Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Գուրի Եթերի հայրենի գյուղում 8-րդ անգամ անցկացվեց բանաստեղծի պոեզիայի օրը։
Բանաստեղծի հիշատակին նվիրված միջոցառումը կազմակերպել էին նրա կինը և դուստրերը։ Միջոցառմանը ներկա էին նրանց ընտանիքի ընկերները, բարեկամները, աշուղ Ալիք Ջավախքը, քաղաքապետի երկրորդ տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովը և այլոք։
Միջոցառման սկզբում ներկաներն այցելեցին բանաստեղծի գերեզմանին հարգանքի տուրք մատուցելու։ Տուրցխ գյուղի եկեղեցու հոգևոր հովիվ Անդրեյ Յանիցկին կատարեց հոգեհանգստյան կարգ։ Գերեզմանին լցրին Կարսից բերած հող, որը հատուկ բանաստեղծի գերեզմանի համար բերել էր Գուրի Եթերի ընտանիքի բարեկամը՝ Երեւանից, ինչպես նաև Աշուղ Ալիք Ջավախքը Հունաստանից օրհնված ջուր էր բերել, որը նույնպես լցրին բանաստեղծի գերեզմանին։
Այնուհետեւ բանաստեղծի տան բակում սկսվեց նրան նվիրված միջոցառումը։ Հնչեցին բանաստեղծի ստեղծագործությունները հենց իր աղջիկների շուրթերից։
«Այսօր Գուրի Եթերի թանգարանում նշում ենք նրա պոեզիայի 8-րդ տարին։ Հույս ունեմ, որ պետք է կարողանանք 2023 թվականի օգոստոսի վերջին կիրակին բացել նաեւ տուն-թանգարանը։ Նաև մեծ հույս ունեմ, որ այս տարի կկարողանանք տպագրել «Աբգար Արքա» գիրքը, որն արդեն սրբագրված է, ապա «Սեւ աղվեսը», սակայն մեր համար առաջնայինը տուն-թանգարանի բացումն է։ Որպեսզի մարդիկ գան, տեսնեն, իմանան բանաստեղծին։ Դրսի հայրերն ավելի շատ են կարդում Գուրի Եթեր, ուզում եմ, որ բոլորը կարդան, քանի որ ի վերջո արվեստն է փրկելու աշխարհը», – ասաց բանաստեղծի կինը, գրող, հրապարակախոս՝ Սիլվա Սիփանուհին։
Տան այն սենյակը, որտեղ էլ պետք է լինի բանաստեղծի թանգարանը նրա ձեռքերով պատրաստած գրասեղանն է տեղադրված, մահճակալը, նկարները, գրքերը, և բանաստեղծի այլ իրեր։
Գուրի Եթեր Ավետիսյանը ծնվել է 1951 թվականին Մախարաձեի Շրոմ գյուղում: Գուրին 5 տարեկան հասակում, իր ընտանիքի հետ միասին, տեղափոխվում է Տուրցխ գյուղ և ողջ կյանքն ապրում այստեղ:
Նա սկսել է ստեղծագործել վաղ տարիքում, իր սերը հայրենիքի և հարազատների նկատմամբ բանաստեղծը փոխանցել է բանաստեղծությունների միջոցով: 7 գրքի հեղինակ է, գրել է՝ և արձակ, և պոեզիա: Բանաստեղծի պոեզիայի ավելի քան 10 ժողովածուներ սպասում են իրենց հրապարակմանը:
Գուրի Եթեր Ավետիսյանը մահացել է 2015 թվականի հունվարի 2-ին, թաղված է իր հայրենի գյուղում: