքիան լայնածավալ համատեղ զորավարժություններ են սկսելու, իսկ հուլիսի 27-ին ՌԴ զինծառայողները մեծ զորավարժություններ են սկսել Հս. Կովկասում և Անդրկովկասում։
Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից հուլիսի 20-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվել է։ Հուլիսի 21-ին հակառակորդը ձեռնարկել է գրոհ հայկական «Անվախ» դիրքի ուղղությամբ, ետ շպրտվել: Հուլիսի 22-ից հարաբերական կայուն իրավիճակը պահպանվում է: