Դեռ 2020 թվականից կիսաքանդ վիճակում գտնվող Ջավախեթյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները կսկսվեն եղանակները տաքանալուն պես: Աշխատանքների իրականացման էլեկտրոնային մրցույթը հաղթած «ՋավախԱվտոԳզա» ընկերության հետ 2022 թվականին կնքված պայմանագիրն ուժի մեջ է։

Այս փողոցը պետք է ասֆալտապատվեր դեռևս Ախալցիխե-Ախալքալաք մայրուղու ասֆալտապատման ժամանակ, սակայն պարզվեց, որ Ջավախեթյանի ջրատար խողովակները հին են, իսկ կոյուղագիծ ընդհանրապես չկա: Ըստ այդմ էլ կատարվեցին փողոցի ջրագծի և կոյուղագծի անցկացման աշխատանքներ, որից հետո Վրաստանի ճանապարհային վարչությունն ասֆալտապատման համար էլեկտրոնային նոր մրցույթ հայտարարեց, որը հաղթեց «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։ Սակայն ասֆալտապատման աշխատանքներն այդպես էլ 2022 թվականին չսկսվեցին: Մրցույթը շահած ընկերությունը հրաժարվում էր ասֆալտապատել փողոցը՝ պատճառաբանելով, որ ջրատար խողովակներն ու կոյուղագիծը շատ ծանծաղ է անցկացված: Ի վերջո, երկար քննարկումներից հետո կողմերն ընդհանուր հայտարարի եկան, բայց այդ ժամանակ էլ վրա հասավ ձմեռը, իսկ փողոցը մնաց առանց ասֆալտի:

Հիմա Ախալքալաքի քաղաքապետարանից վստահեցնում են, որ աշխատանքները կմեկնարկեն եղանակային պայմանները բարելավվելուն պես:

«Ինչպես գիտենք Ջավախեթյան փողոցի նորոգման պայմանագիրն ուժի մեջ է, երկարաժամկետ նախագիծ է, և «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը պարտավոր է այս տարի այդ աշխատանքները ավարտին հասցնել: Քանի որ, անցած տարի եղանակային պայմանները թույլ չտվեցին շարունակել, տեղափոխեցինք 2023 թվական և հիմա հենց եղանակը տաքանա, պետք է սկսեն աշխատանքերը», – ասաց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Իսկ «ՋավախԱվտոԳզա» ընկերության գործադիր տնօրեն Նոդար Ինասարիձեն վստահ չէ, որ Ջավախեթյանի ասֆալտապատումն առանց խնդիրների կընթանա։

«Հիմա գարնանը կսկսենք աշխատանքները, ավելի ճիշտ կշարունակենք, բայց ես վստահ չեմ, որ այդտեղ ինչ-որ բան կստացվի, քանի որ գետնի տակ կոմունիկացիան պետք է փոխել, որովհետև բարձր է տեղադրված, սխալ է արված։ Ճանապարհի սկզբի հատվածում նրանք փոխել են, բայց մյուս մասերում նույնն է մնացել։ Երբ սկսենք աշխատանքները կերևա, քանի որ հենց մեծ տեխնիկա է անցնում խողովակները տրաքվում են: Խողովակների վրա ասֆալտ չեն անում, այնտեղ պետք է հիմք լինի, որ ասֆալտը պահի», -ասում է Նոդար Ինասարիձեն։

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝

Շուտով կսկսվեն Ջավախեթյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները

Ջավախեթյան փողոցի ասֆալտապատումը կրկին ձգձգվում է

Կողմերի անհամաձայնության պատճառով տուժում են Ջավախեթյանի բնակիչները

Ջավախեթյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները կմեկնարկեն, բայց․․․