Jnews-ը սկսում է հոդվածների նոր շարք, որտեղ կպատմի այն մարդկանց մասին, ովքեր իրենց հետքն են թողել Վրաստանի պատմության և մշակույթի մեջ՝ ուղղակիորեն թե անուղղակիորեn կապ ունենալով Վրաստանի հայ համայնքի հետ։
Ի՞նչ կապ ունի Փիրոսմանին, կհարցնեք Դուք, քանի որ նա Վրաստանի հայտնի նկարիչ է, ազգությամբ վրացի։ Սակայն նրա ճակատագրում կա հայկական հետք:
Նիկո Փիրոսմանի. Ինքնուս նկարիչ, պրիմիտիվիստ նկարիչ, «միամիտ արվեստի» մեծագույն վարպետներից մեկը։
Պաշտոնական տվյալներով՝ Փիրոսմանին ենթադրաբար ծնվել է 1862 թվականի մայիսի 17-ին՝ Միրզաանի (Կախեթիի շրջան) գյուղում, գեղջկական ընտանիքում: Նրա ծնողներն ունեցել են 4 զավակ՝ երկու որդի և երկու դուստր։ Պաշտոնական տեղեկություններով՝ նրա գյուղաբնակ ծնողները Կախեթից աշխատանքի նպատակով տեղափոխվել են Շուլավերի գյուղ։ Գյուղը գտնվում է Քվեմո Քարթլիի շրջանում և հիմնականում հայաբնակ է։ Նիկո Փիրոսմանիշվիլիի ծնողներն աշխատել են Քալանթարով իշխանների տանը։ Նրա հայրը այգեպան էր, որը մահացել էր այն ժամանակ, երբ Նիկոն դեռ մանուկ էր։ Շուտով մահանում են նաև նկարչի մայրն ու ավագ եղբայրը։ Նիկո Փիրոսմանին մնում է Քալանթարովների իշխանական ընտանիքի խնամքի տակ։
Ընդհատումներով նա մոտ տասնհինգ տարի անցկացնում է Քալանթարովների ընտանիքում՝ սկզբում Շուլավերում, ապա՝ Թիֆլիսում, որտեղ նա տեղափոխվում է 1870-ականների կեսերին Եփրոսինե Քալանթարովայի որդու՝ Գիորգիի հետ։ Քալանթարովների շնորհիվ նա սովորում է կարդալ վրացերեն և ռուսերեն, տիրապետում էր նաև հայերենին՝ ելնելով իր աշխատանքների ստորագրություններից, սակայն համակարգված կրթություն չի ստացել։ Մի քանի ամիս սովորել է նաև տպարանում: .
Թբիլիսիում մինչ օրս պահպանվել է այն տունը, որտեղ Փիրոսմանին անցկացրել է իր մանկությունը։ Ժամանակին այդ տունը, այդ թվում՝ Քալանթարովների մնացյալ ունեցվածքը, խլել են 20-րդ դարի սկզբին։
«Այս Քալանթարովների անմիջական հետնորդը Նիկա Քալանթարովն է: Ես գիտեմ, որ այս ճյուղը մնացել է: Գուցե ուրիշները ևս մնացել են: Նրանց ընտանիքում 3 եղբայր են եղել: Քալանթարովների երկու տուն իրար էին նայում՝ Ասաթիանիի վրա։ Ճարտարապետ Սարգիսյանցի (տան առաջնամասում նրա ազգանունն է) և գրեթե ուղիղ դիմաց՝ մտնում ես բակ, և Քալանթարովներն այնտեղ էլ են, այս Քալանթարովներն էլ հենց Շահումյանից Փիրոսմանիին բերել են Թիֆլիս»,- ասում է լրագրող Եկատերինա Մինասյանը։
Վարկածներից մեկի համաձայն, որի պատճառով Նիկո Փիրոսմանին հեռացել է Քալանթարովներից, չնայած այն բանին, որ վերջիններս նրա հետ շատ լավ են վերաբերվել, ենթադրվում է, որ 23 տարեկանում նա սիրահարվել է տանտիրոջ դստերը՝ Վիրջինիա Քալանթարովային, իմանալով այս մասին, տանտերերը որոշել են առանձնացնել նրանց միմյանցից։ Փիրոսմանին, ստանալով հարյուր ռուբլի և փոքրիկ կրպակ, ինքնուրույն մեկնել է ճանապարհորդության։ Սակայն, ինչպես ասում է դեռևս Վրաստանում ապրող իշխանական ընտանիքի ժառանգ Նիկա Քալանթարովը, այս պատմությունը, ամենայն հավանականությամբ՝ առասպել է, քանի որ Վիրջինիա Քալանթարովան ծնվել է 1876 թվականին, իսկ Փիրոսմանին՝ 1862 թվականին, տարիքային տարբերությունն այն ժամանակ եղել է 14 տարի։ Փիրոսմանին այն ժամանակ 23 տարեկան էր, իսկ Վիրջինիա Քալանթարովան՝ 9։ Հարկ է նշել, որ Վիրջինիա Քալանթարովան ամերիկացի հայտնի թատրոնի և կինոյի ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի մայրն է։
Փիրոսմանիի հայտնի գործերից մեկը` «Կարմիր վերնաշապիկով ձկնորսը»
