Օֆելյա Կրմաջյանը ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի է, առանց որի արդեն դժվար է պատկերացնել Ախալքալաքի թիվ 2 ռուսական դպրոցի առօրյան: Մանկավարժ դառնալով՝ իր ծնողների ցանկության դեմ գնալով՝ նա անցել է արհեստավարժի երկար ճանապարհ, և այս տարի որոշել է հեռանալ իր սիրելի աշխատանքից:
Օֆելյա Միխայիլովնան մանկուց մեծացել է մանկավարժների ընտանիքում: Այնուամենայնիվ, ծնողները կտրականապես դեմ էին իրենց ճանապարհին հետևելու դստեր ցանկությանը: Ինչպես Օֆելյան է ասում, «ոչ մի ուսուցիչ չի ցանկանում, որ իր երեխաները շարունակեն իր մասնագիտությունը»: Հակառակ ծնողների կարծիքին, ապագա ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչը դեռևս դպրոցական նստարանից զգում էր, որ իր կոչումը մանկավարժությունն է:
«Ծնողներս ինձ համար օրինակ էին ծառայում: Դեռ մանկուց ես սիրում էի ստուգել հորս տետրերը: Դպրոցն ավարտելուց հետո 1 տարի ես նույնիսկ ոչ մի տեղ չէի ընդունվում, քանի որ ինձ թույլ չէին տալիս գնալ մանկավարժական: Նրանք ցանկանում էին, որ ես դառնաի դեղագործ կամ շարունակեի երաժշտական կրթությունս երաժշտական ուսումնարանում, բայց այնուամենայնիվ հաջորդ տարի ես ընդունվեցի Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժին», – պատմում է Օֆելյա Միխայիլովնան:
1973 թվականից Օֆելյա Միխայիլովնան սկսեց սովորել և միևնույն ժամանակ աշխատել Դիլիսկա գյուղի դպրոցում: Ինչպես ինքն է ասում, այդ ժամանակաշրջանը իր համար ինքնատիպ փորձություն էր: 3 տարի անց նա տեղափոխվեց հարազատ թիվ 2 դպրոցը՝ որպես ավագ ջոկատավար, իսկ 3 տարի անց իրեն նվիրեց մանկավարժական գործունեությանը:
Այդտեղ Օֆելյան աշխատեց մինչև 1994 թվականը: Երբ Ախալքալաքի 62-րդ ռուսական ռազմաբազան բացվեց, նրան հրավիրեցին աշխատանքի որպես ուսուցիչ և ուսմասվար դաստիարակչական գծով: Հիշելով հիմա այդ տարիները՝ նա նշում է, թե որքան էր նա կարոտում հարազատ դպրոցը:
«Սա է իմ հայրենի քաղաքը, իմ միջավայրը, ես միշտ ցանկացել եմ վերադառնալ, և դա պատահեց: 13 տարի անց ռազմաբազան փակվեց, և մենք վերադարձանք», – հիշում է ուսուցիչը:
Դաստիրակչական աշխատանքների գծով ուսմասվարի աշխատանքը ներառում էր տարբեր տեսակի միջոցառումների կազմակերպում և անցկացում, տոնական միջոցառումների, վիկտորինաների, խաղերի և գործունեության այլ տեսակի իրականացում, որը մեծ ջանք ու եռանդ էր պահանջում, բայց, ինչպես աշակերտների, այնպես էլ գործընկերների կարծիքով, Օֆելյան դա արեց պարզապես փայլուն: Նա հիշեցնում է, որ միշտ չէ, որ «այդպես» եռանդուն, ակտիվ և գաղափարներով տոգորված է եղել:
«Դպրոցում ես միջակ սովորող էի, չէի առանձնանում: Երևի դա պայմանավորված էր նրանով, որ ես ունեի ուժեղ դասարան, և որոշ երեխաների ֆոնին ես չէի երևում: Ամենալավը, որ այժմ իմ մեջ կա, բացահայտվեց դպրոցից հետո: Կարծում եմ՝ երբ սկսեցի աշխատել որպես ավագ ջոկատավար: Հիշում եմ, երբ կանգնած էի 600 պիոներների առջև և պետք է ընթերցեի հանդիսավոր երդումը, շատ հուզվել էի: Ես անցա այդ վախի և պատնեշի միջով», – խոստովանում է Օֆելյա Կրմաջյանը:
Զինվորական ավանից վերադառնալով ռուսական թիվ 2 դպրոց՝ նա աշխատել է ևս 12 տարի, իսկ այժմ թողնում է մասնագիտությունը: Կենսաթոշակային տարիքի ուսուցիչների համար նախատեսված պետական պարգևատրման ծրագրի համաձայն, ըստ որի նրանք կստանան երկու տարվա աշխատավարձի չափով վարձատրություն, Օֆելյան որոշեց անցնել վաստակավոր հանգստի:
Ըստ նրա, նա պլանավորել էր թոշակի անցնել 5-6 տարի հետո, սակայն ծրագիրը նրան ստիպեց հայտարարությունը որոշած ժամկետից շուտ գրել:
