Բոլորովին վերջերս գրանցվեց «Ախալքալաքի կարտոֆիլ» բրենդը: Ի՞նչ է իրենից ներկայացնում «Ախալքալաքի կարտոֆիլ» ապրանքանիշը, ինչ հնարավորություն կտա այն մեր գյուղատնտեսներին:

Ջավախքում մարդկանց զբաղվածության ամենամեծ տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը: Սա Վրաստանի միակ շրջանն է, որը կայուն և մեծ քանակությամբ կարտոֆիլ է արտադրում: Սակայն մինչ օրս Ախալքալաքում մշակվող կարտոֆիլը շուկա էր դուրս գալիս առանց համապատասխան ապրանքանիշի:

Առաջին անգամ Ջավախքում բրենդ գրանցվեց, մեր կարտոֆիլը շուկայում կհայտնվի արդեն «Ախալքալաքի կարտոֆիլ» ապրանքանիշով: Երկու տարի է պահանջվել բրենդը գրանցելու համար: Կարտոֆիլի բրենդավորումը իրականացրել է «Ախալքալաքի կարտոֆիլ» ասոցիացիան: Սպեցիֆիկ առանձնահատկությունները գրելու ժամանակ հաշվի է առնվել միջազգային փորձը:

«Հաշվի ենք առել հյուսիսային Իտալիայի և հյուսիսային Իսպանիայի նմանօրինակ ասոցիացիաների փորձը: Ի՞նչ բրենդներ կան և այլն, այսինքն մաքսիմալ վերամշակվել է, հարմարեցվել մեր աշխարհագրական դիրքին, բնակլիմայական պայմաններին, որի հիման վրա ստեղծվել է սպեցիֆիկացիա և ապրանքանիշը գրանցելու հայտ ենք ներկայացրել: Մենք նոր հեծանիվ չենք հայտնագործել», – ասաց ասոցիացիայի նախագահ Մախարե Մացուկատովը:

Հարկ է նշել, որ սպեցիֆիկացիան նշանակում է արտադրանքի տեխնիկական բնութագրերը՝ անվանումը, որակը, նյութը, կշիռը, չափերը ֆիզիկական և քիմիական բաղադրիչները և այլն:

Մախարե Մացուկատովը համարում է, որ կարտոֆիլի բրենդավորումը նպաստում է նաև գյուղատնտեսության զարգացմանը:

«Բոլորը գնում են միավորման, այսինքն միասին են աշխատում, միասին են արտադրում և մի անվան տակ շուկա հանդես գալիս: Փորձը ցույց է տալիս որ մթերքի անվանումն ամբողջ աշխարհում 2,23 անգամ ավելի թանկ է վաճառվում: Հիմա կարտոֆիլը 35 թեթրիի է վաճառվում, իսկ բրենդի անվան տակ՝ 60-65 թեթրիով: Միաժամանակ բրենդը ֆերմերներին հնարավորություն է տալիս հեշտությամբ շուկա գտնել», – ասաց Մախարե Մացուկատովը:

brend

«Ախալքալաքի կարտոֆիլ» բրենդը կարող են օգտագործել բոլոր այն ֆերմերները, որոնք Ջավախքում են մշակում կարտոֆիլը, գրանցվում են բրենդավորման համար ասոցիացիայի մոտ և պահպանում ասոցիացիայի կողմից սահմանված սպեցիֆիկաները: Այս կազմակերպությունը ամբողջ տարին հետևում է գրանցված հողագործների աշխատանքին, հողը վարելուց մինչև բերքի վաճառքը, նաև օգնում է մշակման հարցում խորհրդատվությամբ:

Ախալքալաքի կարտոֆիլի ասոցիացիան ձգտում է, որ Ախալքալաքի կարտոֆիլը առանձնահատուկ հեղինակություն դառնա: Կազմակերպությունը նոր ծրագրի է սկսում, որը կոչվում է՝ «Սկզբից մինչև վաճառք»:

«Ամբողջ տարին ֆերմերներին օգնելու ենք, հետևելու, որ վերջում միասնական շուկա դուրս գանք: Սկսած հողի մշակումից: 25 ֆերմեր արդեն գրանցվել են, 8 կոոպերատիվ հետաքրքրվել են: Այս ամենը կամաց-կամաց տանում է միավորման: Ցավոք մեր ֆերմերները իրար մրցակցող են համարում, իսկ եթե լավ նայենք, մենք իրար կոնկուրենտ չենք, այլ գործընկերներ, և պետք է մի անվան տակ շուկա դուրս գանք: Ախալքալաքում այսօր դժվար է ծախել կարտոֆիլը, որովհետև չկա միասնական մոտեցում», – ասաց նա:

Նոր գրանցված «Ախալքալաքի կարտոֆիլ» բրենդը մեր ֆերմերներին հնարավորություն կտա օրենսդրորեն պահպանել սեփական իրավունքները: Երբեմն Թուրքիայից ներկրված կարտոֆիլը Թբիլիսիի գյուղատնտեսական շուկաներում է հայտնվում «Ախալքալաքի կարտոֆիլ» անվան տակ: Շուկայում մեշոկով կարտոֆիլի վրա գրած է Ախալքալաք: Ամբողջ Վրաստանում և նրա սահմաններից դուրս Ախալքալաքի կարտոֆիլը հայտնի է համային ու որակական առանձնահատկություններով:

Գրանցված կարտոֆիլի բրենդը օրենսդրական իրավունք է տալիս պաշտպանել սեփական իրավունքները և ինչու ոչ՝ փոխհատուցում պահանջել:

Արդեն բրենդավորված «Ախալքալաքի կարտոֆիլի» տակ կարող է վաճառվել միայն այն կարտոֆիլը, որը հատուկ տեխնոլոգիական մշակում է անցնում, ստուգվում է քիմիական բաղադրությունը, ֆիզիկանան չափորոշիչները, ինչպես նաև կարտոֆիլի արտաքին տեսքը պետք է ներկայանալի լինի:

Աղունիկ Այվազյան