Վրաստանի Գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան Սամցխե-Ջավախք տարածաշրջան այցի ընթացքում եղավ Ախալքալաքում:
Մարտի 10-ին, օրվա երկրորդ կեսին Գյուղատնտեսության նախարարը հասավ Ախալքալաք:
Նախարարի խոսքերով Վրաստանի կառավարության առաջնահերթ ուղղություններից է գյուղատնտեսությունը: Նախարարն իր աշխատակիցների հետ միասին եկել էր տեղում տեսնելու, թե ինչպես են աշխատում գյուղատնտեսության տարբեր ճյուղերը: Այդ թվում լաբորատորիաները, վերահսկման մեխանիզմները, մելիորացիան, մեխանիզացիան և այլն:
-”Նաև տեսնել, թե ինչպես են աշխատում մեր կողմից ֆինանսավորված արտադրությունները: Իհարկե, անհրաժեշտ է էլ ավելի մեծ աջակցություն, որպեսի շատանան արտադրամասերը”, – ասաց Օթար Դանելիան:
Գյուղատնտեսության նախարարն Ախալքալաքում եղավ կաթի վերամշակման այն արտադրամասերում, որոնք պետական վարկ են ստացել:
-”Շատ լավ արդյունք է: Կա բարձրորակ պանիր, որն արդեն արտահանում ենք: Սա շատ կարևոր խթան է տնտեսությանը, և լավ արդյունքի է հանգեցնում”,- նշեց նախարարը:
Նրա խոսքերով շատ կարևոր է, որ Վրաստանում շատ լինեն կաթի վերամշակման նման կետեր:
Նախարարը եղավ Մաքսիմ Գիլոյանի կաթի վերամշակման արտադրամասում: Վերջինս 45 հազար դոլար 3% տոկոսադրույքով և 7 տարի մարման ժամկետով վարկ է վերցրել պետությունից:
Գիլոյանի խոսքերով վարկով վերցրած ամբողջ գումարը ծախսել է սարքավորումների և շենքի կառուցման վրա:
– ”Ամեն ինչ լավ է, վատն այն է, որ դոլարը թանկացավ: Սակայն դա չազդեց մեր արտադրանքի արժեքի վրա: Մեր պանիրը չի թանկացել”,- ասում է Մաքսիմ Գիլոյանը:
Գյուղատնտեսության նախարարությունն այս տարի տարածաշրջանում սկսում է նոր նախագիծ այգեգործության ոլորտում: 70 % սուբսիդավորում կստանան տնկիների ձեռք բերման և 50% պահեստի կազմակերպման համար:
Շուշան Շիրինյան