Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, առավոտից մունիցիպալիտետի տարբեր գյուղերից մեքենաներ են գալիս Ախալքալաք քաղաքի կենտրոն՝ մարդիկ պարկերով կարտոֆիլ են բերում՝ ուղարկելու Գուրիայում ջրհեղեղից տուժած ընտանիքներին։
Բեռը կտեղափոխի Ախալքալաքի ավտոկայանի վարորդ Գրիգորի Ծուրծումիան՝ Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավոր Սողոմոն Ասլանյանի հետ։ Վերջինիս խոսքով՝ արդեն հավաքվել է մոտ 50 պարկ կարտոֆիլ, սպասվում է ևս 10-ը, ընդհանուր առմամբ նախատեսվում է հավաքել 3-3,5 տոննա կարտոֆիլ։ Արդեն կարտոֆիլ են բերվել Խավեթ, Բավրա, Խուլգումո, Արագվա, Կարտիկամ և բազում այլ գյուղերից։ Օգնություն են բերել նաև քաղաքի որոշ բնակիչներ, ֆերմերներ և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով, մարդասիրական օգնություն ուղարկելու գաղափարը ծագել է շաբաթ օրը։ Այդ ժամանակ հենց Գուրիայում տեղի ունեցած բնական աղետի պատճառով չեղարկվել էր նաև Ախալքալաքի օրվա տոնակատարության երաժշտական ծրագիրը։
«Սա իմ և սակրեբուլոյի համատեղ նախաձեռնությունն էր՝ Նաիրի Իրիցյանի գլխավորությամբ: Միջոցառումից հետո՝ շաբաթ օրը, բոլորս միասին էինք, ոչ մեկից առանձնապես ոչինչ չխնդրեցինք, ուղղակի միտքը ծագեց, և բոլորը, ովքեր ներկա էին, լսեցին, ցանկացան ու մասնակցեցին՝ ով ինչպես կարողացավ»,- մեկնաբանեց Մակարյանը։