Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը պահանջում է անհապաղ գործողություններ, ընդգծել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատելու նպատակով փետրվարի 17-19-ը Հայաստան այցելած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայաստանյան մոնիթորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա)՝ երեկ տարածած հայտարարության մեջ: Փոխանցում է Azatutyun.am-ը:
«Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն կարող ազատորեն դուրս գալ տարածաշրջանից։ Միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և ռուս խաղաղապահների մեքենաներին է թույլատրվում երթևեկել այդ միջանցքով, ինչը ակնհայտորեն անբավարար է բնակչության կարիքները բավարարելու համար։ Ավելին, կենսականորեն կարևոր է, որ ապրանքները կարողանան ժամանակին հասցվեն ցանքի սեզոնին», – ասված է հայտարարությունում:
Համազեկուցողները, վկայակոչելով 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունը, ընդգծում են՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների ազատ երթևեկությունը պետք է շտապ վերականգնվի:
Անդրադառնալով գազամատակարարման և էլեկտրամատակարարման խափանումներին, ԵԽԽՎ համազեկուցողները նշել են, որ դա հանգեցրել են բնակիչների իրավունքների ոտնահարման. «շատ մարդիկ արդեն կորցրել են իրենց աշխատանքը, իսկ երեխաները զրկվել են կրթությունից, քանի որ դպրոցները ստիպված են եղել փակվել»:
Նրանք հիշեցրել են 2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի հարցով համազեկուցողների հետ իրենց համատեղ հայտարարությունը, որը կոչ էր անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, ինչպես նաև ՄԻԵԴ-ի 2022-ի դեկտեմբերի 21-ի որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցնում է ապահովել ծանր հիվանդների տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ ընդգծելով նաև, որ ի գիտություն են ընդունում Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը, որում ասվում է, որ «Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար»:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, համազեկուցողները կոչ են արել երկու կողմերին առաջ մղել սահմանների սահմանազատման շուրջ քննարկումները և պայմանավորվել սահմանից զորքերի հայելային դուրսբերման շուրջ՝ որպես վստահության ամրապնդման անհապաղ քայլ:
Նրանք նաև ողջունել են սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը` նշելով նախորդ առաքելության զգալի ազդեցությունը լարվածության նվազեցման գործում:
Այցի ընթացքում համազեկուցողները եղել են Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներում, ինչպես նաև Լաչինի միջանցքի մուտքում՝ հայկական կողմից։ Նրանք հանդիպել են տեղի պաշտոնյաներին և Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Գորիսում մնացած Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։