Քալանթարովների տնից հեռանալուց հետո Փիրոսմանին աստիճանաբար սկսեց զբաղվել գեղանկարչությամբ շրջիկ նկարիչների հետ, ովքեր ցուցանակներ էին նկարում խանութների և դուքանների համար։ Նա մեծ մասամբ նկարում էր իր իսկ պատրաստած ներկերով՝ յուղաթղթի վրա։ 1880-ականների կեսերին նկարիչ «გიგო ზაზიაშვილი» Գիգո Զազիաշվիլիի հետ, որը նույնպես ինքնուս նկարիչ էր, բացել է դեկորատիվ նկարչության արհեստանոց Թիֆլիսում։ Մեկ այլ լեգենդի համաձայն՝ Փիրոսմանաշվիլին և Զազիաշվիլին առաջին ցուցանակն անվճար են պատրաստել, սակայն այլ պատվերներ այդպես էլ չեն ստացել։ Շուտով Փիրոսմանին թողեց առևտուրը, փակեց խանութը և սկսեց փող աշխատել նկարելով։
«Իր կենդանության օրոք նա գրեթե ընդհանրապես հայտնի չէր: Այսինքն՝ նրա կտավները չէին գնահատվում, միայն Զդանևիչի շնորհիվ իմացան Փիրոսմանիի՝ որպես նկարչի մասին։ Նա արդեն մահամերձ էր, երբ Զդանևիչներն իմացան նրա մասին, շեփորահարեցին։ Փնտրում էին և գտան նրան արդեն այն ժամանակ, երբ նա արդեն մահացել էր: Նրա արվեստն ուսումնասիրելուց հետո հասկացան, որ նա իր ժամանակի հանճարն էր: Որոշեցին այս անունը հանրաճանաչ դարձնել աշխարհին: Բայց այդ ժամանակ նա արդեն չկար: Փիրոսմանիի մահից հետո Քալանթարովների հետ կապերն արդեն խզվել էին: Փողերը, որը նա ստացել և ներդրել էր իր բիզնեսում (նա ուներ սեփական կաթնամթերքի խանութ), նա ուղղակի վատնեց, քանի որ, ինչպես բոլոր ստեղծագործ մարդիկ, բացարձակապես չէր ընտելանում և գումարը ծախսելու հարցում չկարողացավ պրագմատիկ մոտեցում ցուցաբերել»,- ասում է Էկա Մինասյանը։
Նիկո Փիրոսմանին մահացել է 1918 թվականի ապրիլի 7-ին Թիֆլիսում՝ սովից և հիվանդությունից։ Նա երեք օր անցկացրել է Մոլոկանսկայա (այժմ՝ Փիրոսմանիի անվան փողոց) փողոցի 29 տան նկուղում։ Գտնելով նրան՝ նրան տեղափոխում են հիվանդանոց, որտեղ էլ մեկուկես օր անց նկարիչը մահանում է։ Նրա գերեզմանի տեղը անհայտ է, ենթադրաբար, Կուկիայի գերեզմանատանը աղքատների ընդհանուր գերեզմանոցում:
Margaritta Dé Sevre «Դերասանուհի Մարգարիտան»
Մեկ այլ լեգենդ
Անդրեյ Վոզնեսենսկու բանաստեղծության հիման վրա գրված «Միլիոն ալ վարդեր» երգը դարձել է Ալլա Պուգաչովայի երգացանկի ամենահայտնի երգերից մեկը։ Երգի հիմքում ընկած բանաստեղծության սյուժեն պատմում է լեգենդներից մեկի մասին, վրացի նկարիչ Նիկո Փիրոսմանիի զարմանահրաշ արարքի մասին, ով անպատասխան սիրով սիրում էր ֆրանսիացի դերասանուհի Մարգարիտ դը Սևրին, ով 1905 թվականին Թիֆլիսում էր։ Ըստ լեգենդի վարկածներից մեկի՝ Փիրոսմանին սիրահարված դերասանուհու սիրտը գրավելու տարբեր ուղիներ է փորձել գտնել։ Նկարչի սերն անպատասխան էր: Սակայն մի օր ծաղիկներով բեռնված մի քանի սայլեր շարժվեցին դեպի հյուրանոց, որտեղ ապրում էր նկարչի համակրանքի օբյեկտը։ Սակայն, ի տարբերություն երգի, սայլերը կրում էին ոչ միայն կարմիր վարդեր, այլև յասամաններ, ակացիայի ճյուղեր, անեմոններ, պիոններ, շուշաններ, կակաչներ և շատ այլ ծաղիկներ։ Լեգենդի տարբերակներից մեկը դրվել է Կոնստանտին Պաուստովսկու «Նետում դեպի հարավ» ստեղծագործության մեջ, որը ոգեշնչման աղբյուր է ծառայել Անդրեյ Վոզնեսենսկու համար։
«Ես ավելի շատ մտածում եմ, որ սա գեղեցիկ լեգենդ է, քան ճշմարտություն: Կար մի դերասանուհի՝ Մարգարիտա դը Սևրը: Նկարիչը նրա նկլատմամբ ինչ-որ համակրանք էր տածում, զգացմունքներ: Եվ նույնիսկ բավականին լուրջ զգացմունքներ: «Միլիոն ալ վարդեր» փաստացի Կոնստանտին Պաուստովսկու կողմից պատմված պատմությունն է: Նա պատմում է կարծես Զդանևիչների խոսքերով: Պաուստովսկին որոշ ժամանակ ապրել է Զդանևիչների տանը: Փիրոսմանին արդեն երկար ժամանակ կենդանի չէր, բայց այս լեգենդները դեռ կենդանի էին, և թե ինչպես է նա դուքաններ նկարել այս յուղաթղթերի վրա և նկարել այս բոլոր ծիծաղաշարժ ցուցանակները…»,- ասում է Էկա Մինասյանը։