Ախալքալաքում որոշ խանութներ և առևտրի կենտրոններ փակվել են, քանի որ ըստ առևտրականների, ոստիկաններն այսօր երեկոյան շրջել են և ասել, որ վաղվանից դրանք պիտի փակվեն, ոմանք նույնիսկ իրենց ապրանքներն են տարել, որպեսզի տնից վաճառեն, սակայն խանութների փակումը չի վերաբերում Ախալքալաքին և մնացած բոլոր շրջաններին, բացառությամբ կոնկրետ 7 քաղաքների:
Jnews-ն այսօր մի քանի զանգ է ստացել տոնավաճառի առևտրականներից և տարբեր խանութներից: Նրանք հայտնում են, որ ոստիկանները նրանց ասել են, որ փակեն առևտրի կետերն ու խանութները:
«Մենք նույնիսկ խանութը դատարկել ենք, ամբողջ ապրանքը հավաքել, բերել ենք տուն, որպեսզի եթե ինչ-որ մեկը ցանկանա գնել, դրա հնարավորությունը լինի: Մեզ ասացին, որ պետք է փակել», – ասում է առևտրի կենտրոնի առևտրականներից մեկը:
«Ոստիկաններն ասում են, որ պետք է փակվենք: Մենք ասացինք, որ Jnews-ում կարդացել ենք, որ այդ սահմանափակումները մեզ չեն վերաբերում, իսկ նրանք ասացին, որ Jnews-ը շատ բան է գրում, նրանք ստում են», – ասաց հագուստի տոնավաճառի վաճառողուհիներից մեկը, որը զանգահարել էր մեզ նորությունը ճշտելու նպատակով:
Jnews-ը որոշեց կրկին ճշտել արդեն իսկ բազմիցս ճշտված տեղեկատվությունը: Կառավարության թեժ գծի օպերատորը մեզ հայտնեց, որ եթե խանութները տեղակայված չեն Թբիլիսիում, Բաթումիում, Քութաիսիում, Ռուսթավիում, Գորիում, Փոթիում կամ Զուգդիդիում, ապա դրանք կարող են աշխատել սովորականի պես:
ՆԳՆ մամուլի կենտրոնից հայտնեցին, որ Ախալքալաքում խանութների փակման մասին առեւտրականներին նախազգուշացնելու հրաման չի տրվել:
Ոստիկանության Ախալքալաքի բաժանմունքից հայտնեցին, որ Ախալքալաքին վերաբերում է տեղաշարժման արգելքը (նոյեմբերի 28-ից, ժամը՝ 21:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում), ռեստորանների աշխատանքի սահմանափակումը (դրանք կարող են աշխատել միայն առաքման ռեժիմով), ինչպես նաև տաքսի նստելիս ուղևորները չպետք է նստեն առջևի նստատեղին, և բոլորը պետք է պարտադիր դիմակ կրեն: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ոստիկանները նախազգուշացրել են առևտրականներին փակման մասին, բաժանմունքից մեզ ասացին, որ միգուցե առեւտրականները սխալ են հասկացել ոստիկանության նախազգուշացումներն ընդհանուր սահմանափակումների վերաբերյալ: