Ախալքալաքի կարտոֆիլը դարձյալ չի վաճառվում ու այն էժանացել է: Ներկայումս վաճառվում է սերմացու կարտոֆիլը: Ֆերմերները հույս ունեն, որ իրենց, այնուամենայնիվ, կհաջողվի կարտոֆիլը վաճառել մինչև ցանքսի սկսվելը։

Ախալքալաքի մունիցիպալիտետում կրկին արդիական է դարձել կարտոֆիլի իրացման հարցը։ Կարտոֆիլը չի վաճառվում, գնորդներ չկան, գինն ընկել է: Գյուղերում ֆերմերները գնորդների սպասման մեջ են: Ինչքան գյուղը կենտրոնից հեռու է, այդքան կարտոֆիլի իրացման հետ կապված իրավիճակը բարդանում է։

Ագանա գյուղից գյուղատնտես, ֆերմեր Արշալույս Գալստյանը կարծում է, որ շուկայի հիմնական սկզբունքը պահպանված չէ, կարտոֆիլի շուկայում ավելի շատ առաջարկ կա, քան պահանջարկ։ Այս սկզբունքի պահպանումը կախված է բազմաթիվ սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոններից։

«Ագանան քաղաքից հեռու գյուղ է, մինչև քաղաքին մոտ գյուղերը չվաճառեն, գնորդները մեզ մոտ չեն բարձրանա, մեր գյուղում կարտոֆիլը շատ է: Ֆերմերները հույս ունեն, որ մինչև հունիս կվաճառեն»,- ասում է Արշալույս Գալստյանը։

Նշենք նաև, որ քաղաքին մոտ գյուղերը ևս կանգնած են իրացման խնդրի առջև, գնորդները քիչ են։ Ամանորից հետո՝ փետրվարի սկզբին, երկու շաբաթ նկատվում էր Ախալքալաքի կարտոֆիլ գնող վերավաճառողների ակտիվությունը, սակայն ակտիվությունը երկար չտեւեց։ Հիմա քիչ թե շատ սերմացու կարտոֆիլն է վաճառվում։

Դիլիսկա գյուղից Հովհաննես Գաբրիելյանն ասում է, որ մոտավոր հաշվարկներով իրենց գյուղում կա 3000 տոննա կարտոֆիլ։

«Օրը 1-2 գնորդ է գալիս, իսկ դա քիչ է, եթե օրական 10 մեքենա էլ գա, միևնույն է, չենք հասցնի վաճառել մինչև նոր սեզոնի սկսվելը: Հիմա սերմացու կարտոֆիլ վաճառելու սեզոնն է, այդ կարտոֆիլից քիչ ունեինք, արդեն վաճառվել ենք, բայց շատ ցածր գնով՝ մեկ կիլոգրամը 50-60 թեթրիով»,- ասում է Հովհաննես Գաբրիելյանը։

Ալաստան գյուղից Սիմոն Մանանյանը պատմում է, որ իրենց գյուղում նույնպես մեծ քանակությամբ կարտոֆիլ է մնացել: Նա կարծում է, որ կարտոֆիլը գարնանը վաճառքի թողնելը վատ սովորություն է։

«Կարտոֆիլը քաշը կորցնում է, մի մասը մինչև գարուն փչանում է, սակայն, միևնույն է, պահում ենք: Ես դեռ մոտ 20 տոննա կարտոֆիլ ունեմ: Արդեն ցանքսի ժամանակն է գալիս, բայց հինը դեռ վաճառված չէ: Մենք թողնում ենք, որ վաճառենք և ծածկենք պարարտանյութի, հողի մշակման ծախսերը: Հիմա սերմացուն է վաճառվում և շատ էժան»,- ասում է Սիմոն Մանանյանը։

Օլավերդ գյուղում ֆերմերները սկսել են ավելի քիչ կարտոֆիլ աճեցնել, քան դա անում էին նախկինում, գերադասում են ավելի քիչ կարտոֆիլ ցանել և ավելի շատ զբաղվել անասնապահությամբ։

Գրեթե ամեն տարի Ախալքալաքում արդիական է դառնում կարտոֆիլի իրացման խնդիրը, սակայն այս խնդրի պատճառներն ու հնարավոր լուծումները դեռ մշակված չեն։

Ախալքալաքի կարտոֆիլի գինն իջել է

Ախալքալաքի կարտոֆիլի գինն ու պահանջարկն աճում են, սակայն…