Ախալքալաքի սպասարկման կենտրոնը, գյուղերից աղբահանության համար, 48 նոր երկաթե աղբարկղեր է պատվիրում: Նախնական տեղեկատվության համաձայն, այդ աղբարկղերը տեղադրվելու են երեք գյուղերում:
Ախալքալաքի մունիցիպալիտետն արդեն հայտարարել է 48 երկաթյա աղբարկղի պատրաստման համար տենեդեր: Մրցույթը հայտարարվել է հունիսի 18-ին: Հայտերի վերջնաժամկետը հունիսի 27-ն է: 0.5 խորանարդ մետրանոց 48 մետաղական աղբարկղերի արտադրության համար մունիցիպալիտետը հատկացրել է 22 881 լարի: Կատարողը պետք է աղբարկղերը պատրաստի ըստ մրցույթի փաստաթղթերում ներկայացված գծագրի:
Նոր երկաթե աղբարկղերը կտեղադրվեն գյուղերում:
Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի խոսքով, նրանք ունեին երկաթյա աղբարկղերի համար նախատեսված ազատ աղբատար մեքենա, այդ պատճառով էլ որոշեցին այդպիսի աղբարկղեր պատվիրել:
«Դրանք կպատրաստվեն երկաթից, այնպիսին ինչպիսին արդեն տեղադրված են Խուլգումոյում, Կուլիկամում, Բավրայում: Մենք ունեինք ազատ աղբատար մեքենա և որպեսզի այն աշխատեր որոշեցինք այդպիսի աղբարկղեր պատվիրել», – ասում է Արմեն Բիչախչյանը:
Նախնական տվյալներով նոր աղբարկղերը տեղադրվելու են Մուրջախեթ, Կորխ, Թոթխամ գյուղերում: Որ գյուղում որքան կտեղադրվի կախված է գյուղի բնակչության քանակից:
«Մեքենան կարող է սպասարկել 50 աղբարկղ, եթե յուրաքանչյուր գյուղում մենք 15 աղբարկղ տեղադրենք, ապա կարող ենք սպասարկել 3-4 գյուղերի: Մենք ապագայում նաեւ մտադիր ենք Բեժանո գյուղում տեղադրել 0.8 խորանարդ մետր ծավալով աղբարկղեր: Մենք կգնենք աղբահան մեքենա աղբարկղերի հետ միասին», – ասում է Արմեն Բիչախչյանը:
Շուշան Շիրինյան