Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը 2024–ի մարտի 30-ից այլևս չեն գործի Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում: Բացառություն կլինի միայն «ՎՏԲ Հայաստան» բանկի (ռուսական ՎՏԲ-ի դուստր ձեռնարկություն) ենթակառուցվածքը, հայտնել է ՎՏԲ Հայաստանի ներկայացուցիչը, տեղեկացնում է ՌԲԿ–ն։
Այդ տեղեկությունը հաստատել է նաև ՌԲԿ–ի աղբյուրը ՌԴ վճարային շուկայում։
«Մարտի 30-ից հաճախորդներն այլևս չեն կարողանա անկանխիկ վճարումներ կատարել POS տերմինալներում և կանխիկացնել գումար հանրապետության այլ բանկերի բանկոմատներից։ Սա ոչ մի կերպ չի ազդի ՎՏԲ (Հայաստան) քարտերի վրա»,- ասել է ՎՏԲ Հայաստանի ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ բանկն ամբողջությամբ շարունակում է «Միր» քարտերի սպասարկումը։
Այժմ «Միր» քարտերն աշխատում են Հայաստանում և ընդունվում տեղական բանկերի կողմից։ Դրանց կիրառման դադարեցման մասին լուրեր նախկինում ևս տարածվել են, սակայն չեն իրականացել։