ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։
Հայաստանը միջազգային դատարանից պահանջել էր պարտավորեցնել Ադրբեջանին բացել արդեն ավելի քան 2 ամիս փակված Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը, ինչպես նաև անհապաղ վերականգնել գազի մատակարարումը։
Դատարանը բավարարել է Հայաստանի ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը և պարտավորեցրել է Ադրբեջանին մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
Հաագայի դատարանը միաձայն մերժել է միջանկյալ միջոց կիրառելու Ադրբեջանի դիմումը։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»: