Հուլիսի 30-ին, Ախալքալաքի շրջանային դատարանը, սահմանապահների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Կարծախ գյուղի 3 բնակչի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառել՝ յուրաքանչյուրի համար սահմանելով 7000 լարիի գրավ:
Ախալքալաքի շրջանային դատարանը` հանձինս դատավոր Մալխազ Էնուքիձեի, որոշում կայացրեց՝ արդյո՞ք մեղադրյալները կմնան կալանքի տակ մինչև դատարանի վերջնական որոշումը, թե՝ ոչ:
Թուրքիայի հետ սահմանակից Կարծախ գյուղից երեք երիտասարդ բնակիչներ՝ Ա. Չոբանյանին, Ա. Թագվորյանին և Կ. Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի ՔՕ 353-րդ հոդվածի 2-րդ մասով (դիմակայություն, սպառնալիք կամ բռնություն հասարակական կարգը պահապանողի կամ մեկ այլ պետական ծառայողի նկատմամբ): Այս հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից 7 տարի ժամկետով:
Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել այս գործով: Նրանց պաշտպանող փաստաբանը դատարանին տրամադրեց տեսագրություն, որը նկարահանել է համագյուղացիներից մեկը հեռախոսով, որտեղ, ըստ պաշտպանական կողմի, հաստատվում է այն փաստը, որ մեղադրյալներից ոչ մեկը հանցագործության վայրում չի գտնվել: Թե դատավորը, թե դատախազը ծանոթացել են տեսանյութին: Ամբաստանյալների հարազատները չցանկացան Jnews.ge-ին տրամադրել տեսանյութը: Նաև դատարանին էր ներկայացվել բոլոր երեք ամբաստանյալների բնութագրերը, որոնք ստորագրվել են 150 համագյուղացիների կողմից:
Ըստ մեղադրող կողմի վարկածի՝ հուլիսի 18-ին ամբաստանյալներից երկուսը՝ Ա. Չոբանյանը և Ա. Թագվորյանը հատել են Խոզապինի լճի 500 մետրանոց բուֆերային գոտին՝ ձկնորսության համար: Լճի մի մասը գտնվում է Վրաստանի տարածքում, իսկ մյուս մասը՝ Թուրքիայի: Այն բանից հետո, երբ նավակը բուֆերային գոտին անցել է, ահազանգ է միացել, որից հետո նավակը վերադարձել է ափ, որտեղ Ա. Չոբանյանին և Ա. Թագվորյանին մեքենայով սպասում էր երրորդ մեղադրյալը՝ Կ. Կարապետյանը: Այստեղ էլ, ըստ դատախազի, ծեծկռտուք է սկսվել մեղադրյալների և 4 սահմանապահների միջև: Մեղադրյալները հրաժարվել են ենթարկվել սահմանապահներին և հետևել նրանց: Քաշքշուկի ընթացքում վնասվել է սահմանապահների համազգեստը: Դրանից հետո բոլոր 3 մեղադրյալները նստել են մեքենան, մեքենայի ղեկին Կարծախի բնակիչ Կ. Կարապետյանն է եղել, որը Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախկին պատգամավորի որդին է: Դատախազն ասել է, որ նա հարձակվել է սահմանապահների վրա:
Սակայն, ինչպես վստահեցնում են ամբաստանյալների հարազատները, իրենց երեխաները մեղավոր չեն դրանում: Նրանք հավաստում են, որ ծեծկռտուքն ու հարձակումը կատարել են այլ անձինք, որոնց նրանք չգիտեն: Ծնողներն ամեն ինչում մեղադրում են սահմանային ծառայության պետին՝ ասելով, որ նա ցանկանում է բոլոր հնարավոր միջոցներով հասնել ծառայության մեջ պաշտոնի բարձրացման:
Դատախազությունը պահանջել էր որպես խափանման միջոց կիրառել կալանավորում՝ դատական գործի բոլոր երեք մասնակիցների համար, որպեսզի նրանք չփախչեն ոչ Թուրքիա, ոչ Հայաստան, կամ կրկին չկատարեն նույն հանցանքը:
Պաշտպանական կողմը չէր տեսնում նախնական կալանքի կիրառման անհրաժեշտություն: Ինչպես հայտարարել է պաշտպանական կողմը, որևէ ապացույց չկա այն մասին, որ մտադրություն է եղել փախչելու, քանի որ դեպքերը տեղի են ունեցել հուլիսի 18-ին, իսկ ամբաստանյալները ձերբակալվել են 28-ին:
Նա դատարանին նաև խնդրել էր հաշվի առնել այն փաստը, որ ամբաստանյալները նախկինում դատապարտված չեն եղել: Պաշտպանությունը նաև հայտնեց, որ դատախազն արտահայտել է իր ենթադրությունները, բայց որևէ ապացույց չի ներկայացրել: Այդ թվում, ըստ փաստաբանի, ձկնորսությունը հանցագործություն չի համարվում: Պաշտպանական կողմը կմիջնորդի պատասխանատվության ենթարկել 5 սահմանապահներին, որոնց թվում են գործընթացին մասնակից 4 հոգի և մեկ վկա՝ կեղծ վկայություն տրամադրելու համար: Փաստաբանն ասաց, որ գործով որևէ ապացույց չկա, որ ահազանգը միացվել է: Պաշտպանական կողմը խնդրեց, որ ամբաստանյալները ազատ արձակվեն 5000 լարի գրավի դիմաց, շաբաթը 2 անգամ ոստիկանություն ներկայանալու պայմանով:
Ընդմիջումից հետո դատավոր Մալխազ Էնուքիձեն դատական դահլիճում գտնվող ներկաներին հաղորդեց, որ նախքան որոշում կայացնելը, ամբաստանյալները կարող են ազատ արձակվել 7000 լարի գրավի դիմաց: Գումարը պետք է վճարվի 30 օրվա ընթացքում: Նաև այս ընթացքում ամբաստանյալները պետք է շաբաթը երկու անգամ ներկայանան ոստիկանություն: Ամբաստանյալները կազատվեն գրավի մուծումից անմիջապես հետո: Հաջորդ դատավարությունը կկայանա սեպտեմբերին:
Քրիստինե Մարաբյան