Ախալքալաքի քաղաքապետարանի գյուղերում հունվարի 21-ից սկսվեց տնային տնտեսությունների հետազոտությունները: Այս տարի քաղաքապետարանում, ընտրովի կերպով, հետազոտվում են 250 տնային տնտեսություն:

Տնային տնտեսությունների ընտրովի հետազոտությունները իրականացնում է Վրաստանի վիճակագրության ազգային գործակալությունը: Տարվա ընթացքում 6 աշխատակիցներ անցնում են գյուղերով և հարցաքննում գործակալության կողմից ընտրված տնտեսություններին: Տնտեսությունների հարցումները կիրականացվեն տարվա ընթացքում 5 անգամ: Յուրաքանչյուր հարցմանը կընդգրկվեն նույն տնտեսությունները: Տնային տնտեսությունների ընտրությունը իրականացվել է երկու փուլով, առաջին փուլում ընտրվել են գյուղերը, ապա՝ այդ գյուղերի տնտեսությունները:

Տարվա ընթացքում Վրաստանի վիճակագրական գործակալության աշխատակիցները պետք է հաշվեն, թե որքան հող են մշակում, որքան բերք են ստանում, ինչպիսի և ինչքան պարարտանյութ են օգտագործում տնտեսությունում, ով որքան անասուն ունի, ինչքան է ձեռք բերել, քանիսն են սատկել, և կա արդյոք անասունների թվի աճ, ինչպես նաև այլ տվյալներ տնտեսության մասին:

Ախալքալաքի քաղաքապետարանում գործակալության յուրաքանչյուր 6 աշխատակից աշխատում է 41- 43 տնտեսության հետ: Ուսումնասիրության ընդհանուր ծրագիրը կտևի 6 տարի ու ամեն տարի կլինի նոր տնտեսությունների ընտրություն:

Նմանատիպ վիճակագրություն հավաքվել է նաև 2010 թվականին:

Շուշան Շիրինյան