Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն, երեկ՝ մարտի 30-ին, ընդունեց Վերահսկիչ ծառայության կողմից շինարարության վերահսկողության վերաբերյալ վարչաիրավական ակտ։
Պատգամավորները հաստատեցին ակտ, համաձայն որի քաղաքապետարանի Վերահսկիչ ծառայության աշխատակիցները պարտավոր են ամիսը մեկ անգամ ստուգել Ախալքալաքի մունիցիպալիտետում քաղաքապետարանաի թույլտվությամբ իրականացվող շինարարական աշխատանքները։ Նախկինում հիմնականում ստուգում էին շինարարությունը շահագործման հանձնելու ժամանակ, իսկ ընթացքում՝ մեկ-երկու անգամ, կոնկրետ ժամանակացույց չկար, իսկ հիմա, ըստ փոփոխությունների, պետք է ստուգեն ամեն ամիս։
Սույն ակտը վերաբերում է այն շինարարական աշխատանքներին, որոնց իրականացման թույլտվությունը տվել է քաղաքապետարանը, դրանք կարող են լինել մասնավոր և մրցույթի միջոցով իրականացվող շինարարություններ։ Հրամանագիրը չի տարածվում պետական ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների վրա։