Երեկ՝ մարտի 30-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի նիստերի դահլիճում, Ախալքալաքի մեղվաբույծների համար անցկացվեց դասընթաց։ Այն կազմակերպվել էր Վրաստանի գյուղատնտեսության նախարարությանը կից գործող Շրջակա միջավայրի վարչության և Վրաստանի մեղվաբույծների ասոցիացիայի կողմից։ Դասընթացի նպատակն էր սովորեցնել միջազգային չափանիշներին համապատասխան անարատ մեղրի արտադրությանը։
Դահլիճում ներկա էին Ախալքալաքի քաղաքապետարանի մոտ 20 մեղվապահ։ Մեղվաբույծներին տեղեկացրեցին, թե ինչպես և ինչ միջոցներով պայքարել վարրոատոզ հիվանդության դեմ, որպեսզի հետագայում մեղրի մեջ քիմիական նյութեր չհայտնվեն։ Դասընթացը վարում էր Սամցխե-Ջավախքի մեղվաբույծների ասոցիացիայի նախագահ Էդվարդ Զազաձեն։
«Հիվանդությունը, որն ի հայտ է գալիս գարնանը, կոչվում է վարրոատոզ։ Կխոսենք դրա մասին, քանի որ եթե մեր մեղրը չհամապատասխանի չափանիշներին ու որակյալ չլինի, ոչ ոք այն չի գնի: Լաբորատոր անալիզներում, ցավոք, Սամցխե-Ջավախքի մեղրի մեջ քիմիական նյութեր են հայտնաբերվել։ Մենք կսովորենք բուժման այնպիսի մեթոդ, այնպիսի միջոցներ ձեռնարկել, որպեսզի մեղրի մեջ քիմիական նյութեր չհայտնվեն։ Եվ եթե աշխատենք, մենք լավ մեղր կունենանք։ Մենք հնարավորություն ունենք մեղրը արտահանել Վրաստանից»,- ասաց Էդվարդ Զազաձեն։
Վերջինիս խոսքով, որակական ու բուժիչ հատկություններով մեր մեղրն ավելի լավն է, բայց քիմիական նյութը մնում է թե՛ մեղրի մեջ, թե՛ մեղրամոմի մեջ։
Վրաստանից մեղրը հիմնականում արտահանվում է Արեւմտյան Վրաստանից։ Անցյալ տարի արտահանվել է 100 հազար տոննա։ Առայժմ Սամցխե-Ջավախքից մեղր չի արտահանվում, քանի որ լաբորատոր անալիզների ժամանակ մեղրի մեջ քիմիական նյութեր են հայտնաբերվել։ Արևմտյան Վրաստանից արտահանվում է ակացիայի և շագանակի մեղր։ Այն արտահանվում է քիչ քանակությամբ, սակայն վրացական մեղրի պահանջարկը մեծ է։
Դասընթացին խոսվեց նաև Վրաստանի մեղվաբույծների տվյալների բազայում գրանցվելու կարևորության մասին։
Նմանատիպ դասընթաց մեղվաբույծների համար անցկացվել է նախորդ տարվա հոկտեմբերին, այն նախատեսվում է անցկացնել նաև այս տարվա մայիսին և աշնանը։