Ախալքալաքի նախկին թիվ 15 զինվորական ավանի բնակիչները սպասում են, որ պետությունը վերջապես թույլ տա սեփականաշնորհել այն տները, որտեղ իրենք ապրել են տասնամյակներ շարունակ։ Ախալքալաքի քաղաքապետարանի պետգույքի վարչությունն անցած տարվա աշնանից սպասում է այս տների սեփականաշնորհման թույլտվության հայցադիմումի պատասխանին։

Ախալքալաքի նախկին թիվ 15 զինվորական ավանի 3 բազմահարկ շենքերի և 3 «տնակների» բնակիչներ՝ 120 ընտանիք, ապրում են անորոշության մեջ, չեն կարողանում սեփականաշնորհել իրենց տները: Նրանք բազմիցս դիմել են պատկան մարմիններին, նրանց ասում են սպասել, բայց թե որքան՝ չեն ասում։

Անցյալ աշնանն այս բնակիչներն օգնության խնդրանքով դիմել էին Jnews-ի խմբագրություն։

«№15 ավանի» բնակիչներն ապրում են «ոչ իրենց» տներում

Այս՝ Նախկին թիվ 15 զինվորական ավանի տների սեփականաշնորհման հարցով, մենք դիմեցինք Ախալքալաքի Պետական գույքի բաժին։ Այնտեղ մեզ ասացին, որ խնդրի մասին քաջատեղյակ են, քննարկում են, և, որ գործընթացի մանրամասները հայտնի կդառնան առաջիկա օրերին։

Գրեթե հինգ ամիս անց Jnews-ը որոշեց պարզել, թե ինչ փուլում է տվյալ գործընթացը, կա արդյոք առաջխաղացում այս խնդրի լուծման հարցում։

Ինչպես պարզվեց, սեպտեմբերի 29-ին հրապարակված Jnews-ի նյութից հետո իրականացվել է շենքերի գույքագրում՝ սեփականաշնորհման գործընթաց սկսելու նպատակով։

Զինվորական ավանի բնակիչներից մեկն ասում է, որ նորություն չկա, պարզապես քաղաքապետարանի աշխատակիցներն են եկել ու լուսանկարներ արել։

«Աշնանը եկան չափեցին, նկարներ արեցին, կարծեմ ազգանունը Գվարամաձե էր, ու դեռ որևէ նոր բան չկա»,- ասում է թիվ 15 զինվորական ավանի բնակարաններից մեկի բնակիչը։

Վերջինս արդեն 23 տարի է՝ 1999 թվականից ապրում է իր բնակարանում և չի կարողանում սեփականաշնորհել այն։ Բնակիչները որոշ չափով հիասթափվել են, նրանք «արդեն հոգնել են պաշտոնատար անձանց դռները թակելուց»։

Ախալքալաքի քաղաքապետարանի Պետական գույքի բաժնի պետ Թամազ Գվարամաձեն ասում է հետեւյալը.

«Մենք գույքագրում ենք իրականացրել, արդյունքներն ուղարկել ենք, այլեւս ոչինչ չենք կարող անել, իրենք պետք է որոշումը կայացնեն: Մենք սպասում ենք պատասխանին: Ես կարծում եմ անպայման պատասխանը կլինի, սա սոցիալական հարց է, լուծում անպայման պետք է լինի»,- ասաց Թամազ Գվարամաձեն։

Jnews-ը կիրազեկի Ախալքալաքի նախկին թիվ 15 զինվորական ավանի տները սեփականաշնորհելու առթիվ կառավարության որոշման մասին։