«Այո, այս ծրագիրն ինձ ստիպեց հեռանալ: Ես տատանվեցի շատ երկար ժամանակ: Բայց մենք ուսուցիչներս արդեն ապրում էինք իներցիայով: Բացի դպրոցից, մենք այլ աշխարհ չունեինք, մենք երբեք չէինք մտածում, որ կգա ժամանակը, երբ անհրաժեշտ կլինի հեռանալ», – կիսվում է հերոսուհին:
Այս որոշումը նրան հեշտ չտրվեց. Դպրոցը շատ կարևոր տեղ էր գրավում կնոջ կյանքում, բայց և այնպես, Օֆելյա Միխայիլովնան չի կորցրել իր ինքնատիրապետումը և չի փոշմանում իր ընտրության համար:
«Սա առատաձեռն նվեր է», – գտնում է ուսուցչուհին: – Սա ամենաբարձր գնահատականն է, որը կարող էին տալ մանկավարժին և ուղարկել արժանի հանգստի: Չեմ կարող ասել, որ դա ինձ համար հեշտ կլինի. Սուտ կլինի, եթե ասեմ, որ այս փուլն ինձ համար լրիվ անցած կլինի»:
Նա դեռ չգիտի՝ թե իր ազատ ժամանակն ինչով է լցնելու, բայց վստահ է, որ չի «կորչի» և ցանկանում է իրեն նվիրել ընտանիքին:
Ուսուցչի համար ամենակարևոր որակն անկեղծությունն է, կարծում է Օֆելյա Միխայիլովնան: Եվ բացի այդ՝ արդարամտությունը, բարությունը և արհեստավարժությունը:
«Դուք կարող եք լինել ձեր ոլորտում արհեստավարժ, – ասում է նա, – բայց երեխաների հետ ընդհանուր լեզու չգտնեք: Եթե դու չես սիրում երեխաներին, նրանք դա ներքուստ կզգան: Նույնիսկ երբ գոռում ես նրանց վրա, նրանք զգում են, որ սիրում ես իրենց, թե՝ ոչ»:
Օֆելյան խոստովանում է, որ ինքը շատ զգայուն է ստի նկատմամբ և չի հանդուրժում դավաճանությունը: Նա աշխատասիրությունը համարում է իր ամենաարժեքավոր որակը: «Ես գտնում եմ, որ երբ դու գնում ես դպրոց, դու պիտի քո հոգու մի մասնիկը նվիրես երեխային», – կիսվում է ուսուցչուհին:
Օֆելյա Միխայիլովնան հայտնի է նրանով, որ կարգապահությունը միշտ առկա է իր դասերին, իսկ աշակերտներն էլ ներգրավված են ուսումնական պրոցեսում և ուրախությամբ են սովորում նրա առարկան: Հարցին, թե ինչպե՞ս է իրեն հաջողվում առարկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել դասարանում, ուսուցիչը ժպիտով պատասխանում է. «Փորձում եմ կյանքը կապել մեր իրականության հետ»:
Նա խոստովանում է, որ հաճախ երեխաների իրական բնավորությունը լիովին բացահայտվում է ոչ ֆորմալ միջավայրում, գործուղումներում, զբոսանքներում. Պարզ է դառնում, թե ինչպիսի անձնավորություն է քո առջև: Իր գործունեության տարիների ընթացքում Օֆելյա Միխայիլովնան եզրակացրել է, որ միջակ աշակերտներն իրենց ապագա կյանքում լավագույնս են դրսևորում: Ըստ նրա, մինչդեռ գերազանց աշակերտներն ապավինում են միայն իրենց իսկ գլխին և սպասում են պատրաստի հնարավորությունների, միջակները փնտրում են տարբեր հարթություններ՝ առաջադիմելու համար, նրանք ավելի խորամանկ են: Նա հավատում է, որ բախտը և քրտնաջան աշխատանքը մեծ դեր են խաղում մարդու կյանքում:
Օֆելյա Կրմաջյանի սաները դեռ կապ են պահպանում նրա հետ, պարբերաբար գրում են, այցելում, ինչ-որ մեկը այցի է գալիս Ռուսաստանից: «Նրանք ինձ չեն մոռանում»,- ասում է ուսուցիչը: Օֆելյայի բախտը բերել է նաև ընկերների հարցում: Նա և իր ընկերներուհիները կարողացել են երիտասարդ տարիքից պահպանել ամուր բարեկամական թելերը, կանայք դեռ հանդիպում են միմյանց, զանգում և տեսակցում միմյանց:
Եվ վերջում, ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհին երիտասարդ սերնդին մաղթանք ուղղեց.
«Բոլորին մաղթում եմ, որ նրանք կարողանան ընկերներություն անել և սիրել միմյանց, բարիք սփռել այս աշխարհում: Այս արժեքները ցավոք կորչում են… Ես ուզում եմ շրջանավարտներիս մաղթել ամենալավն ու լուսավորը, որպեսզի հաջողությունն ու սերը երբեք չթողնեն նրանց: Ես մաղթում եմ իմ գործընկերներին ստեղծագործական հաջողություններ, իսկ իմ սիրելի դպրոցին բարգավաճում»:
Ամալյա Բաբայան