Անհատ ձեռնարկատեր Կարեն Սիմոնյանն Ախալքալաքում զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ։ Նա հոգացել է, որ իր արտադրած կաթնամթերքը համապատասխանի եվրոպական չափանիշներին, սակայն առայժմ չի մտածում իր արտադրանքն արտերկիր արտահանելու մասին։
Կարեն Սիմոնյանը 15 տարի է զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ։ Նա, արտադրության ընդլայնման համար, Եվրոպական միության LAG-ի (Տեղական զարգացման խումբ) մրցույթի շրջանակներում, ստացել է դրամաշնորհ։ 2019 թվականին 119 000 լարիի չափով նախագիծ է շահել, որից 68 600-ը դրամաշնորհն է, մնացածը՝ ինքնաֆինանսավորումը։ Նախագծով կառուցվել է պինդ, դարակների վրա հասունացող պանիրների պահպանման և հասունացման նոր շենք, պատրաստվել է փաթեթավորում, ձեռք է բերվել մթերքի փոխադրման երկու մեքենա։
Հիմա Ախալքալաքի մունիցիպալիտետում կովերի բարձր կաթնատվության սեզոնն է։ Այս սեզոնը տևում է մայիսից մինչև սեպտեմբեր: Ախալքալաքում պանիր և կաթնամթերք արտադրողներն այս օրերին աշխատանքային եռուզեռի մեջ են: Նրանք փորձում են հնարավորինս շատ կաթ վերամշակել, հնարավորինս շատ պանիր պատրաստել։
Պանրի արտադրության համար Կարեն Սիմոնյանը կաթը գնում է Ախալքալաքի շրջանի Հոկամ, Բուղաշեն, Ափնիա, Սուլդա, Կումուրդո (Գումբուրդո), Ալաթուման գյուղերից։ Մեկ լիտր կաթի համար վճարում է 1,50 լարի։ Սիմոնյանի պանրի գործարանն ամեն օր արտադրում է 600 կգ պանիր։ 8,5 լիտր կաթից ստացվում է մոտ 1 կգ պանիր։
Կարեն Սիմոնյանի խոսքով, այս տարի կաթը թանկ են գնում, և համապատասխանաբար, իրենք էլ թանկացրել են պանիրը, որի 1 կգ-ը վաճառում են 14,5-15 լարիով։ Ձմռանը կաթը գնում են հիմնականում խոշոր ֆերմերներից, մանր ֆերմերները ձմռանը հազիվ են իրենց տան պահանջարկը հոգում ու դադարում են կաթ վաճառել։
«Օրական 6-ից 7 տոննա կաթ ենք ստանում: Մենք այդ ընթացքում նաև պանիր ենք վաճառում, բայց հիմնականում պահում ենք հետագա վաճառքի համար: Սովորական պանիրից բացի պատրաստում ենք «Լոռի» և «Գաուդա» պանրատեսակները, դրանք դարակների վրա չորանում են, չոր տեսակի պանիրներ են։ Մենք այս պանիրների արտադրության համար դրամաշնորհ ենք գրել ու շատ գոհ ենք: Մենք հասել ենք մեր նպատակին»,- ասում է Կարեն Սիմոնյանը։
Ձեռնարկատերն արտադրված պանիրը վաճառում է Վրաստանում և դեռ չի մտածում իր ապրանքը արտասահման արտահանելու մասին, թեև նրանց արտադրանքը համապատասխանում է HACCP-ին (Hazard Analysis and Critical Control Point), որը թույլ է տալիս արտադրանքն արտահանել։
Վրաստանում 2021 թվականի հունիսի 1-ից պարտադիր է դարձել HACCP-ի սկզբունքը (Hazard Analysis and Critical Control Point) բիզնես օպերատորների համար, որոնք արտադրում կամ վերամշակում են սննդամթերք մանրածախ առևտրի կետերում:
«Մեր HACCP-ը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին, բայց ես չեմ հետաքրքրվել, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ արտահանման համար, դա դեռ ինձ պետք չէ, վրացական շուկան ինձ առայժմ բավարարում է: Արտահանելու համար ինձ օգնող է պետք, ես արտադրող եմ, ես չեմ կարող զուգահեռաբար զբաղվել և արտադրությամբ, և արտահանմամբ»,- ասում է Կարեն Սիմոնյանը։
Վերջինս հավելում է, որ եթե ինչ-որ մեկը զբաղվեր արտահանմամբ, ապա ինքը հաճույքով կհամագործակցեր նրա հետ, քանի որ այդ բիզնեսը ժամանակ է պահանջում, իսկ ինքը ազատ ժամանակ չունի։
15 տարվա արտադրության ընթացքում Կարեն Սիմոնյանի մոտ, ըստ նրա, շատ բան է փոխվել, մեծ առաջընթաց կա, նա փորձում է հետ չմնալ ժամանակակից տենդենցներից։ Քաղաքում և Վրաստանում, ըստ Կարենի, իրենց արտադրության նկատմամբ մեծ պահանջարկ կա, ուստի իրացման նոր շուկաների մասին դեռ չեն մտածում։ Բայց բացառված չէ, որ սկսեն մտածել իրենց արտադրանքն արտահանելու մասին, բայց դա Ախալքալաքի պանրարտադրության մեջ այլ դարաշրջան կլինի։